Jump to content

Կապույտ շրջան (Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ շրջան (իսպ.՝ Período Azul), տերմին, որն օգտագործվում է բնորոշելու համար իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծած աշխատանքները 1901-1904 թվականներին, երբ նա նկարել է հիմնականում մոնոքրոմատիկ նկարներ` կապույտ և կապտականաչ երանգներով` միայն երբեմն հարստացնելով դրանք այլ գույներով։ Այս մռայլ աշխատանքները, որոնք ոգեշնչվել են Իսպանիայում և պատկերվել են Բարսելոնայում և Փարիզում, այժմ նրա ամենահայտնի աշխատանքներից են, չնայած որ այն ժամանակ նկարիչը դրանք վաճառելու խնդիր է ունեցել։

Այս ժամանակաշրջանի սկիզբը հստակ չէ. հնարավոր է` այն սկսվել է Իսպանիայում, 1901 թվականի գարնանը, կամ` Փարիզում, տարվա երկրորդ կեսին[1]։ Մռայլ գույն և երբեմն մելամաղձոտ օբյեկտներ (մարմնավաճառներ, մուրացկաններ և հարբեցողներ) ընտրելիս Պիկասոն կրել է դեպի Իսպանիա կատարած ճանապարհորդության և ընկերոջ` Կարլես Կասագեմասի ինքնասպանության ազդեցությունը։ Չնայած Պիկասոն ավելի ուշ ասել է` «Ես սկսեցի կապույտով նկարել այն ժամանակ, երբ լսեցի Կասագեմասի մահվան մասին»[2], արվեստի պատմաբան Հելենե Սեկելը գրել է. «Միգուցե մենք կարող ենք ճիշտ լինել` ընդունելով այս հոգեբանական պատճառաբանությունը, մենք նաև չպետք է մոռանանք իրադարձությունների ժամանակագրությունը. Պիկասոն այնտեղ չէր, երբ Կասագեմասը Փարիզում ինքնասպանություն է գործել... Երբ Պիկասոն մայիսին Փարիզ է վերադարձել, նա մնացել է իր հեռացած ընկերոջ ստուդիայում, որտեղ մի քանի շաբաթ աշխատել է` պատրաստվելով Վոլարի մոտ իր ցուցահանդեսին»[3]։ Աշխատանքները, որոնք Պիկասոն նկարել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահի ցուցահանդեսի համար, ընդհանուր առմամբ նկարագրվել են որպես «շլացնող ներկապնակով և ճոխ օբյեկտներով»[2]։ Պիկասոյի հոգեբանական վիճակն սկսել է վատթարանալ 1901 թվականի ընթացքում։

Նույն թվականի վերջում Պիկասոն դեպրեսիայի մեջ է ընկել[4], և կապույտ երանգներն սկսել են գերակշռել նրա կտավներում։ Պիկասոյի La mort de Casagemas (Կասագեմասի մահը) կտավը, որ նա ավարտել է ընկերոջ ինքնասպանությունից հետո հաջորդ տարվա սկզբում, տաք, վառ գույներ ունի։ Նկարը, որ համարվում է Կապույտ շրջանի սկիզբը, «Կասագեմասն իր դագաղի մեջ» կտավն է, որն ավարտվել է 1901 թվականին, երբ Պիկասոն ընկել է ավելի խորը դեպրեսիայի մեջ։ Պիկասոն, որ սովորաբար շփվող էր, սկսել է հեռանալ իր ընկերներից։ Պիկասոյի դեպրեսիան տևել է մի քանի տարի[5]։ Պիկասոյի կարիերան մինչև 1901 թվականը խոստումնալից էր։ Սակայն այս շրջանում նա սկսել է անդրադառնալ հասարակության աղքատ ու լուսանցքային կերպարներին` շեշտը դնելով սառը, կապույտ երանգների վրա. այդ ժամանակ հանրությունն ու քննադատները երես են թեքել նրա աշխատանքներից։ Հանրությունը հետաքրքրված չէր Կապույտ շրջանի կտավներով[4]։ Պիկասոն շարունակել է իր աշխատանքը, սակայն տուժել է նրա ֆինանսական դրությունը։

Նրա նկարները, որ ոչ թե ուղղակի մելանխոլիկ էին, բայց և ճնշող ու անկյանք, հանրության կամ գնորդների կողմից որևէ ուշադրության չէին արժանանում։ Աղքատությունը չէր, որ ստիպեց նրան նկարել աղքատներին, այլ այդ նկարները նրան տարան դեպի աղքատություն[6]։

1901-03 թվականներին նա նկարել է Կասագեմասի մի քանի հետմահու դիմանկարներ, որի գագաթնակետը մռայլ ալեգորիկ «Կյանք» կտավն էր, որը պատկերվել է 1903 թվականին և այժմ Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում է[7]։

Այս շրջանում հաճախ հանդիպող պատկերվող կերպարներ են մերկ կանայք և երեխաների հետ մայրերը։ Մենակյաց կերպարները գերակշռում են Կապույտ շրջանի աշխատանքներում։ Գերակշռում է մենակության, աղքատության և հուսահատության թեման։ Այս շրջանի թերևս ամենահայտնի նկարը Ծեր կիթառահարը կտավն է։

Պիկասոյի Կապույտ շրջանին հաջորդել է նրա Վարդագույն շրջանը։ Նրա դեպրեսիան աստիճանաբար ավարտվել է, նրա հոգեբանական վիճակը բարելավվել է, նա սկսել է պատկերել ավելի կենսուրախ պատկերներ` ընդգծելով դրանք վարդագույն և այլ տաք գույներով։

Սյուզաննա Բլոխի դիմանկարը (1904) նկարը, որ համարվում է այս շրջանի վերջին գործերից մեկը, 2007 թվականի դեկտեմբերի 20-ին գողացվել է Սան Պաուլոյի արվեստի թանգարանից և վերադարձվել է 2008 թվականի հունվարի 8-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cirlot, 1972, p.127.
  2. 2,0 2,1 Wattenmaker and Distel, 1993, p. 192.
  3. Wattenmaker and Distel, 1993, p. 304.
  4. 4,0 4,1 Solomon, Barbara Probst (1995 թ․ սեպտեմբերի 11). «Callow Young Genius». New York Magazine. էջ 83.
  5. Bleicher, Steven (2011). Contemporary Color: Theory and Use. Cengage Learning. էջեր 47–8. ISBN 978-1-111-53891-0.
  6. Warncke, Carsten-Peter and Walther F. Ingo (1997). Pablo Picasso: 1881-1973. Taschen. էջեր 31. ISBN 978-3-8228-8273-3.
  7. Wattenmaker and Distel, 1993, p. 304