Մշակույթի պալատներ և տներ
Մշակույթի պալատ (տուն) (ռուս.՝ Дворец культуры, дом культуры), ակումբային հաստատություն, զանգվածային մշակութային և կրթական աշխատանքի կենտրոն նախկին Խորհրդային Միությունում և սոցիալիստական (ներկայիս և նախկին), ինչպես նաև որոշ իսպանախոս և ֆրանսախոս երկրներում։
Խորհրդային ակումբները պետք է նպաստեին այսպես կոչված՝ «աշխատավորների կոմունիստական դաստիարակության, կուլտուրական մակարդակի բարձրացման և ազատ ժամանակի կազմակերպման գործին»։ Մշակույթի պալատները և տները սովորաբար հագեցած են դահլիճներով, ստացիոնար կինոսարքավորումներով, գրադարաններով, դրանցում կազմակերպում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, թեմատիկ երեկոներ, փառատոներ, հանդիպումներ անվանի համարվող մարդկանց հետ, գործում են մանկական սեկտորներ։ Մշակույթի պալատների և տների գործունեություն փորձել է նպաստել ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Դրանցում ձևավորվում էին ժողովրդական թատրոններ, նվագախմբեր, պարարվեստի կոլեկտիվներ, երգչախմբեր, երգի և պարի անսամբլներ։ Խորհրդային Միության շրջանային, քաղաքային և գյուղական մշակույթի տները որպես պետական ակումբային հիմնարկներ մտնում էին ԽՍՀՄ մշակույթի նախարարության (կուլտուրայի մինիստրության) համակարգի մեջ։
Արհմիութենական կազմակերպությունների դեպքում մշակույթի պալատներ և տներ ստեղծվում էին արհմիութենական ֆաբրիկա գործարանային կոմիտեների (տեղական) կողմից և պահվում դրանց միջոցներով։ Ստեղծագործական և գիտական մտավորականության տները (արվեստի, լուսավորության աշխատողների) գտնվում էին համապատասխան արհմիությունների կենտկոմների տնօրինության տակ։ Մշակույթի պալատներ և տներ են կազմակերպվել նաև կոլտնտեսությունների միջոցներով։ ԽՍՀՄ-ում գործել են նաև սպայի տներ, պիոներների և դպրոցականների տներ և պալատներ։
Մշակույթի պալատները և տները ղեկավարում էին ընտրովի հասարակական միությունները կամ սովետները։ Առաջին խոշոր մշակույթի պալատները և տները, որոնք կոչվում էին բանվորական, կառուցվել են 1920-ական թվականներից սկսած։
Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1979 թվականին Խորհրդային Հայաստանում գործել են 1219 մշակույթի պալատներ և տներ ու ակումբային հիմնարկ։ Մշակույթի պալատները և տները բաղկացած են եղել հանդիսատեսային, ակումբային (մեծահասակների և մանուկների), մարզական և հանգստի մասերից՝ կազմելով մեկ ընդհանուր համալիր։ Հայաստանում առաջին մշակույթի պալատներից և տներից է եղել Երեվանի Կառուցողների ակումբը (1936, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար)։ 1950-1960-ական թվականներին կառուցվել են հիմնականում ակումբատիպ մշակույթի պալատներ և տներ, որոնցից են Երևանում՝ Ալյումինագործների (1957, ճարտարապետ Ա․ Մանուկյան) և Կիրովի անվան գործարանի (1962, ճարտարապետներ՝ Ռ․ Ալավերդյան, Ռ․ Իսրայելյան, Զ․ Խանամիրյան), Էջմիածին քաղաքի (1955, ճարտարապետ Ա․ Մանուկյան), Կիրովականում՝ Քիմիագործների (1950—1953, ճարտարապետներ՝ Շ․ Ազատյան և Ռ․ Ալավերդյան) մշակույթի պալատները։ 1970-ական թվականներից սկիզբ է դրվել լիակազմ մշակույթի պալատների և տների նախագծմանն ու շինարարությանը՝ Սևանում, Եղեգնաձորում, Մարալիկում (1966—1976, ճարտարապետներ՝ Մ․ Միքայելյան, Զ․ Սիմոնյան), Ղափանում և Գորիսում (1972-1979, ճարտարապետներ՝ Ս․ Գուրզադյան, Կ․ Մատինյան, Մ․ Մուրզա), Աբովյանում (1978, ճարտարտարապետ Լ․ Չերքեզյան) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 657)։ |