Ծառաքար վանք
Ծառաքար վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Կարսի նահանգ |
Տարածաշրջան | Կաղզվան |
Հասցե | Չուքուրավա գյուղ |
Դավանանք | Հայ առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Հիմնականում ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Չունի |
Ճարտարապետական ոճ | Հայկական (ժայռափոր) |
Հիմնադրված | 10-րդ դար Որոշ աղբյուրներում՝ 6-ից 11-րդ դար |
Ծառաքար վանք, ավերված հայկական առաքելական վանքային համալիր Արևմտյան Հայաստանում։ Գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի նահանգի Կաղզվան քաղաքի Չուքուրայվա գյուղից 1.2 կմ արևմուտք՝ ձորակի ձախ կողմում, ծովի մակերևույթից 1949 մ բարձրության վրա[1]։ Վանքի հիմնադրման ստույգ տվյալներ հայտնի չեն։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այն հիմնադրվել է 10-րդ դարում (որոշ աղբյուրներում՝ 6-ից 11-րդ դարերեր)[1][2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում Ծառաքարի վանքից պահպանվել են այն կառույցները, որոնք ժայռափոր են, ըստ այդմ, դժվար կործանելի, իսկ մնացած այն շինությունները, որոնք կառուցված են եղել քարով ու կրով, ժամանակի ընթացքում անհետացվել են։ Այդ իսկ պատճառով ներկա հուշարձանախումբը դիտարկվում է որպես միայն զուտ ժայռափոր համալիր։ Այն կազմված է 1 եկեղեցուց, 6 մատուռներից և օժանդակ այլ շինություններից։ Ժայռազանգվածի ապարները, որոնց մեջ փորվել են վանական շինություններն ու կառույցները, բավականին փուխրն են, այդ իսկ պատճառով դրանց կայունացման ու որմնանկարելու կամ արձանագրություններ փորագրելու նպատակով ժայռափոր որմերը պատեվել են սվաղի շերտով[1]։
Եկեղեցին, որպես ճարտարապետական կառույց, իրենից ներկայացնում է 10.67 x 8.31 մետր ներքին չափերով ոչ մեծ սրահ, որն արևելյան կողմում ունի անկանոն կիսաբոլորակ եզրագծով խորան։ Բեմն աղոթասրահից բարձր է 1.15 մետրով։ Ծածկը պսակված է փոքր-ինչ տձև շրջանի տեսք ունեցող կիսաբոլորակ, գագաթում հավասարաթև խաչի քանդակով պսակված գմբեթարդով, որը գմբեթատակ քառակուսուն է միացած սոսկ դեկորատիվ նշանակություն ունեցող չորս անկյունային տրոմպերով։ Խաչաքանդակն ու գմբեթարդի և տրոմպերի եզրագծերը շեշտված են կարմիր ներկով[1]։
Իր մեծությամբ հաջորդ ժայռափոր շինությունը, որն ունի 4,78 x 3,72 մետր հատակագիծ, գտնվում է գլխավոր եկեղեցու հարավարևմտյան անկյան մոտ։ Մատուռը գրեթե կրկնում է եկեղեցու հորինվածքը, սակայն ավանդական արևելք-արևմուտքի փոխարեն ունի հյուսիս-հարավ ձգվածություն, այսինքն` կիսաբոլորակ խորանը նայում է ոչ թե դեպի արևելք, այլ դեպի հյուսիս։ Արևելքից բացված միակ մուտքով հաղորդակցվում է կից սրահի հետ, իսկ լուսավորությունն ապահովում է հարավից բացված միակ լուսամուտը։ Մատուռի ներքին հարդարանքը նույնպես կրկնում է եկեղեցուն. ունի կարմիր ներկով պատված հավասարաթև խաչի քանդակ գմբեթատակ քառակուսուց տրոմպային անցումով իրականացված կիսաբոլորակ գմբեթարդի կենտրոնում[1]։
Ճարտարապետական յուրահատուկ լուծում ունի մատուռի և եկեղեցու միջանկյալ հատվածում գտնվող և միաժամանակ երկուսի համար էլ նախասրահ ծառայող 3,98 x 2,82 մ չափերով կառույցը, որն առանձնապես աչքի է ընկնում որմերի վերին հատվածների հատվող կիսակամարների վրա հառնած ութանիստ ծածկով։ Այդպիսի ճարտարապետական լուծումը հանդիպում է նաև 9-ից 11-րդ դարերում կառուցված հուշարձաններում, ինչպիսին է՝ Հոռոմոսը։ Սրահի հատակը շարունակական քայքայման հետևանքով ներկայում գրեթե իսպառ ավերվել է։ Ապարները ուժգին քամիների հետևանքով արագորեն քայքայվում են և ավազի տեսքով հոսում ներքև[1]։
Հաջորդ երկու մատուռները, որոնց կարելի է դիտարկել նաև որպես կենտրոնական կառույցի, եկեղեցու համար հյուսիսից բացված ավանդատներն են, որոնք իրենց ճարտարապետական հորինվածքով նման են նախորդ կառույցներին։ Երկուսն էլ եկեղեցու հետ հաղորդակցվում են հարավից բացված մեկական մուտքերով։ Լուսավորությունն իրականացվել է նույն կողմից բացված մեկական լուսամուտների միջոցով[1]։
Ճարտարապետական-հորինվածքային, ինչպես նաև հարդարանքի առումով առավել աչքի է ընկնում արևմտյան կողմի մատուռ-ավանդատունը, որն ունի 3.37 x 1.80 մետր հատակագիծ։ Խորանն աղոթասրահից բարձր է 68 սմ, իսկ ժայռափոր սեղանը՝ խորանի հատակից 1.10 մ։ Գրեթե բոլոր լուծումներով եկեղեցու և հարավարևմտյան մատուռի հորինվածքները կրկնող կառույցի կիսաբոլորակ գմբեթարդն այս դեպքում հարթ է, չունի ծավալով առանձնացած և այդ կերպ ընդգծված խաչաքանդակ։ Գմբեթարդը զարդարվել է ներկանկար հավասարաթև պարզ խաչապատկերով[1]։
Արևելյան կողմի 4,06 x 2,21 մ հատակագծով մատուռ-ավանդատունը, նախորդի համեմատ փոքր-ինչ ընդարձակ է, որի ծածկին տրվել է ավելի պարզ լուծումներ։ Մասնավորապես, գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթարդին իրականացված է առանց դեկորատիվ տրոմպային համակարգի։ Նախորդի նման այստեղ ևս վեմ սեղանը ձուլված է գլխավոր ժայռազանգվածին։ Խորանի բարձրությունը աղոթասրահի մակարդակից 82 սմ է, իսկ սեղանը խորանից բարձր է 1 մ-ով։ Աղոթասրահի նույնիսկ վիմակերտ հատակը ենթարկվել է գանձագողերի հարձակման, որի հետևանքով ներկայում տեղում գոյացել է փոս[1]։
Վանական համալիրի հաջորդ ժայռակերտ հուշարձանը եկեղեցու խորանի հարավային կողմին մոտ տեղադրված մատուռն է, որը նախորդների նման ևս միաժամանակ կարելի է համարել նաև որպես եկեղեցու` թվով արդեն երրորդ ավանդատունը։ Չափերով մոտ է նախորդ մատուռ-ավանդատներին (3.95 x 1.99 մ)։ Ունի հյուսիսից բացված դուռ, որը տանում է դեպի եկեղեցու խորան, իսկ ներկայում գրեթե իսպառ քայքայված հարավային մուտքի միջոցով ապահովվում է հաղորդակցությունը ստորգետնյա մի հոր ունեցող միջանկյալ փոքր սրահով եկեղեցու կամ հարավարևմտյան մատուռի հորինվածքն ավելի փոքր չափերով կրկնած հերթական, այն է` մեծ մասամբ դարավոր հողմահարության հետևանքով արդեն քայքայված վեցերորդ մատուռի հետ[1]։
Ընդհանուր հատկանիշներով նախորդ հորինվածքները կրկնում է նաև համալիրի արևելյան կողմի վերջում փոքր-ինչ առանձնակի դիրք ունեցող յոթերորդ մատուռը, որն ունի 3.16 x 2.42 մ չափեր։ Վերջինս հատակագծում կիսաշրջան խորանի մեջ նույնպես ունի մայր ժայռին ձուլված սեղանի վեմ քար, իսկ աղոթասրահի վերևում` պարզ հորինվածքով առանց խաչի պատկերի կիսաբոլորակ գմբեթարդ։ Այս մատուռը ներքուստ նույնպես սվաղված է եղել, որի խորանի կորության մեջ պահպանվել է 19-րդ դարի վերջին թողնված մի ուխտավոր այցելուի հիշատակագրություն[1]։
Վանքի վերը նշված հիմնական կառույցներից փոքր-ինչ հեռու` ժայռապարի արևմտահայաց ստորոտին` հատակի մակարդակով բնահողին հավասար դիրքում կիսաբնական անձավի մեջ փորված է համեմատաբար մեծ, սակայն անկանոն հատակագծով մի սրահ, որն ունի 2-2.5 մ բարձրություն։ Առաստաղին դարձյալ առկա է հավասարաթև խաչի քանդակով հարդարված կիսաբոլորակ գմբեթարդ։ Ի տարբերություն մնացած կառույցների` այն միակ վիմափոր շինությունն է, որ շրջապատի նկատմամբ ունի ազատ հաղորդակցություն։ Անձավ-սրահի ներսում նշմարվում է աստծուց ողորմություն հայցող անանուն հեղինակի երկտող հիշատակագրությունը[1]։
Ծառաքարի վանքի շինությունների պատերին պահպանվել են մի շարք արձանագրություններ, որոնք արժեքավոր տեղեկատվություն են հաղորդում վանքի պատմության մասին։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Ծառաքարի վանքն ունեցել է հարուստ պատմական անցյալ, այնուամենայնվիվ այն մինչև վերջերս չի ոչ միայն մասնագետների, այլ նաև տեղագիր մատենագիրների ուշադրությանը։ Միայն 1999 թվականին ՀՃՈՒ կազմակերպության կողմից հովանավորված շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմը առաջին անգամ ուսումնասիրություններ է կատարում վանքում։ Նա լուսանկարում և սխեմատիկ չափագրում է վանքի հատակագիծը։ Այնուհետև հնավայր է այցելում ճապոնացի երկրաշարժագետ Շիրո Սասանոն։ Նրա կողմից նկարված վանքի մի քանի լուսանկարները փոքրիկ ուսումնասիրության հետ հրատարակվում են 2009 թվականին։ Այսպիսով երկու հեղինակները միմյանցից անկախ հայտնագործում և գիտական շրջանակներին առաջին անգամ իրազեկում են նորահայտ վիմափոր վանքի գոյության մասին, սակայն չկարողանալով պարզել հնավայրի պատմական անունը` վանքը կոչում են մերձակա, ներկայումս քրդաբնակ գյուղի անունով[1][3]։
Նշված ուսումնասիրություններից հետո վանական համալիրի հետազոտական ծրագիրը ընդգրկվում է ՀՃՈՒ կազմակերպության գիտարշավի ուղեգծի շրջանակներում, որի արդյունքում տրվում են մի շարք հարցերի պատասխաններ։ Նախ վանքի պահպանված միակ եկեղեցու արևմտյան և հյուսիսային որմերին առկա վիմագիր արձանագրություններից հայտնի է դառնում վանքի` 10-րդ դարում կառուցված լինելու հանգամանքը, իսկ սկզբնաղբյուրների ուսումնասիրությունն էլ հստակեցնում է, որ նորահայտ վիմափոր հուշարձանախումբը միջնադարյան աղբյուրներում վկայված, սակայն տեղադրությամբ անհայտ մնացած Ծառաքարի վանքն է։
ՀՃՈՒԿ-ի կատարած ուսումնասիրություն արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության վերլուծությունը, նորահայտ վանքը Ծառաքարի հետ նույնացնելու հիմքերն և ապացույցները։ Հայտնի է, որ Ծառաքարը միջնադարյան Հայաստանի հռչակավոր վանական այն համալիրներից էր, որը դարեր անց կորցրել էր իր նախկին փառքն ու նշանակությունը և մոռացության էր մատնվել այն աստիճան, որ արդեն մեր օրերում անորոշ էր նաև վանքի տեղադրությունը՝ չանայած այն հանգամանքին, որ դեռևս 19-րդ դարի վերջերին Ղևոնդ Ալիշանը սկզբնաղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա արդեն բավականաչափ որոշակի մատնանշել էր վանքի հնարավոր տեղադրության սահմանները, որին հետևել էր գրեթե նույնը կրկնած Ս. Էփրիկյանը։ Ավելի ուշ, սակայն, վանքի տեղադրության խնդրում եղած հստակությունն էլ ավելի էր անհասկանալի դարձել, քանի որ շրջանառության մեջ էր դրվել վանքի` Անիի մոտակայքում գտնված լինելու հնարավոր տարբերակը ևս։ Առկա անորոշությունը փոքրինչ հստակեցնելու հարցում օգնում է 1656 թվականին ստեղծված Աշխարհացույցի հիշատակարանը, որտեղ նշված է. «...գաւառն Գաբեղենից և բերդն Կապուտ, որ կոչի Արտագերեից, անդ է և Կեչրաւր քաղաքն և Ծառաքարի վիմափորի վանքն, ուր կա գերեզման Կէչառեցի Խաչատուր վարդապետին...»: Սույն վկայությունը միանգամից պարզում է հույժ կարևոր երկու խնդիր. նախ որ Ծառաքարի վանքը վիմափոր էր և երկրորդ, ըստ ամենայնի, գտնվում էր Կեչրոր քաղաքից ոչ հեռու։ Ինչ վերաբերում է 13-14-րդ դարերում ապրած տաղերգու և կրթական գործիչ Խաչատուր Կեչառեցու գերեզմանի` Ծառաքարի վանքում գտնվելու հիշատակությանը, ապա այն անուղղակի կերպով օգնում է հավելյալ մի վկայությամբ ևս համոզվելու, որ Ծառաքարի վանքն իրոք գտնվում էր Կեչրոր բերդաքաղաքի մոտ։ Խոսքը վերաբերում է Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի` 1691 թվականին կազմած քարտեզում առկա հետևյալ հիշատակությանը. «Բասենոյ սահմանակից Կէչրօր քաղաք եւ գերեզման Խաչատրոյ վարդապետի»։ Ճիշտ է, այս վկայության մեջ Ծառաքարի վանքի անվան ուղղակի հիշատակություն չկա, բայց 1656 թվականին Աշխարհացույցի հաղորդումից արդեն հայտնի է, որ Խաչատուր Կեչառեցին հանգչում էր Ծառաքարի վանքում, իսկ ըստ Քյոմյուրճյանի` Կեչառեցու գերեզմանը գտնվում էր Կեչրոր քաղաքի մոտ։ Նորահայտ վիմափոր վանքը Ծառաքարի հետ նույնացնելու խնդրում գրավոր հիշատակություններից բացի պակաս կարևոր չէ նաև տեղանվան իմաստային ստուգաբանությունը։ Բանն այն է, որ յուրաքանչյուր այցելու հեշտությամբ կարող է նկատել, որ վանական համալիրի վիմափոր կառույցները կերտված են բնականից շերտավորված լեռնային բավականին փուխր ապարների մեջ, որոնք առաջին իսկ հայացքից հիշեցնում են հատված ծառի տարիքը մատնանշող միմյանց զուգահեռ բազում օղագծերը։ Հանգամանք, որն ակնհայտորեն հիմք է հանդիսացել վանքի Ծառաքար անվանը, այսինքն` ծառին նմանվող քարի մեջ կերտված վանք։ Տվյալների և եզրակացության այս հիմքով էլ արդեն ճշտված տեղադրությամբ Ծառաքարի վանքն առաջին անգամ լուսանկարներով ներկայացրել ենք 2009 թվականին, ինչպես նաև ՀՃՈՒ կազմակերպության կողմից հրատարակվող «Վարձք» հանդեսի 2011 թվականի 4-րդ համարում[1][2][4][5][6][7][8][9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Սամվել Կարապետյան, Ծառաքարի վանքը, «Վարձք», 2011, N 4:
- ↑ 2,0 2,1 Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 47։
- ↑ Historical architecture of Eastern Anatolia in the middle age, under the prospect on interactive building-techniques. edited by Shiro Sasano & Sasano Seminar, Yokohama, 2009, pp. 127-128.
- ↑ Յովհաննէսեան Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 641-643։
- ↑ Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Բ, Վենետիկ, 1903-905, էջ 238։
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Երևան, 1988, էջ 842-843։
- ↑ Թօփճեան Յ., Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Ա, Վաղարշապատ, 1898, էջ 77։
- ↑ Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հ. Բ, Երևան, 1981, էջ 46-47։
- ↑ Uluhogian G., Un antica mappa dell Armenia. monasteri e santuari dal i al XVII secolo, Ravenna, 2000, էջ 83, 86։
- ↑ «Հայաստան» պատկերազարդ ալբոմ, Երևան, 2009, էջ 277-279։