ՀՀ ոսկերչություն և ակնագործություն
Ոսկերչությունը և ակնագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունեն։ Ոլորտն արդյունաբերական հիմքերի վրա է դրվել 1950-ական թթ-ին։ 1951 թվականին հիմնադրվել է Երևանի ոսկերչական գործարանը, որը 1980-ական թվականներին ուներ 1300 աշխատատեղ և տարեկան խորհրդային շուկա էր արտահանում 6000 կգ ոսկերչական արտադրանք։ 1973 թվականին Նոր Հաճն քաղաքի «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է ադամանդի մշակման արտադրամաս, որը դարձել էր ԽՍՀՄ-ում ադամանդ մշակող 7 խոշոր գործարաններից մեկը՝ տարեկան 50 միլիոն արտադրողականությամբ (1986)։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոլորտի ընկերությունների մասնավորեցման հետևանքով հանրապետություն են մուտք գործել բելգիական, իսրայելական, շվեյցարական, հանրահայտ ընկերություններ։
Ներկայումս ոլորտում գործում են մոտ երկուսուկես տասնյակ ընկերություններ, ինչպես նաև բազմաթիվ անհատ ոսկերիչներ։ Հայտնի ընկերություններ են Երևանի ոսկերչական (2000 աշխատող), «Սապֆիր» (520 աշխատող) գործարանները, «Լորի» (420), «Շողակն» (408), Հայկական ադամանդագործ. (350 աշխատող) ընկերությունները։ 2009 թվականին Հայաստանում արտադրվել են 49573 կարատ ադամանդ, որը 50,9 %-ով կամ 51372 կարատով պակաս է 2008 թվականի նույն ցուցանիշից (100945 կարատ), 733,8 կգ ոսկերչական արտադրանք (2008թվականին՝ 593 կգ)։ 1998 թվականին հիմնվել է Հայ ոսկերիչների միջազգային ընկերակցությունը, որի հիմնական նպատակը ոսկերչական արդյունաբերության զարգացումն է հանրապետությունում՝ ողջ աշխարհի հայ ոսկերիչների օգնությամբ, իսկ հեռահար նպատակը՝ Հայաստանում թանկարժեք իրերի առևտրի տարածաշրջանային կենտրոն հիմնադրելը։ Ընկերակցությունն ունի տարածաշրջանային ներկայացուցչություններ ԱՄՆ արևելյան և արևմտյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |