Հայկ Տիգրանյան
Հայկ Տիգրանյան | |
---|---|
Ի ծնե անուն | Հայկ Տիգրանյան |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1984 (40 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, բաս |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Հայկ Ժիրայրի Տիգրանյան (հոկտեմբերի 30, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բաս։
Հոբոյահար Ժիրայր Տիգրանյանի և երաժիշտ Գայանե Սարգսյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին կատարել է Քաջ Նազարի դերերգը համանուն մյուզիքլում (ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան)։ 1997 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, իսկ 2006 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը՝ որպես հոբոյահար։ 2008 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 2002 թվականին որպես հոբոյահար աշխատել է Ռուսաստանի Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում, դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ և 2004-2006 թվականներին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում՝ հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր։ 2003 թվականից Հայկ Տիգրանյանը երգել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 2008 թվականից՝ մեներգիչ։ 2011 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Մասնակցել է Գեղամ Գրիգորյանի և Պատրիցիա Պաչեի (Իտալիա) վարպետության դասընթացներին։
Հայկ Տիգրանյանը համագործակցել է դիրիժորներ Է. Դյադյուրայի և Խիլկևիչի (Ռուսաստան), ինչպես նաև ռեժիսորներ Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (Ռուսաստան), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիտովի (Ռուսաստան) հետ։ 2012 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա։ 2013 թվականի հունիսի 1-ին «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Հայ մեներգիչների Գալա համերգին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվական- Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթի մրցանակակիր[2]
- 2013 թվական- Վլադիկավկազ, Պավել Լիսիցիանի անվան օպերային երգիչների 3-րդ միջազգային մրցույթի դափնեկիր
- 2015 թվական- Յազեպս Վիտոլսի անվան 4-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ, Ռիգա, Լատվիա[3]
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռամֆիս՝ «Աիդա» (Ջուզեպպե Վերդի)
- Օրովեզո «Նորմա» (Վինչենցո Բելլինի)
- Բժիշկ՝ «Տրավիատա» (Ջուզեպպե Վերդի)
- Ֆեռանդո՝ «Տրուբադուր» (Ջուզեպպե Վերդի)
- Մազետտո՝ «Դոն Ժուան» (Մոցարտ)
- Զառաստրո՝ «Կախարդական սրինգը» (Մոցարտ)
- Ցունիգա՝ «Կարմեն» (Բիզե)
- Ծեր գնչու՝ «Ալեկո» (Սերգեյ Ռախմանինով)
- Գրեմին, «Զարեցկի» «Եվգենի Օնեգին» (Պյոտր Չայկովսկի)
- Դոն Բազիլ՝ «Սևիլյան սափրիչը» (Ռոսսինի)
- Մեֆիստոֆել՝ «Ֆաուստ» (Շառլ Գունո)
- Կոչնակ, պոլովեցյան խան «Իշխան Իգոր» (Ալեքսանդր Բորոդին)
- Կոլլեն՝ «Բոհեմ» (Ջակոմո Պուչչինի)
- Ռեքվիեմ (Ջուզեպպե Վերդի)
- Ալիդորո՝ «Մոխրոտը» (Ջոակինո Ռոսսինի)