Հիդրոտեխնիկա
Հիդրոտեխնիկա ( հիդրո... և տեխնիկա), գիտության և տեխնիկայի բնագավառ, որն զբաղվում է ջրային ռեսուրսների ուսումնասիրությամբ, տնտեսական նպատակներով դրանց օգտագործմամբ և ինժեներական կառույցների օգնությամբ՝ ջրերի վնասակար ազդեցության դեմ պայքարով։ Հիդրոտեխնիկան ունի հետևյալ հիմնական ուղղությունները (ըստ ջրային տնտեսության սպասարկվող բնագավառի), ջրային էներգիայի օգտագործում, ջրային ուղիներով նավագնացության և լաստառաքման ապահովում, գյուղատնտեսական հողերի ոռոգում, ջրարբիացում և չորացում, բնակչության, տրանսպորտի ու արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարում, բարեկարգված տերիտորիաներից ավելցուկային, աղտոտված ջրերի և կեղտաջրերի հեռացում, ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ պայմանների ապահովում և այլն։ Հիդրոտեխնիկայի այսպիսի բաժանումը որոշ չափով պայմանական է, քանի որ ջրերի օգտագործումը, մեծ մասամբ, համալիր բնույթ է կրում, այսինքն՝ միաժամանակ լուծվում են ջրատնտեսական մի քանի խնդիրներ։ Որպես կիրառական գիտություն, հիդրոտեխնիկան հիմնվում է ջրի մասին մի շարք այլ գիտությունների՝ հիդրոլոգիայի, հիդրոմեխանիկայի, հիդրավլիկայի և ինժեներաշինարարական ցիկլի մի շարք գիտական առարկաների՝ ինժեներական երկրաբանության, գրունտների մեխանիկայի և այլնի վրա։ Հիդրոտոխնիկան, որպես գիտության կարևորագույն խնդիրներն են. հուների և հիդրոտեխնիկական կառույցների վրա ջրային հոսքերի վնասակար ազդեցության, առափնյա տերիտորիաները դրանից պաշտպանելու եղանակների ուսումնասիրությունը, գետի հոսքի կարգավորման մեթոդների մշակումը, հիմնատակերի և կառույցների (հատկապես հողե) գրունտներով ջրի ֆիլտրման հետազոտությունը և այլն։ Տնտեսական խնդիրների ուսումնասիրման հիման վրա հիդրոտեխնիկան մշակում է հիդրոտեխնիկական կառույցների հաշվարկի և նախագծման մեթոդներ, դրանց կառուցման և շահագործման եղանակներ։ Բացի տեսական հետազոտություններ կատարելու եղանակից, հիդրոտեխնիկական բազմաթիվ հարցեր լուծվում են գործնական ճանապարհով՝ լաբորատորային մոդելավորման միջոցով և բնական պայմաններում տարվող հետազոտությունների (օրինակ, կառույցների հիդրավլիկական ռեժիմի, դրանց տարրերի և կոնստրուկցիաների լարումային վիճակների ու դեֆորմացիաների ևն) օգնությամբ։ Հիդրոտեխնիկան գիտության և տեխնիկայի հնագույն բնագավառներից է։ Դեռ 4400 տարի մ.թ.ա. Եգիպտոսում կառուցվում էին ջրանցքներ՝ Նեղոս գետի հովտում հողեր ոռոգելու նպատակով։ Բաբելոնում 43 հզ. տարի մ.թ.ա. գոյություն ունեին ջրմուղներով և արտեզյան ջրհորներով ապահովված քաղաքներ, Հունաստանի և Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում հիդրոտեխնիկան մեծ զարգացում ստացավ։ XVII— XVIII դարերում մանուֆակտուրայի երևան գալը, առևտրի ընդարձակումը և քաղաքների աճը առաջ բերեցին հիդրոտեխնիկական շինարարության վերելք։ Գալիլեյի, Պասկալի, Նյուտոին, Լոմոնոսովի, Բեռնուլիի աշխատանքները նշանակալիորեն բարձրացրին հիդրոտեխնիկայի տեսական հիմքը, որը հնարավորություն տվեց անցնելու ավելի բարդ կառույցների ստեղծմանը։ Հիդրոտեխնիկական շինարարությունը նոր վերելք ապրեց XIX դարի երկրորդ կեսին՝ արդյունաբերության աճի և ջրամատակարարման կարիք զգացող խոշոր քաղաքների զարգացման հետևանքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 400)։ |