Jump to content

Հրաբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրաբուխներից)
Հրաբուխ Սենտ–Հելեն, 1982 թ.:

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Բազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի ամենաբարձր 5 հրաբուխները

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարածական լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են՝

  • գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),
  • հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում),
  • հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),
  • բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),
  • միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),
  • բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),
  • մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։

Գործող հրաբուխներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավա

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Էտնան ու Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Մերապին և Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Պոպոկատեպետլ և Օրիսաբան՝ Մեքսիկայում, Կիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։

Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Չգործող հրաբուխներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են հանգած հրաբուխներ։ Դրանք իրենց տեսքը պահպանած, բայց պատմական ժամանակաշրջանում ակտիվության ոչ մի հատկանիշ չցուցաբերած հրաբուխներ են։ Դրանց թվին են պատկանում՝ Էլբրուսը, Կազբեկը, Արարատը, Աժդահակը, Արմաղանը, Արագածը և այլն։ Որոշ հանգած հրաբուխներ երբեմն կրկին սկսել են ժայթքել, օրինակ Բեզիմյաննի հրաբուխը Կամչատկայում(1955 թ)[1]։

Հայկական լեռնաշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և 341-ին Մասիսի և VII դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ Մծբնացի, Ստեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ Հայաստանի բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։

Ընդհանուր տեղեկություններ հրաբխի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։ Հայաստանի տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։ Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։ 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր։ 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ։ Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ։ Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգավ 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաբուխ» հոդվածին։
Ընթերցե՛ք «հրաբուխ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613
  1. Կարապետ Սարաֆյան, Տարերաբանություն, ուսումնական ձեռնարկ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Երևան, 2008,231էջ