Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 47-54 սմ է, թևերի բացվածքը՝ 130-145 սմ, կենդանի զանգվածը՝ 500-700 գ։ Ջրածիծառներից ամենախոշորն է, մարմինը՝ լայն, կտուցը՝ կարմիր և մեծ, պոչը՝ կարճ, մկրատաձև կտրվածքով։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, ծոծրակը՝ գզուզ, մարմինը վերևից՝ բաց մոխրագույն, ներքևից արտաքին առաջնային փետուրները թվացյալ մուգ մոխրագույն են։ Հետբնադրման շրջանում թասակը մոխրագույն է՝ սև գծերով։ Երիտասարդի գագաթը դարչնագույն է՝ սպիտակ բծերով, մեջքը՝ դարչնագույն խայտերով ու սեպաձև նախշերով։ Թռիչքը որորանման է՝ թևերի խորը, հզոր թափահարումներով[1]։
Բնակվում է խոշոր ջրային բաց տարածություններում, հազվադեպ՝ տափաստաններում։ Սնվում է ձկներով, անողնաշարավորներով, կերի մեջ կարող են հայտնվել թռչունների ձվեր ու ձագեր։ Հայաստանի բնական ու արհեստական, ջրամբարներում հայտնված հազվագյուտ տեսակ է և ունի որոշակի գիտական նշանակություն։ Տարածման շրջաններում առաջացնում է մեկուսացած, եզակի փոքր օջախներ[2]։