Սառցաջարդ
Սառցաջարդ 1242 թվականին, ճակատամարտ ռուսական զորքերի և գերմանական լիվոնյան ասպետների միջև ապրիլի 5-ին Չուդ լճի վրա։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ շվեդները պարտվեցին Նևայի ճակատամարտում, խաչակիր գերմանացիները որոշեցին ավելի ուշադիր պատրաստվել նոր արշավին։ Նովգորոդցիներն արդեն ունեին գերմանացիների հետ պատերազմի հաջող փորձ։ 1234 թվականին Ալեքսանդր Յարոսլավի հայրը նրանց ջախջախել էր Օմովժա գետի ճակատամարտում։ Ալեքսանդր Նևսկին, իմանալով խաչակիրների ծրագրերը, 1239 թվականից սկսեց ամրությունների գիծ կառուցել հարավարևմտյան սահմանի երկայնքով, բայց շվեդները հարձակվեցին հյուսիս-արևմուտքից։ Նրանց պարտությունից հետո Նևսկին շարունակեց ամրապնդել սահմանները։ 1240 թվականի վերջին գերմանացիները սկսեցին արշավ դեպի Ռուսաստանի հողեր։ Նույն թվականին նրանք գրավեցին Իզբորսկը, իսկ 1241 թվականին պաշարեցին Պսկովը։ 1242 թվականի մարտի սկզբին Ալեքսանդրը օգնեց Պսկովի բնակիչներին ազատել իրենց իշխանությունը և գերմանացիներին դուրս մղեց քաղաքից հյուսիս-արևմուտք՝ դեպի Չուդ լճի տարածք։ Հենց այնտեղ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը, որը պատմության մեջ մտավ Սառցե ջարդ անվան տակ[1]։
Ճակատամարտի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]1240 թվականից Լիվոնյան օրդենի գերմանացի ասպետները սկսեցին ակտիվորեն արշավներ կատարել ռուսական հողերի վրա՝ մտադրվելով գրավել երկրի հյուսիսային տարածքները։ Սկզբում նրանց ուղեկցում էր հաջողությունը. ասպետներին հաջողվեց տիրանալ Իզբորսկուն և Պսկովին։ Հաջորդ թիրախը Նովգորոդն էր։ Ազատությունը պահպանելու համար նովգորոդցիները օգնություն խնդրեցին Ալեքսանդր Նևսկուց։ Փառաբանված հրամանատարը հեշտությամբ հավաքեց զորքը, բայց բախվեց սպառազինության խնդրին. դժվար էր արժանիորեն զինել բանակը, որպեսզի այն կարողանա դիմակայել զրահապատ թշնամուն։ Պատճառն այն էր, որ հյուսիսային ռուսական իշխանություններում զենքի արտադրության համար ռեսուրսները դժվար էր ձեռք բերել, ինչի պատճառով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, սովորաբար գնում էին արտերկրից։ Հենց այդ ժամանակ էլ Նովգորոդի արհեստավորները ձեռնամուխ են լինում զենքի արտադրմանը։ Նովգորոդի հմուտ արհեստավորները հանքաքարից հալած երկաթից ձուլում էին այնպիսի թրեր, որոնցից թշնամին փախչում էր[2]։
Ռուս զինվորներին հաջողվեց ազատագրել Պսկովը, գրավել Կոպորյե ամրոցը։ Լիվոնյան ասպետները վստահ էին հեշտ և արագ հաղթանակի մեջ։ Բայց Ալեքսանդր Նևսկին նոր մարտավարություն որդեգրեց, որը թշնամին չկարողացավ կանխատեսել. ռուսական բանակում գլխավոր դերը պետք է խաղային ոչ թե կենտրոնի մարտիկները, այլ թևերը։
Ալեքսանդր Նևսկին իր գնդերով դիրքավորվեց Չուդ և Պսկով լճերի միջև գտնվող նեղուցում։ Նման դիրքավորումը շատ հաջող էր։ Խաչակիրները կարող էին գնալ Նովգորոդ՝ շրջանցելով Չուդ լիճը դեպի հյուսիս, կամ Պսկով՝ Պսկովի լճի արևմտյան ափի երկայնքով դեպի հարավ։ Երկու դեպքում էլ Ալեքսանդրը կկարողանար ընդհատել թշնամու առաջխաղացումը։ Իսկ եթե խաչակիրները որոշեին ուղիղ գործել և փորձեին նեղուցը հաղթահարել ամենանեղ տեղում, ապա նրանք ուղղակիորեն բախվելու էին Նովգորոդի զորքերի հետ։ Արյունալի ճակատամարտը սկսվեց 1242 թվականի ապրիլի 5-ի առավոտյան, ավարտվեց միայն ուշ երեկոյան։ Ռուս նետաձիգները թշնամուն դիմավորեցին նետերի հեղեղով, բայց գրեթե ոչ մի լուրջ վնաս չկարողացան պատճառել։ Աստիճանաբար նետաձիգները սկսեցին նահանջել դեպի հետևակի շարքերը։ Սկսվեց անհավասար պայքար։ Խաչակիրներն արդեն պատրաստ էին հաղթանակ տոնել, բայց շուտով ձախից և աջից ռուսական բանակի երկու թևերը հարձակման անցան ասպետական ուժերի դեմ։ Թիկունքից հարվածեց արքայազն Ալեքսանդրի ընտրած ջոկատը։ Գիտակցելով, որ հետագա դիմադրությունն անօգուտ է, գերմանացի մարտիկները սկսեցին փախչել։ Եվ վերջին հարվածը նրանց հասցրեց Չուդ լճի բարակ սառույցը։ Զավթիչների ծանր սպառազինության ծանրության տակ այն ճեղքվեց[2][3]։
Արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառցե ջարդի արդյունքը գերմանացիների և նովգորոդցիների միջև կնքված պայմանագիրն էր, որի համաձայն՝ խաչակիրները պարտավորվել էին հրաժարվել ռուսական հողերի նկատմամբ բոլոր հավակնություններից և վերադարձնել ավելի վաղ գրավված տարածքները։ Տպավորիչ ռազմական հաղթանակների շնորհիվ Ալեքսանդր Յարոսլավիչը դադարեցրեց լայն խաչակրաց ագրեսիան Ռուսաստանի արևմտյան սահմանների վրա։ Հաղթանակից հետո Նովգորոդի իշխանությունը Նևսկու գլխավորությամբ կարողացավ պաշտպանական առաջադրանքներից անցնել նոր տարածքների նվաճմանը։ Ալեքսանդրը մի քանի հաջող արշավներ ձեռնարկեց լիտվացիների դեմ։
Ինչ վերաբերում է Չուդ լճի ճակատամարտի պատմական նշանակությանը, ապա Ալեքսանդրի հիմնական դերն այն է, որ նա կարողացավ դադարեցնել խաչակիրների հզոր բանակի հարձակումը ռուսական հողերի վրա։ Խաչակիրների կողմից նվաճման փաստը կնշանակեր վերջ Ռուսաստանի գոյությանը[1]։