Jump to content

Մենաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրավիլի մենաստան, Ֆրանսիա

Մենաստան, վանք, մենարանք, եղբայրանոց, ուխտք, այլաբանորեն՝ փարախ, քավարան, միասնական կենցաղով (կանոնադրությամբ) ապրող, բնակելի ու կրոնական շինություններ, ինչպես նաև այլ սեփականություն ունեցող վանականների համայնք։ Հնագույն մենաստաներն առաջացել են մեր թվարկությունից առաջ I հազարամյակի 1-ին կեսին՝ բուդդայական կրոնում (Հնդկաստան)։ Սկզբում դրանք եղել են թափառական ճգնավորների համայնքներ, որոնք խմբվել են ապաստարաններում (հաճախ՝ անձավներում)։ Կալվածներ ձեռք բերելու, նվիրատվությունների միջոցով նրանք աստիճանաբար հարստացել և դարձել են իշխող կարգերի գաղափարական հենարան։ Այնուհետև բուդդայական մենաստաներ են հիմնվել Բիրմայում, Թաիլանդում (II–IIIդարերում), Վիետնամում, Չինաստանում (IV դար), Կորեայում, ճապոնիայում, Ինդոնեզիայում (VI–VIII դարերումIII–IV դարերում քրիստոնեական մենաստաները սկզբնապես ձևավորվել են որպես անապատականների կամ ճգնավորների բնակավայրեր (Եգիպտոս, Ասորիք, Պաղեստին, Հռոմեական կայսրությունՀայաստանում մենաստանները հիմնականում առաջացել են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թվականին) հետո՝ Գրիգոր Ա Պարթևի (Լուսավորիչ) և նրա հաջորդների նախաձեռնությամբ։ Ըստ հայ պատմիչների, Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը IV դարի կեսին հիմնել է 1040 մենաստան, որոնց թիվը հետագա դարերում բազմապատկվել է։ Մենաստանը գլխավորել է վանահայրը։ Հայաստանում մենաստաններն առաջնորդվել են Գրիգոր Ա Պարթևի մշակած կանոնադրությամբ, որը հետագայում փոփոխվել ու լրացվել է։ Տնտեսական առումով մենաստանները եղել են ինքնասպասարկող մարմիններ։ Եթե առաջին մենաստաները ստեղծվել են հավասարության հիմունքով, ապա, ֆեոդալիզմի զարգացմանը զուգընթաց, դրանց ներսում կատարվել է շերտավորում, վանականները բաժանվել են կարգերի՝ ըստ իրենց ֆունկցիայի, հասարակական դիրքի։ Մենաստանների վերնախավը ձուլվել է տիրապետող դասակարգին։ Իշխանության աջակցությամբ մենաստանները, ձեռք բերելով զանազան արտոնություններ (ապահարկություն, դատական, վարչական ինքնավարություն և այլն), հողային ընդարձակ տարածություններ, գյուղեր, ագարակներ, դարձել են խոշոր կալվածատիրական տնտեսություններ, որոնցում ֆիզիկական աշխատանքը դրվել է ենթակա գյուղացիների վրա։ Զարգացած միջնադարում մենաստանները մեծ մասամբ եղել են երկրագործական և արհեստագործական, իսկ տարանցիկ մայրուղիներին մոտիկները՝ առևտրական կենտրոններ։ Կաթոլիկ մենաստանների հիման վրա առաջացել են վանական օրդեններ, որոնցից շատերը միավորվել են միաբանություններում։ Խաչակրաց արշավանքների ժամանակ (XII–XIII դարերում) կազմավորված հոգևոր-ասպետական օրդեններն օժանդակել և սպասարկել են խաչակիրներին։ Նոր երկրներ գաղութացնելու և նրանց ժողովուրդներին պապությանը հպատակեցնելու նպատակով կաթոլիկ մենաստաներից զանազան երկրներ են ուղարկվել քրիստոնեական քարոզիչներ՝ միսիոներներ (տես Միսիոներություն)։ Մենաստանները եղել են նաև աղանդավորական շարժումների դեմ պայքարի կենտրոններ։ Վաղ միջնադարում մենաստանները նպաստել են կրթության տարածմանը, գիտության զարգացմանը, նրանց կից գործել են դպրոցներ, գրչության արվեստանոցներ։ Սակայն մշակույթի հետագա զարգացման և գիտությունը աստվածաբանության կապանքներից ազատագրվելու ճանապարհին մենաստաները դարձել են գիտական մտքի ու առաջավոր գաղափարների դեմ պայքարի կենտրոններ։ Ռեֆորմացիայի դարաշրջանում (XVI դար) մենաստաններն առժամանակ ապրել են տնտեսական և քաղաքական անկում։ Սակայն հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում (XVI դարի վերջ–XVIII դար) մենաստաները դարձյալ ամրապնդել են իրենց դիրքերը՝ կատաղի պայքար ծավալելով հեղափոխական խավերի դեմ։ Կաթոլիկ մենաստաներում գործող ճիզվիտական կազմակերպությունները դարձել են կղերականության գլխավոր զենքը՝ ընդդեմ առաջադեմ ուժերի։ XVII–XIX դարերին եվրոպական բուրժուական հեղափոխությունները (հատկապես Ֆրանսիական մեծ հեղափոխությունը) լուրջ հարված հասցրին մենաստաններին։ Կապիտալիստական շատ երկրներում մենաստանները դադարեցին ինքնուրույն տնտեսական միավորներ լինելուց, նրանց խոշոր կալվածատիրական իրավունքը վերացվեց, վանականների թիվը խիստ կրճատվեց։ ԽՍՀՄ–ում գոյատևող աննշան քանակությամբ մենաստաները սոսկ կրոնական կազմակերպություններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 457