Հայելային փուլ
Հայելային փուլ, Ժակ Լաքանի հոգեվերլուծական տեսության տերմին։ Իր վաղ շրջանի աշխատություններում, հատկապես Մարիենբադում անցկացված տասնչորսերորդ միջազգային հոգեվերլուծական կոնգրեսում իր ելույթում, Լաքանը հայելային փուլը դիտում էր որպես 6-18 ամսական երեխայի զարգացման փուլ։ Սկսած 1950-ական թվականներից, Լաքանը հայելային փուլն նկարագրել է ոչ թե որպես երեխայի կյանքի կոնկրետ պահ, այլ որպես սուբյեկտիվության կառուցվածք կամ Երևակայության հարացույց։
Հայեցակարգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայելային փուլի հայեցակարգը Լաքանի մոտ ծագել է Անրի Վալոնի աշխատանքի ազդեցության տակ, որի գաղափարները հիմնված էին այն դիտարկումների վրա, թե ինչպես են կենդանիները և մարդիկ արձագանքում հայելու մեջ իրենց արտացոլմանը[1]։ Վալոնը նկատել է, որ մոտավորապես վեց ամսականում մարդկանց և շիմպանզեի երեխաները սկսում են ցուցադրել այն, ինչը կարող է թվալ, թե ճանաչում են իրենց սեփական արտացոլումը։ Մինչ շիմպանզեներն արագ կորցնում են հետաքրքրությունն իրենց հայտնագործության նկատմամբ, մարդիկ սովորաբար շատ են հետաքրքրվում դրանով և սկսում են զգալի ջանք ու ժամանակ հատկացնել սեփական մարմնի և նրա արտացոլման միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությանը[2]։ 1931 թվականին Վալոնը հոդվածներից մեկում պնդում էր, որ հայելին օգնում է երեխային զարգացնել սեփական ինքնության զգացումը։
Վալոնի գաղափարները երեխայի զարգացման մեջ հայելու դերի մասին զարգացել են հոգեվերլուծական ավանդույթներից դուրս և քիչ են հայտնի եղել մինչև Լաքանի ուշադրության կենտրոնում հայտնվելը։ Վերջինս մարդկային սուբյեկտիվության զարգացման մասին իր պատկերացումների համար հիմք է ընդունել Վալոնի դիտարկումը, որն իր էությամբ, թեև հաճախ անուղղակիորեն, ունի համեմատական բնույթ[2]։ Լաքանը փորձել է կապել Վալոնի գաղափարները հոգեվերլուծության հետ, սակայն այս փորձը հաջողությամբ չի պսակվել հոգեվերլուծական համայնքում։
1930-ական թվականներին Լաքանը մասնակցել է Հեգելի մասին Կոժևի սեմինարներին։ Հեգելի փիլիսոփայության Կոժևի մեկնաբանությունը, մասնավորապես՝ ստրուկի և տիրոջ դիալեկտիկան, ազդել է հայելային փուլի դիախրոնիկ կառուցվածքի Լաքանի նկարագրության վրա։ Հետագա տարիների ընթացքում Լաքանն իր աշխատանքում շարունակել է անդրադառնալ հայելային փուլին։
Հայելային փուլի հայեցակարգի զարգացմանը զուգընթաց Լաքանի ուշադրությունը պատմական նշանակությունից տեղափոխվել է դեպի կառուցվածքային։ «Պատմական նշանակությունը» այստեղ վերաբերում է երեխայի մտավոր զարգացմանը, իսկ «կառուցվածքային նշանակությունը»՝ մարմնի կերպարի նկատմամբ լիբիդային վերաբերմունքին[3]։ Իր չորրորդ սեմինարների շարքում՝ La relation d'objet, Լաքանն ասել է․ «Հայելային փուլը հեռու է երեխայի զարգացման մեջ առաջացող զուտ երևույթ լինելուց։ Այն ցույց է տալիս երկակի հարաբերությունների հակասական բնույթը»։ «Երկակի հարաբերություններ» (ֆր.՝ relation duelle) տերմինը վերաբերում է ոչ միայն Եսի և մարմնի հարաբերություններին, որոնք միշտ բնութագրվում են նմանության և փոխադարձության պատրանքներով, այլ նաև Երևակայականի և Իրականի հարաբերություններին։ Վիզուալ ինքնությունը, որը տրված է հայելային պատկերում, երևակայական համահունչություն է տալիս մասնատված իրականի փորձին։
Հայելային փուլը նկարագրում է Եսի ձևավորումը սեփական արտացոլված կերպարի հետ նույնականացման գործընթացի միջոցով։ Վեց ամսականում երեխան դեռևս չունի շարժիչի կոորդինացում, սակայն Լաքանը ենթադրում է, որ երեխան կարող է սկսել ճանաչել իրեն հայելու մեջ, նախքան այդպիսի համակարգում ձեռք բերելը։ Երեխան հայելու մեջ տեսնում է իր կերպարը որպես ամբողջություն՝ մարմնի շարժումները համակարգելու շարունակական անկարողությամբ, ինչը հանգեցնում է նրա մարմնի մասնատված ընկալմանը։ Ըստ Լաքանի, այս հակադրությունը երեխան ի սկզբանե զգում է որպես մրցակցություն սեփական կերպարի հետ, քանի որ կերպարի ամբողջականությունը լի է քայքայման սպառնալիքով։ Համապատասխանաբար, հայելու փուլը առարկայի և պատկերի միջև ագրեսիվ լարվածության տեղիք է տալիս։ Այս լարվածությունը լիցքաթափելու համար սուբյեկտը սկսում է իրեն նույնացնել պատկերի հետ։ Այս առաջնային նույնականացման մեջ, կրկնակի արտացոլմամբ, ձևավորվում է Եսը[3]։ Այս նույնականացման պահը Լաքանը դիտում է որպես ցնծության պահ, քանի որ այն հանգեցնում է գերակայության երևակայական զգացողության։ Սակայն այս ցնծությունը կարող է ուղեկցվել նաև դեպրեսիվ ռեակցիայով, երբ երեխան իր գերիշխանության երերուն զգացումը համեմատում է մոր ամենակարողության հետ։ Այս նույնականացումը ներառում է նաև Եսի իդեալը, որը գործում է որպես ապագա ամբողջականության խոստում, հզորացնելով Եսին ակնկալիքով։
Ըստ Լաքանի՝ հայելային փուլը ցույց է տալիս, որ Եսը թյուրիմացության (ֆր.՝ méconnaissance)՝ կեղծ ճանաչման արդյունք է։ Հայելու փուլում է առաջանում սուբյեկտի օտարումն ինքն իրենից և հաստատվում է երևակայական կարգ։
Հայելային փուլն ունի նաև կարևոր խորհրդանշական հարթություն։ Խորհրդանշականի կարգն առկա է երեխա կրող մեծահասակի կերպարում։ Սեփական պատկերը ճանաչելու ցնծությանը հաջորդող պահին երեխան դիմում է մեծահասակին՝ Մեծ ուրիշին, ով հաստատել է այս պատկերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Webster, Richard. (2002) «The cult of Lacan: Freud, Lacan and the mirror stage. Արխիվացված 2017-11-07 Wayback Machine»
- ↑ 2,0 2,1 Evans, 2005
- ↑ 3,0 3,1 Evans, 1996
- ↑ Семинар X, «L’angoisse», 1962—1963
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուսերեն
- Автономова Н. С. Лакан, Жак // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
- Лакан Ж. Стадия зеркала, как образующая функцию Я
- Мазин В. Стадия зеркала Жака Лакана. — СПб.: «Алетейя», 2005. — (Серия «Лакановские тетради»).
- այլ լեզուներում
- Dylan Evans An Introductory Dictionary of Lacanian Psychoanalysis. Routledge, 1996. ISBN 978-0415135221, ISBN 0415135222
- The Seminar of Jacques Lacan, Book I: Freud's Papers on Technique / (ed. J-A Miller), N.Y.: Norton, 1988