Jump to content

Պերսեպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պերսեպոլից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսեպոլիս (այլ կիրառումներ)
Պերսեպոլիս
Տեսականտիկ քաղաք, հնագիտական հուշարձան, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրԻրան[1][2][3][…]
ՎարչատարածքKenareh Rural District?[4]
ԲԾՄ1627 մետր[5]
Մակերես12,5 հեկտար[6]
Կազմված էTachara?, Բոլոր ազգերի դարպաս, Apadana of Persepolis?, Hadish Palace?, Palace of Artaxerxes I?, Tripylon? և Hall of hundred columns?
Աշխարհագրական տեղադրությունKuh-e Rahmat?[3][6][4]
Ձևավորում-510[3][7][8]
Առաջին հիշատակումմ. թ. ա. 509[8]
Հայտնաբերում1621[9]
ՀայտնաբերողGarcía de Silva Figueroa?[9]
Անվանված էպարսիկ[3][4] և Jamshid?[3][4]
Քարտեզ
Քարտեզ
Պերսեպոլիս
Persepolis*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Բոլոր ազգերի դարբասներ
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3 նստաշրջան)
Համար 114
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պերսեպոլիս (հին հունարեն՝ Περσέπολις, հին պարսկ.՝ Pārsa, պարսկ․՝ Թախտ-ի-Ջեմշիդ, պարս.՝ پرسپولیس), Աքեմենյան կայսրության մայրաքաղաք (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետության ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[10]։ Պերսեպոլիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները՝ այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․ թ․ ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել։ Պալատից արևմուտք բուն քաղաքի մնացորդներն են։ Պերսեպոլիսում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի բնակավայրի մնացորդներ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերսեպոլիս» անվանումն առաջացել է հունարեն Պերսեպոլիս (Περσέπολις) բառից, որն իրենից ներկայացնում է Pérsēs (Πέρσης) և pólis (πόλις) բառերի միացությունը, ինչը նշանակում է «պարսկական քաղաք» կամ «պարսիկների քաղաք»։

Հնում քաղաքը նաև հայտնի է եղել Pārsa անվամբ, որը ևս նշանակում է «Պարսկաստան»[11][12]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսին կից հոսում է Փուլվար գետը, որն էլ թափվում է Կոր գետը։

Տեղանքն ընդգրկում է 125,000 քառակուսի մետր մակերեսով տարածք, մասամբ արհեստականորեն կառուցված, մասամբ լեռանից զատված, որի արևելյան կողմը հենվում է Ռախմեթ լեռան վրա։ Մյուս երեք կողմերը ձևավորվում են պաշտպանական պարսիսպներով։ Արևմտյան կողմում 5-13 մետրից բարձրանում էր երկակի աստիճան։ Այնտեղից սահուն բարձրանում է դեպի վեր։ Որպեսզի ստեղծվեր հարթակի մակարդակը, ցածրավայրերը լցվել են հողով և ծանր քարերով, որոնք միացվում էին մետաղական կցորդներով։

Արտաքսերքսեսի պալատի ավերակները

Հնագիտական ապացույցները վկայում են, որ Պերսեպոլիսի վաղ մնացորդները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Ֆրանսիացի հնագետ Անդրե Գոդարդը, որը պեղումներ է իրականացրել Պերսեպոլիսում 1930-ականների սկզբին, ենթադրում էր, որ քաղաքի տեղանքն ընտրել է Կյուրոս Բ Մեծ արքան, իսկ հարթակն ու պալատները կառուցել է Դարեհ I Մեծը։

Սակայն, դատելով արձանագրություններից, Պերսեպոլիսի կառույցների շինարարությունները սկսվել են Դարեհի I-ի օրոք, և հավանաբար այս ժամանակ է Պերսեպոլիսը դարձել նոր արքայական տան մայրաքաղաք։ Սակայն որպես կայսրության կառավարիչների նստավայր, այս հեռավոր տեղանքն այնքան էլ հարմարավետ չի եղել։ Երկրի իրական մայրաքաղաքներն էին Շոշը, Բաբելոնն ու Եկբատան։ Սա է փաստում նաև այն, որ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու գրավումը հույները ևս ծանոթ չեն եղել այս քաղաքին։

Դարեհի կառուցումներն ընթացել են Շոշի պալատին զուգահեռ[13]։ Ըստ Ջենե Գարթվեյթի, Շոշի պալատը օրինակ է ծառայել Պերսեպոլիսի համար[14]։ Դարեհը կարգադրել է կառուցել Ապադանան և Եռակի դարբասները, ինչպես նաև արքայական գանձարանն ու նրա շրջակայքը։ Դրանց շինարարությունն ավարտվել է նրա որդու՝ Քսերքսես I-ի օրոք։ Հարթակի հետագա կառույցները շարունակվել են մինչև Արյաց Տերության անկումը[15]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի, հույն պատմիչ Կտեսիաս Կնիդացին նշում է, որ Դարեհի գերեզմանը մի ժայռի մեջ էր, որտեղ կարելի էր հասնել պարանների միջոցով[16]։

Պերսեպոլիսում օգտագործված հիմնական շինանյութը մոխրագույն կրաքարն էր։ Այն բանից հետո, երբ բնական քարաժայռը հարթեցվեց և խոռոչները լցվեցին հողով և քարերով, ստեղծվեց հարթակը։ Ժայռի միջով բազմաթիվ թունելներ փորվեցին կոյուղու համար։ Լեռան ստորոտին ևս հոր փորվեց ջրի պահուստի համար։

Հարթակի անհավանական նախագիծը, ինչպես նաև հիմքը, կարծես ամրոց լիներ, որի անկյունային պատերը հնարավորություն էին տալիս պաշտպաններին թիրախավորվել արտաքին ճակատի ցանկացած հատվածում։ Դիոդորոս Սիցիլիացին գրում է, որ Պերսեպոլիսն ունեցել է երեք պարիսպ, որոնք բոլորն էլ ունեին աշտարակներ։ Այնտեղից իրականացվում էր ամրոցի պաշտպանությունը։ Առաջին պարիսպը 7 մետր էր, երկրորդը՝ 14, իսկ երրորդը, որ շրջափակում էր քաղաքի 4 կողմերը, ուներ 27 մետր բարձրություն։ Ներկայումս պարիսպը չի պահպանվել։

Ք․ ա․ 330 թվականին, Աքեմենյան պետություն ներխուժելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին իր հիմնական զորքն ուղարկում է Պերսեպոլիս։ «Իրանի դարբասների» (ներկայում՝ Զագրոսի լեռներ) մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ պարսիկները Արիոբարզանեսի գլխավորությամբ ետ են մղում Մակեդոնցաու զորքերին։ 30 օր հետո վերջինս նորից հարձակում է գործում և գրավում Պերսեպոլիսը։

Այդուհետ քաղաքում հրդեհ է բռնկվում։ Գիտնականները ենթադրում են, որ պատմական աղբյուրներում նկարագրված այս իրադարձությունը տեղի է ունեցել այն ավերակների վրա, որոնք այժմ վերագրվում են որպես Պերսեպոլիս։ Ստոլզեի ուսումնասիրություններից պարզվում է, որ դրանցից առնվազն մեկը՝ Քսերքսես I-ի կողմից կառուցված ամրոցը, ակնհայտորեն ոչնչացվել է կրակից։ Դիոդորոս Սիցիլիացու նկարագրած տեղանքը ևս համապատասխանում է պատմական Պերսեպոլիսին։

Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է Հադիշ պալատից, որն էլ հանդիսանում էր Քսերքսես I-ի տունը։ Ապա տարածվել է քաղաքի վրա[17]։ Հայտնի չէ, հրդեհը պատահաբա՞ր է բռնկվել Պերսեպոլիսում, թե՞ դա վրիժառություն էր պարսիկների նկատմամբ, որոնք Հունաստան ներխուժելիս այրել էին Ակրոպոլիսը։ Շատ պատմաբաններ շահարկում են այն փաստը, որ Մակեդոնացու զորքը հաղթանակը տոնելիս որոշել է վրեժ լուծել պարսիկներից[18]։

Արտա Վիրապի գրքում «Զրադաշտականություն» աշխատությունում նկարագրված Պերսեպոլիսի արխիվները, որոնք պարունակում էին «ողջ Ավեստան և Զենդը՝ գրված կովի մաշկի վրա, ոսկե թանաքով», ոչնչացվել են։ Միջնադարյան պարսիկ գիտնական Ալ-Բիրունին իր աշխատություններում նկարագրում է․ «Ալեքսանդրը այրեց ողջ Պերսեպոլիսը, որպեսզի վրեժ լուծի պարսիկներից, քանի որ Քսերքսես արքան այրել է հունական Աթենքը 150 տարի առաջ։ Մարդիկ ասում են, որ նույնիսկ ներկայումս կրակի հետքերը դեռևս տեսանելի են որոշ տեղերում»[18][19]։


Աքեմենյան պետության անկումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերսեպոլիսի արևմտյան կողմի ավերակներ

Մ. թ. ա. 316 թվականին Պերսեպոլիսը դեռևս Պարսկաստանի մայրաքաղաքն էր, որպես Մակեդոնիայի մեծ կայսրության գավառ։ Քաղաքը ժամանակի ընթացքում անկում է ապրում։ Կայսերական քաղաքի ստորոտում գտնվող ստորին քաղաքը հավանաբար գոյատևել է ավելի երկար ժամանակ[20], սակայն Աքեմենյանների ավերակները մնացին որպես հին փառքի վկաներ։ Հավանական է, որ երկրի մայրաքաղաքը կամ գոնե թաղամասը միշտ եղել է այս կողմերում։

Մ. թ. ա. 200-ական թվականներին Էսթախր քաղաքը, որը գտնվում էր Պերսեպոլիսից հինգ կիլոմետր հյուսիս, տեղական իշխանությունների նստավայրն էր։ Այդտեղ դրվել է պարսկական երկրորդ կայսրության հիմքերը, և ըստ այդմ Էսթախրը հատուկ նշանակություն է ձեռք բերել՝ որպես կրոնական իմաստության և ուղղափառության կենտրոն։ Սասանյան թագավորներն այս տեղանքի ժայռերը և մասամբ Աքեմենյան ավերակները ծածկել էին իրենց քանդակներով և արձանագրություններով։ Հռոմեացիներին Էսթախրի մասին քիչ էր հայտնի, այնպես, ինչպես հույներին՝ Պերսեպոլիսի մասին, չնայած այն բանին, որ սասանյանները պահպանեցին բարեկամական կամ թշնամական հարաբերություններ կայսրության հետ չորս հարյուր տարի շարունակ։

Պարսկաստանում արաբների ներխուժման ժամանակ Էսթախրը հուսահատ դիմադրություն է ցուցաբերել։ Քաղաքը զգալի նշանակություն է ունեցել իսլամի առաջին դարում, չնայած Շիրազի կառուցումից հետո նրա դերը զգալիորեն նվազել է։ 10-րդ դարում Էսթախրը անկում է ապրել, ինչպես վկայում են աշխարհագիր Իսթախրին և Ալ-Մուհադդասին։ Հետագա դարերում Էսթախրը աստիճանաբար դադարել է որպես քաղաք գոյություն ունենալ։

Ավերակներ և մնացորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրաշուշանի ցայտաքանդակ

Հարթակում գոյություն ունեն մի շարք հսկայական շենքերի ավերակներ։ Բոլորը կառուցված են մուգ մոխրագույն մարմարից։ Սյուներից տասնհինգը կանգուն են։ Եվս երեք սյուն կանգնեցվել են 1970 թվականից։ Շենքերի մի մասը երբեք չի ավարտվել։

Պեդրո Դելլա-Վալլեի ժամանակից ի վեր վիճելի է, թե այս ավերակները ներկայացնում են Պերսեպոլիսը, որը գրավել և մասնակիորեն ավերել է Ալեքսանդր Մեծը։

Պերսեպոլիսի հետևում, հովտի ժայռում կան երեք գերեզմաններ։ Ճակատամասերը, որոնցից մեկը թերի է, հարուստ կերպով զարդարված են ռելիեֆներով։ Փուլվար գետի հակառակ կողմում, հովտից զգալի բարձրության վրա, ուղղահայաց պատի մեջ կան ևս չորս նմանատիպ գերեզմանատներ։ Ժամանակակից իրանցիները այս տեղը անվանում են Նաղշե Ռոսթամ, որը գերեզմանատուն է մեծ շիրիմներով։ Դրանց վրա պատկերված են «Աստծո կողմից շնորհված» թագավորների դիմանկարները։ Դամբարաններից մեկի վրա արձանագրությունը վկայում է, որ մեկը Դարեհ I-ի շիրիմն է (Ք.ա. 522-486 թթ.), իսկ մյուս երեքը ենթադրվում է, որ Քսերքսես I-ի, Ատարքսերքսես I-ի ու Դարեհ II-ի շիրիմներն են։

Բոլոր ազգերի դարպաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կազմված է մեկ մեծ սենյակից, որն ունեցել է չորս սյուներ։ Պատերից յուրաքանչյուրը՝ արևելքում, արևմուտքում և հարավում ունեն շատ մեծ մուտքեր։ Արևմտյան և արևելյան մուտքի մոտ կանգնեցրած էին երկու ասորական լամասուներ։ Այս հսկայական արձանների վրա կան եռանկյունաձև գրություններ, որոնք փաստում են, որ Քսերքսեսն է կառուցել դարպասները։ Հարավային մուտքը բացվում էր Ապադանայում, և այն երեքից ամենալայնն էր։ Դռների անկյուններում գտնված սարքերը խոսում են այն մասին, որ մուտքերն ունեցել են երկփեղկ դռներ, որոնք ենթադրաբար կառուցված են եղել փայտից և ծածկված եղել զարդանախշված մետաղի շերտից։

Դարեհ I-ը կառուցեց Պերսեպոլիսի ամենամեծ պալատը հարթակի արևմտյան կողմում։ Այս պալատը կոչվում էր Ապադանա[21]։ Թագավորներն այն օգտագործել է պաշտոնական լսարանների համար։ Աշխատանքն սկսվել է մ. թ. ա. 518 թվականին, իսկ նրա որդին՝ Քսերքսես I-ն ավարտել է այն 30 տարի անց։ Պալատն ունեցել է մեծ դահլիճ՝ հրապարակի ձևով, յուրաքանչյուր կողմը 60 մետր երկարությամբ, յոթանասուներկու սյուներով, որոնցից 13-ը դեռևս կանգուն են հսկայական հարթակի վրա։ Սյուների բարձրությունը 19 մետր է։ Դրանք պահում էին մեծ և ծանր առաստաղը։ Սյուների գագաթները բոլորում էին կենդանաքանդակները, ինչպիսիք էին երկգլխանի առյուծները, արծիվները, մարդիկ և կովերը (հին Իրանում կովերը պտղաբերության և առատության խորհրդանիշներ էին)։ Սյուները միմյանց հետ միացված էին կաղնու և մայրու փայտերով, որոնք բերվել են Լիբանանից։ Պատերը ծածկված էին ցեխի և ստուկկոյի շերտով, 5 սմ խորությամբ, որն օգտագործվում էր կապելու համար, ապա պատված է կանաչավուն ստուկկոյով։

Պալատի արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերում եղել են երեք ուղղանկյուն սյունասրահներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է տասներկու սյունակ՝ երկու շարքով։ Մեծ դահլիճի հարավում պահեստավորման համար կառուցվել են մի շարք սենյակներ։ Շենքի երկայնքով կառուցված երկաթե պերսեպոլիտե սանդուղքները սիմետրիկ էին միմյանց հետ և կապված էին քարե հիմքերի հետ։ Տանիքը քայքայումից պաշտպանելու համար կառուցվել էին ուղղահայաց հորեր աղյուսե պատերի մեջ։ Ապադանայի չորս անկյուններում կառուցվել էին չորս աշտարակներ։

Պատերը սալիկապատված էին և զարդարված առյուծների, ցուլերի և ծաղիկների պատկերներով։ Դարեհը պատվիրել է իր անունը և կայսրության մանրամասները գրել ոսկե և արծաթե թիթեղների վրա, որոնք դրվել են պալատի չորս անկյունների տակ տեղադրված քարե տուփերում։ Ապադանայի հյուսիսային և արևելյան կողմերում կառուցվել են երկու պերսեպոլիտական ոճով սիմետրիկ սանդուղքներ, տարբեր հարթությունների համար։ Կառույցի կողքին կանգնած էին ևս երկու աստիճան։ Հյուսիսային սանդուղքը ավարտվել է Դարեհ I-ի թագավորության ժամանակ, իսկ մյուս սանդուղքը՝ շատ ավելի ուշ։

Պերսեպոլիսի գահական դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև որպես Հարյուր սյուների դահլիճ։ Հսկայական գահական դահլիճը, որը կազմված է (77 մ քա․) գահական սենյակից, կառուցվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում և պալատի տեսարժան վայրերից մեկն է։ Դրա 100 սյուները պատրաստված են եղել փայտից և փլուզվել են, սակայն դրանց քարե հիմքերը պահպանվել են ամբողջությամբ։ Դահլիճի մուտքը զարդարում են գեղեցիկ բարձրաքանդակներով տեսարաններ՝ որտեղ պատկերված են դիցաբանական կենդանիներ և տեսարաններ Քսերքսես I-ի ճակատամարտից։

Գահական դահլիճը եղել է պետական ընդունելությունների սենյակ, և համալիրի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող կենտրոն է եղել։ Այն նախագծվել էր ոչ միայն որպես նստավայր, այլ նաև արքայական տոների համար հատկացված սենյակ։

Այլ պալատներ և կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսի մյուս պալատներից են Տաչարան, որը կառուցվել է Դարեհ I-ի օրոք և Կայսերական գանձարանը, որի կառուցումը սկսվել է վերոհիշյալի օրոք Ք․ ա․ 510 թվականին և ավարտվել Ք․ ա․ 480 թվականին Քսերքսես I-ի կառավարման ժամանակ։ Վերջինիս ժայռակերտ Հադիշ պալատը զբաղեցնում էր հարթակի ամենավերին մասը, իսկ մնացած պալատները, դահլիճները, պահեստները, ախոռները և շինությունները, անավարտ դարպասը և Պերսեպոլիսում գտնվող մի քանի տարբեր կառույցներ գտնվում են հարթակի հարավ-արևելյան անկյունում, լեռան ստորոտին։

Արտաքսերքսես II-ի դամբարանը

Համարվում է, որ Կյուրոս Մեծի մարմինն ամփոփված է Պասարգադում, որն ըստ Կտեսիաս Կնիդացու եղել է նրա քաղաքը։ Եթե դա այդպես է, ապա նրա որդու՝ Կամբյուսես II-ի մարմինը պետք է թաղված լինի մոտակայքում՝ իր հոր կողքին։ Կտեսիասը ենթադրում է, որ թագավորների համար սովորություն էր իրենց գերեզմանը նախապատրաստել կյանքի ընթացքում։ Հետևաբար, Նաղշե Ռոսթամում թաղված թագավորները հավանաբար Դարեհ I, Քսերքսես I, Արտաքսերքսես I և Դարեհ II-ն են եղել։ Քսերքսես II-ը, որը շատ կարճ ժամանակահատվածում է կառավարել, հազիվ թե այդպիսի հիանալի հուշարձան ունենար, ինչպես և Սողդիանոսը։ Պերսեպոլիսի երկու ավարտուն գերեզմանները, հետևաբար, պատկանում են Արտաքսերքսես II-ին և Արտաքսերքսես III-ին։ Քաղաքից մի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է մի անավարտ գերեզման ևս, որը դեռևս վիճելի է, թե ում է պատկանում[22]։ Թերևս Արտաքսերքսես IV արքայինն է, որը թագավորեց ընդամենը երկու տարի, կամ, եթե ոչ, ապա Դարեհ III-ինը։ Քանի որ Ալեքսանդր Մեծն ասում է, որ Դարեհ III-ը թաղվել է Պերսեպոլիսում, ապա հավանաբար այդ անավարտ գերեզմանը նրանն է։

Միևնույն ոճի ավերակների մեկ այլ փոքր խումբ հայտնաբերվել է նաև Հաջի-Աբադ գյուղում, Փուլվարի գետի վրա, Պերսեպոլիսից քիչ հեռու։ Դրանք ձևավորում էին մի կառույց, որը դեռևս 900 տարի առաջ անփոփոխ էր և օգտագործվում էր որպես Էսթախր քաղաքի մզկիթ։

Ժամանակակից միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Փահլավիների կառավարման օրոք Պերսեպոլիսում անցկացվեց Պարսկական կայսրության 2500-ամյակի տոնակատարությունը։ Հրավիրվել էին օտարերկրյա պատվիրակություններ` ծանոթանալու Իրանի մշակույթին և պատմությանը։

Սիվան Դամի վիճաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվանդ քաղաքի մոտակայքում գտնվող Սիվանդ Դամ ամբարտակի շինարարությունը սկսվել է 2006 թվականի սեպտեմբերի 19-ին։ Չնայած 10 տարվա պլանավորմանը, Իրան Մշակութային ժառանգության կազմակերպությունը տեղյակ չէր տեղի հեղեղվող տարածքների մասին, և աճում է մտահոգությունը, թի ինչ ազդեցություն կունենա պատնեշը Պերսեպոլիսի շրջակայքի վրա։

Հնագետներն անհանգստանում են, որ Պասարգադի և Պերսեպոլիսի ավերակների միջև տեղադրված պատնեշը կհեղեղի երկուսն էլ։ Շինարարության ինժեներները մերժում են այս վարկածը` նշելով, որ դա անհնար է, քանի որ երկու վայրերն էլ բավականին բարձր են պլանավորված ջրագծից։ Երկու վայրերից առավել վտանգված է Պասարգադը։

Հնագետները մտահոգված են, որ լճի խոնավության բարձրացումը կնպաստի Պասարգադի աստիճանական ոչնչացմանը։ Այնուամենայնիվ, Էներգետիկայի նախարարության փորձագետները կարծում են, որ դա կբացառվի ջրամբարի ջրի մակարդակի վերահսկման միջոցով։

Թանգարաններ (Իրանից դուրս), որտեղ ցուցադրում են նյութեր Պերսեպոլիսից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսից մի քանի սալաքարեր պահվում են Անգլիայի Քեմբրիջի Ֆիտցվիլիամի Fitzwilliam թանգարանում[23]։ Մետրոպոլիտեն թանգարանում է պահվում նաև մի շարք հնագիտական պեղումներ[24]։

Տեսքը թռչնի բարձունքից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://iranicaonline.org/articles/persepolis
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://iranarchpedia.ir/entry/15269
  5. GeoNames — 2005.
  6. 6,0 6,1 http://whc.unesco.org/en/list/114
  7. https://books.google.com/books?id=KorZMqmTOJgC
  8. 8,0 8,1 https://books.google.com/books?id=lxQ9W6F1oSYC&pg=PA169
  9. 9,0 9,1 Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 43. — ISBN 0-7126-6612-5
  10. UNESCO World Heritage Centre (2006). «Pasargadae». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Bailey, H.W. (1996) "Khotanese Saka Literature", in Ehsan Yarshater (ed), The Cambridge History of Iran, Vol III: The Seleucid, Parthian, and Sasanian Periods, Part 2 (reprint edition), Cambridge: Cambridge University Press, p. 1230.
  12. Michael Woods, Mary B. Woods (2008). Seven Wonders of the Ancient Middle East. Twenty-First Century Books. էջեր 26–8.
  13. Perrot, Jean (2013). The Palace of Darius at Susa: The Great Royal Residence of Achaemenid Persia (անգլերեն). I.B.Tauris. էջ 423. ISBN 9781848856219.
  14. Garthwaite, Gene R. (2008). The Persians (անգլերեն). John Wiley & Sons. էջ 50. ISBN 9781405144001.
  15. 2002. Guaitoli. M.T., & Rambaldi, S. Lost Cities from the Ancient World. White Star, spa. (2006 version published by Barnes & Noble. Darius I founded Persepolis in 500 BC as the residence and ceremonial center of his dynasty. p. 164
  16. «Persepolis». Encyclopedia Britannica.
  17. «Persepolis». toiran.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  18. 18,0 18,1 Sachau, C. Edward (2004). The Chronology of Ancient Nations. Kessinger Publishing. էջ 484. ISBN 0-7661-8908-2. p. 127
  19. «Al-Beruni and Persepolis». Acta Iranica. Leiden: Brill. 1: 137–150. 1974. ISBN 978-90-04-03900-1.
  20. «Persepolis». Wondermondo.
  21. Penelope Hobhouse (2004). The Gardens of Persia. Kales Press. էջեր 177–8.
  22. https://books.google.am/books?id=7lK6l7oF_ccC&lpg=PA956&pg=PA956
  23. A Persepolis Relief in the Fitzwilliam Museum, Cambridge. Richard Nicholls and Michael Roaf. Iran, Vol. 15, (1977), pp. 146-152. Published by: British Institute of Persian Studies.
  24. Relief said to be from Persepolis. Penn Museum Collections.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսեպոլիս» հոդվածին։