Հայկ Յազմաջյան
Ծնվել է | 30 հունվարի, 1898 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 12 փետրվարի, 1975 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի համալսարան, |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | բժշկության դոկտոր, |
Աշխատավայր | |
Ծնողներ | Հովհաննես Յազմաջյան |
Հայկ Հովհաննեսի Յազմաջյան (30 հունվարի, 1898, Կոստանդնուպոլիս- 12 փետրվարի, 1975, Երևան), հայ բժիշկ, հոգեբույժ, մանկավարժ, գիտնական, ազգային և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականի հունվարի 30-ին Կոստանդնուպոլսում։ Տարրական կրթությունն ստացել է Վառնայում, միջնակարգը՝ Կ. Պոլսում։ Բժշկական բարձրագույն կրթությունն ստացել է Կ. Պոլսի (1918-1922) և Փարիզի (1923-1925) համալսարաններում։ Մասնագիտացել է հոգեբուժություն մեջ։ 1927 թվականին Փարիզի համալսարանում արժանացել է բժշկության դոկտորի կոչման։ Փարիզում զբաղվել է բժշկական, գիտական, հասարակական և ազգային գործունեությամբ, եղել Փարիզի Հայ բժշկական միության եռանդուն անդամներից։
1936 թվականին, ուղեկցելով Կոմիտասի աճյունը, հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1936-1975 թվականներին Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական դիսպանսերում հոգեբույժ է աշխատել։ Համատեղությամբ աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, որպես ասիստենտ, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում, որպես իրավաբանական ֆակուլտետի դատական հոգեբուժության դասախոս։ 1944-1946 թվականներին եղել է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի բժշկության և կենսաբանության պատմության սեկտորի գիտաշխատող և քարտուղարը։ Եղել է խորաթափանց գիտնական, փորձառու կլինիցիստ, հմուտ մանկավարժ, ազնվագույն անձնավորություն։
1954 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Հոգեբուժական հայացքները Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև 11-րդ դար» թեմայով և արժանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանին։ Կլինիկական հոգեբուժության և հոգեբուժության պատմության վերաբերյալ ավելի քան 40 տպագրված և անտիպ հոդվածների հեղինակ է։ Լինելով բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ եղել է նաև արվեստի մեծ սիրահար։ Պաշտել է Կոմիտասին, Մեծարենցին, անչափ սիրել ֆրանսիական մշակույթը։ Ունի ֆրանսերեն և հայերեն գրած անտիպ բանաստեղծությունների տետրակ և «Օրագիր»։ Հայկական ՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման է արժանացել (1966), մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվել։
Մահացել է 1975 թվականի փետրվարի 12-ին Երևանում։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։