Մարսելի հայկական տպագրություն
Մարսելի հայկական տպագրություն, հայերեն տպագիր երկերի հրատարակություն Մարսել քաղաքում՝ 17-րդ դար և 19-20-րդ դարեր։ 1673 թվականին Ոսկան Երևանցին, ֆրանսիական արքունիքից թույլավություն ստանալով, Ս․ էջմիածնի և Ս․ Սարգսի անվան տպարան-հրատարակչությունը Լիվոռնոյից փոխադրել է Մարսել։ Մարսելի տպարանի մյուս աշխատողներն էին Սողոմոն Լևոնյանը (Ոսկանի քեռորդին), Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը, Մկրտիչ Ջուղայեցին, Թադեոս Երևանցի Համագասպյանը, Նասիբ Գրիգորյանը։ Նույն՝ 1673 թվականին Ոսկանն սկսում է տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք աղօթից»-ը («Մատեան ողբերգութեան»), «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի» կամ «Ժամագիրք Ատենի» (երկուսն էլ առաջին հրատարակություն) և «Գիրք Սաղմոսաց Դաւթի»։ Կաթոլիկական գրաքննության պատճառով Նարեկացու երկի տպագրությունը մնում է անավարտ, իսկ ժամագրքինը ավարտվում է 1679 թվականին։ Տպարանը հրատարակում էր նաև աշխարհիկ գրքեր, որոնցից են «Գրկուկ կարեւոր հանապազորդեան» (Պարզատօմար, Լուսնացոյց և այլն, 1673), «Գիրք այբուբենից» (1675), «Գրգուկ կարեւոր հանապազորդեան» (1676), «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» (Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ը և Վարդան Այգեկցու առակները, 2-րդ հրատարակություն, 1683)և այլն։ Տպարանը 1675 թվականին լույս է ընծայում առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան», որ թվաբանականհաշվապահական ձեռնարկ է հայ վաճառականների համար։ Այստեղ է հրատարակվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» երկը (1674)։ Տպարանը փակվել է 1686 թվականին՝ 13 տարվա ընթացքում հրատարակելով 16 անուն հայերեն գիրք։
Մարսելում հայկական տպագրությունը վերսկսվել է 1862 թվականին, երբ Ճ․ Արամյանը իր տպարանը Փարիզից Կոստանդնուպոլիս փոխադրելիս 2 տարով հանգրվանել է այդ քաղաքում և զբաղվել գրահրատարակությամբ։ 1885 թվականից Մարսելում հրատարակչական-տպագրական գործունեություն է ծավալել Մկրտիչ Փորթուգալյանը, որը նախ ֆրանսիական, ապա սեփական տպարանում լույս է ընծայել գլխավորապես ազգային-ազատագրական բովանդակությամբ գրքեր և «Արմենիա» գրական-բանասիրական քաղաքական թերթը։ Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։ Մինչև 1967 թվականը Մարսելում գործել է մոա 10 հայկական տպարան, դրանցում, ինչպես և տեղի ֆրանսիական տպարաններում հայերեն գրքերից բացի տպագրվել են շուրջ 30 անուն հայերեն պարբերականներ, այդ թվում՝ «Խթան», «Բանբեր», «Գեղարդ», «Ազատ խոսք», «Վերելք»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 340)։ |