Շվեյցարիայի պատմություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շվեյցարիայի պատմությունը ընդգրկում է մ. թ. ա. 2-րդ դարից մինչև այսօր ընկած ժամանակաշրջանը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի տարածքում պահպանվել են հնագույն բնակիչների հին քարեդարյան կացարաններ (Գրախենլոխ, Բիրզեկ)։ Շվեյցարիայի բնակիչների մասին առաջին գրավոր աղբյուրները մ.թ.ա. 2-րդ դարից են, այդ ժամանակ Շվեյցարիայի տարածքի մեծագույն մասում բնակվել են հելվետ կելտական ցեղերը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա)։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից նրանց նվաճել են հռոմեացիները, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից՝ բուրգունդները ու օստգոթերը։ 6-րդ դարից Շվեյցարիայի գրեթե ամբողջ տարածքը նվաճել են ֆրանկները, և Շվեյցարիան մտել է Ֆրանկական պետության մեջ։ 6-րդ դարի վերջին և 7-րդ դարում ավարտվել է բնակչության քրիստոնեացումը։ 9-րդ դարում Շվեյցարիայի գրեթե ամբողջ ժամանակակից տարածքը մտնում էր Հռոմեական սրբազան կայսրության մեջ։ Շվեյցարիայում սկսվել են ձևավորվել ֆեոդալական հարաբերություններ։ Երկիրը բաժանված էր բազմաթիվ
- կոմսություների,
- սենիորությունների,
- եկեղեցական իշխանությունների,
- գյուղական համայնքների (կանտոնների),
- քաղաքային հանրապետությունների։
1231 թվականին Ուրի և 1240 թվականին՝ Շվից կանտոնները անկախացել են Հաբսբուրգներից։ 1291 թվականին (համարվում է Շվեյցարական կոնֆեդերացիայի հիմնադրման տարի) Շվից, Ուրի և Ունտերվալդեն անտառային կանտոնները կնքել են «հավերժական միություն» (ընդդեմ Հաբսբուրգների), որին Մորգարտենի մոտ հաղթանակից (1315 թվականին Ավստրիայի նկատմամբ) հետո, միացել են Լյուցեռնը, Ցյուրիխը, Ցուգը, Գլարուսը և Բեռնը (1332-1353 թվականներին),1481 թվականին՝ Ֆրիբուրը (Ֆրայբուրգ) և Զոլոտուռնը։ 1499 թվականի Շվաբական դաշինքի դեմ շվեյցարական (կամ շվաբական) պատերազմի ընթացքում Շվեյցարիան անկախություն ձեռք բերեց։ 1501 թվականին շվեյցարական դաշինքին միացան Բազելը և Շաֆհաուզենը, 1513 թվականին՝ Ապպենցելը։ Այսպիսով կազմավորվեց 13 իրավահավասար կանտոնների կոնֆեդերացիա, որը գոյատևեց մինչև 1798 թվականը։
Շվեյցարիայի սոցիալ-տնտեսական զարգացումը յուրօրինակ է եղել, թույլ զարգացած էին ֆեոդալական հարաբերությունները, երկար պահպանվել են մարկհամայնքները, ազատ գյուղացիությունը, տնտեսության նահապետական բնույթը, տարածված էր վարձու զինվորությունը (լանդսկնեխտներ)։
Ֆեոդալական հարաբերությունների քայքայումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային կանտոններում առաջատար էին առևտուրը, արհեստները։ 14-րդ դարի վերջից և 15-րդ դարի սկզբին Շվեյցարիայում (առավելապես համեմատաբար զարգացած քաղաքային կանտոններում) սկսվեց ֆեոդալական հարաբերությունների քայքայումը, առաջացան կապիտալիստական մանուֆակտուրաներ (տեքստիլ արդյունաբերության, թղթի արտադրության, գրատպության մեջ)։
Սոցիալական հակասությունները քաղաքային և գյուղական կանտոնների միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական հակասությունները քաղաքային և գյուղական կանտոնների միջև հաճախ վերածվում էին քաղաքացիական պատերազմների, որոնք կրում էին կրոնական բնույթ։ Շվեյցարիան ռեֆորմացիայի խոշոր կենտրոն էր. ժողովրդական զանգվածները ակտիվորեն մասնակցեցին 1524-1525 թվականների գյուղացիական պատերազմին։ 1536 թվականից Ժնևում իր գործունեությունն է ծավալել Ժ. Կաէվինը։ Բուրժուազիայի առաջավոր տարրերի ձգտումը՝ վերացնելու ազնվականության տիրապետությունն ու ստեղծելու կենտրոնացված պետություն, էլ ավելի ուժեղացավ ֆրանսիական բուրժուազիական հեղափոխության ազդեցությամբ։
Ֆրանսիական զորքերի ներխուժումը Շվեյցարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1798 թվականին Շվեյցարիա մտան ֆրանսիական զորքերը, ստեղծվեց Ֆրանսիայից կախյալ միասնական Հելվետական հանրապետություն (մինչև 1803)։ Վիեննայի կոնգրեսը 1815 թվականին հաստատեց Շվեյցարիայի մոտավորապես ժամանակակից սահմանները և ընդունեց նրա «հավերժ» չեզոքությունը։ 30-40-ական թվականներին շարժում ծավալվեց ֆեոդալական հարաբերությունների վերջնական վերացման, քաղաքական կարգի դեմոկրատացման և երկրի կենտրոնացման համար։ Լիբերալբուրժուական և ֆեոդալակղերակաև շրջանների միջև պայքարը, որը կրում էր կրոնական բնույթ, ի վերջո հանգեց քաղաքացիական պատերազմի, որն ավարտվեց ֆեոդալակղերական ուժերի պարտությամբ։ Բուրժուազիայի ռազմաքաղական հաղթանակն ամրապնդվեց 1848 թվականի սահմանադրությամբ, որով Շվեյցարիան դարձավ միասնական դաշնակցային պետություն՝ կենտրոնացված կառավարմամբ (սահմանադիր մարմինն էր ֆեդերալ ժողովը)։ 1848 թվականին Շվեյցարիան ընդունեց Սահմանադրությունը։ Այդ նույն թվականին հաստատվեց նաև Շվեյցարիայի ազգային դրոշը։
Շվեյցարիայի կենտրոնացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի կենտրոնացումը նպաստեց կապիտալիստական հարաբերությունների հաղթանակին, պայմաններ ստեղծվեցին երկրի արագ արդյունաբերականացման համար։ 1860-1870-ական թվականներին Շվեյցարիայում վերելք ապրեց բանվորական շարժումը, ստեղծվեցին 1-ին ինտերնացիոնալի շվեյցարական սեկցիաները։ 1888 թվականին հիմնվեց Շվեյցարիայի կուսակցությունը (ՇՍԴԿ)։ Շվեյցարիայում ապաստան էին գտնում Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքական վտարանդիները։
Կուսակցությունների ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին ստեղծվել էր 1-ին ինտերնացիոնալի ռուսական սեկցիան, 1883 թվականին՝ «Աշխատանքի ազատագրություն» խումբը՝ 1887 թվականին՝ հնչակյան կուսակցությունը)։ 1895, 1900, 1902-1905, 1908, թվականներին Շվեյցարիայում է ապրել և գործել Վ․ Ի․ Լենինը։ 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմում Շվեյցարիան պահպանեց չեզոքություն։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան և հատկապես, Հոկտեմբերյան հեղափոխությունները նպաստեցին բանվորական շարժման վերելքին Շվեյցարիայում, ուժեղացավ գործադուլային շարժումը։ Շվեյցարիայում անցկացվել են միջազգային սոցիալիստական կոնֆերանսներ (1915 թվականին՝ Ցիմերվալդում, 1916 թվականին՝ Կինտալում)։ 1921 թվականին ստեղծվեց Շվեյցարիայի կոմունիստական կուսակցությունը (ՇԿԿ)։ 1923 թվականին սպիտակգվարդիականները Շվեյցարիայում սպանեցին Լոգանի միջազգային կոնֆերանսի սովետական պատվիրակության գլխավոր քարտուղար Վ․ Վորովսկուն։
Շվեյցարիայի վերելքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937-1939 թվականներին շվեյցարական տնտեսությունը վերելք ապրեց՝ կապված նախապատերազմական ռազմական կոնյունկտուրայի հետ (Շվեյցարիան կատարում էր ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի ռազմական պատվերները)։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեյցարիան հաստատեց իր չեզոքությունը, բայց շարունակում էր Գերմանիային մատակարարել մարտավարական հումք, սարքավորում, զենք, էլեկտրաէներգիա։ 1940 թվականին Շվեյցարիայում արգելվեց կոմկուսը։ 1944 թվականին տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադիր համագումարը։ ՇԱԿ-ի մեջ մտան նաև կոմկուսի անդամները։ Պատերազմի տարիներին զգալիորեն մեծացավ արդյունաբերական պոտենցիալը, Ազգային բանկի ոսկու պաշարը (1945 թվականին՝ 4,8 միլիարդ ֆրանկ)։
Սառը պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946-1947 թվականներին աճեց գործադուլային պայքարը։ «Սառը պատերազմի» պայմաններում ուժեղացավ բանվորական շարժման առաջնորդների և ՇԱԿ-ի անդամների հալածանքը, որը հատկապես ծավալվեց 1956 թվականին։ Սակայն 1971 թվականին և հատկապես 1973-1974 թվականներին բանվորական շարժումը որոշակի վերելք ապրեց։ 1970-ական թվականներին չեղյալ հայտարարվեցին օտարերկրյա բանվորների մասնագիտական արգելքներն ու քաղաքական սահմանափակումները, կանանց տրվեցին հավասար իրավունքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 567)։ |