Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 47, 2019 թ.
Քրիստինա Մարիա Ագիլերա (անգլ.՝ Christina María Aguilera, ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ, մարդասեր, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։
Արժանացել է «Գրեմմի»-ի վեց և «Լատինական Գրեմմի»-ի մեկ մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը նրան համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը։ Ագիլերան դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը և միակը 30 տարեկանից ցածր տարիքային խմբում։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգևատրվել է քաղցի դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար: Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի դեսպան է։ Քրիստինայի մասնակցությունը բարեգործական ծրագրերին օգնել է հավաքել ավելի քան 117 միլիոն դոլար:
Քրիստինա Մարիա Ագիլերան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում՝ ԱՄՆ զինված ուժերի սերժանտ Ֆաուստո Վագներ Խավյերի ու իսպաներենի ուսուցչուհի Շելլի Լորեյն Ֆիդլերի ընտանիքում։ Քրիստինայի մայրն ազգությամբ իռլանդացի է. նա պրոֆեսիոնալ ջութակահար է ու դաշնակահար, իսկ հայրը ծնվել է Էկվադորում, զինվորական է։ Քրիստինան ունի կրտսեր քույր՝ Ռեյչելը (ծնված 1986 թվականին)։ Քրիստինայի ընտանիքը հաճախ է փոխել իր բնակության վայրը։ Երբ աղջիկը 7 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին. մայրը գնաց մոր մոտ՝ հայրենի քաղաք Ուեքսֆորդ (Փիթսբուրգի արվարձան), ապա ամուսնացավ երկրորդ անգամ։
Քրիստինան իր երաժշտական գործունեությունը սկսել է 8 տարեկանում։ Այդ ժամանակ նա ելույթ էր ունենում երիտասարդ տաղանդների «Star Search» մրցույթում, որտեղ ներկայացրել է Ուիթնի Հյուսթոնի «The Greatest Love of All» երգը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Երեք տարի անց նրան հրավիրեցին՝ Փիթսբուրգում (որտեղ նա ապրում էր այդ ժամանակ) անցկացվող սպորտային խաղերի ժամանակ կատարելու ԱՄՆ պետական հիմնը։ 1992 թվականին ստեղծվեց «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուն, և Քրիստինան դարձավ դրա մասնակիցներից մեկը։ Այստեղ էլ հանդիպեց... Ավելին⇒