Կարեն Հարությունյան
Կարեն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1956 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Բելգիա |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1975) |
Կարեն Հարությունյան (հունիսի 18, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջութակահար։ Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր, Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաների հրավիրված պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Լ. Կոգանի դասարանը, ապա` նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Համերգներով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ երկրներում, եվրոպական և համաշխարհային տարբեր հեղինակավոր բեմերում՝ Հունգարիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա և այլուր։ Հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժորների հետ, այդ թվում՝ Մ. Շոստակովիչ, Գ. Ռոժդեստվենսկի, Վ. Գերգիև, Ա. Դիմիտրիադի և Պ. Լիլյե։
1989 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, որի հետ հանդես է եկել բազմաթիվ համերգներում, կատարել ձայնագրություններ։ 1989 թվականին Բելգիայում կայացած համերգային շրջագայության ժամանակ, Բրյուսելի քաղաքապետարանի և սենատի որոշմամբ Կարեն Հարությունյանին շնորհվել է Բրյուսելի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ համերգներից ստացված ողջ եկամուտը փոխանցվել է Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից տուժածներին։ 1993 թվականին Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայից ստացել է հրավեր և տեղափոխվել է Բելգիա, ուր բնակվում և ստեղծագործում է։
Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր է, միևնույն ժամանակ հրավիրված պրոֆեսոր՝ Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաներում։ Շարունակում է ինտենսիվ համերգային գործունեությունը, ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Ելույթ է ունենում բարեգործական համերգներով՝ հօգուտ Եվրոպայում գործող հայկական կրթօջախների[1][2]։