Ճակատք
Ճակատք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Տարածվում էր Հայկական Պար լեռնաշղթայի և Երասխ գետի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հյուսիս արևմուտքից և հյուսիս արևելքից Երասխով սահմանակից էր Արշարունիք և Արագածոտն, հարավ–արևմուտքից և հարավ–արևելքից (Հայկական պարով)՝ Բագրևանդ և Կոգովիտ։ Ճակատքի հարավ և արևմտյան մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանամ են Բարդող և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հյուսիսը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է, հողը՝ բերրի և այգեվետ։ Կլիման ցամաքային է։ Ոռոգվում է Վարդամարգ, Ագարակ, Թանդուրեկ, Թեղեկճի և այլ գետերի, ինչպես նաև Հայկական պարի վրա գոյացած մանր լճակների ջրերով։ Ունի քարածխի և հատկապես աղի հարուստ պաշարներ։ Կողբի կերակրի բարձրորակ աղահանքը շահագործվել է հնագույն ժամանակներից և առ այսօր պահպանում է իր արդյունաբերական նշանակությունը։ Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակներում Ճակատքը մտել է արքունի տիրույթների մեջ։ 13-րդ դարի սկզբին ազատագրվել է սելջուկյան թուրքերից և անցել Զաքարյաններին։ Ճակատքի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են Լենկթեմուրի արշավանքների (1387 և 1393 թվականներ) հետևանքով։ 15-րդ դարում Ճակատքը տրոհված էր երկու վիճակի՝ Կողբի և Սուրմառու (համանուն կենտրոնների անունով)։ 14-18 դդ․՝ պարսկական տիրապետության ներքո, Սուրմառին կազմում էր Երևանի խանության Մոլրմալոլ մահալը, իսկ Կողբը մտնում էր նույն խանության Աառթլի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ճակատքը Մասյացոտնի արևելյան մասի հետ կազմում էր Սուրմառի (Սուրմալու) գավառը և բաժանվում էր երկու վիճակի՝ Սուրմառու (50 գյուղով) և Զորագյուղ-Բարչենիս (54 գյուղով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |