Հողի լուծույթ
Հողի լուծույթ, հողի հեղուկ ֆազ. ջուր՝ լուծված գազերի, անօրգանական և օրգանական միացությունների հետ (դրանք ջրի մեջ են թափանցում մթնոլորտից և ներծծվում՝ հողային հորիզոններից)։ Հողի լուծույթը շարժուն է, մասնակցում է հողառաջացման պրոցեսներին, ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական ռեակցիաներին, հողի մեջ նյութաշրջանառությանը և բույսերի սննդառությանը։ Դրա բաղադրությունը կախված է հողառաջացման պրոցեսներից, բուսականությունից, կլիմայի ընդհանուր յուրահատկություններից, մարդու գործունեությունից և այլն։ Հողի լուծույթում կան գազերից՝ թթվածին, ածխաթթու, ազոտ, ամոնիակ, հանքային նյութերից՝ կալցիումի, նատրիումի, մագնեզիումի, կալիումի աղեր, ալյումինի, երկաթի, մանգանի, սիլիկահողի միացություններ, օրգանական նյութերից՝ ճարպային շարքի օրգանական թթուներ և դրանց աղերը, հումուսային թթուներ, շաքարներ, ամինաթթուներ և այլն։ Հողի լուծույթը չնչին քանակով պարունակում է նաև միկրոտարրեր։ Ոչ աղակալած հողերի լուծույթում նյութերի կոնցենտրացիան մեծ չէ (սովորաբար չի անցնում 0, 1% սահմանը), իսկ աղուտներում, աղակալած հողերում այն կտրուկ ավելանում է (մեկ և նույնիսկ տասնյակ տոկոս)։ Հողի լուծույթում նյութերի բարձր պարունակությունը վնասակար է բույսերի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 533)։ |