Սասունի տարազ
Սասունի տարազ, հայկական ազգային տարազի ինքնատիպ նմուշ, որի փոփոխակներն են հանդիսանում Մոկսի, Շատախի, Հայոց ձորի, մասամբ նաև Բաղեշի և Վասպուրականի հարավային շրջանների լեռնային գյուղերի տարազը։ Սասունցիների տարազը արտացոլում էր իրենց կենցաղի և մտածելակերպի պատկերը։ Այն իրենց ապրուստի պես պարզ էր և հասարակ։ Ոմանք կարծել են, թե վերոհիշյալ տարազը քրդական է, բայց ուսումնասիրելով պատմական փաստերը, եզրահանգում ենք դրա ոչ իարավացիությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասունը, ինչպես և Մոկսը, Շատախը, Վասպուրականը և Բաղեշը իրենց զգեստավորման կարիքները բավարարում էին միայն իրենց տնայնագործական միջոցներով։ Հնուց ի վեր այդ շրջանների հայ բնակչության մենաշնորհն է եղել ջուլհակությունն ու զգեստների պատրաստումը, որից օգտվել են նաև քրդերը, ինչից էլ գալիս է կենցաղի և տարազի նմանությունը։ Բացի այդ 16-րդ դարում պարսկական շահ Իսմայիլի և օսմանյան Յավուզ Սուլթան Սելիմի միջև մղվող երկարատև պատերազմների ընթացքում Միջագետքից մեծ թվով քուրդ ցեղախմբեր գաղթելով բնակություն հաստատեցին հայաբնակ վայրերում։ Եկվորները՝ շոգ կլիմայի բնակիչներ, կարիք ունեյին հայ ջուլհակների պատրաստած հագուստին, ինչը նրանք վերցրեցին և կիրառեցին առանց նշանակալի փոփոխության[1]։
Կանացի հագուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասունուն կանայք, համեմատաբար, ավելի լավ էին հագնվում քան տղամարդիկ։ Նրանք իրենց գլուխները պատում էին բազմաթիվ ապարոշներով, վրայից դնում էին քոֆի։ Դրանց արտաքինը ծածկված էր բազմաթիվ հին ու նոր արծաթե դրամներով։ Աղջկա գլխահարդարանքում քոֆու վրա ոլորուն փուշի էր փաթաթվում։ Նրանց զգեստը, մանավանդ ամռանը, ծիրանի շապիկն էր, թևերը՝ տղամարդկանց շապիկի թևերի նման, օձիքը՝ զարդարված ասեղնագործված և գոցված արծաթե կապով։ Այն երկար, ոտքերը ծածկող աբայի տեսք ուներ, մեջքին կապում էին պարսկական կամ հասարակ շալ։ Միայն ծերունի նաները կրում էին ասեղնագործ կարմիր գոգնոցներ և սպիտակ շապիկներ։ Մանկամարդ հարսները իրենց գլուխը ծածկում էին կտավե քողով, որ իջնում էր մինչև ոտները։ Այն մի թզաչափ բարձրություն ուներ, բացի հին ու նոր դրամներից՝ զարդարված էր գունավոր ուլունքներով։ Իսկ վերևում հիշատակված գոգնոցները կոչվում էին «չաթրիք»։ Այս բոլոր հագուստները պատրաստվում էին Լճե գավառի անունով կոչվող լճու կտորից (գործվածքից)։
Տղամարդու հագուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասունի տղամարդու տարազը իրենից ներկայացնում է խաչաձև հյուսված մետաքսաթել խույր՝ սև կամ գույնզգույն ապարոշով փաթաթված, թևերը մինչև ուսը՝ գրեթե բաց։ Սասունցին հագնում էր երկար, եռանկյունի թևերով շապիկ, ինչը նրան ծառայում էր գրպանի տեղ, իսկ կռվի ժամանակ երկու թևերի ծայրերը կապելով միմյանց՝ վզով էին անցկացնում։ Լայն վարտիքը՝ թումպանը երկու տեսակ էր. առօրյա գործածականը՝ սև բրդից գործված, իսկ տոնականը՝ զոլավոր։
Հայաստանի ժողովրդական ստեղծագործության թանգարանում պահվում է Սասունցի տղամարդու տոնական տարազը։ Տաբատը կարված է Շատախի շալ կտորից` վրան մեծ վարպետությամբ արված ասեղնագործությամբ։ Գլխարկը պատրաստված է թաղիքից, իսկ վրան փաթաթված է մետաքսե նուրբ փուշի։ Տղամարդիկ հագել են երկար թևքերով ասեղնագործ շապիկ՝ զարդարված շեղանկյուններով ու գծերով։ Թևքաբերանները՝ կապույտի և կարմիրի հարաբերությամբ, ունեն ճեղքեր և եզերված են ծոպաթելերով։ Կրծքամասի երկու կողմերում մետաղե դեկորատիվ կոճակներե են[2]։
Սասունցիների ամենահարգի զգեստը կոչվել է «ապի»։ Այն գործած եր այծի մազից և լինում էր երեք տեսակ։ «Միրանի ապին» հագնում էին ունևորները, այն ավելի շքեղ էր ուսերի վրա թավամազ։ Թևերը հասնում էր մինչև դաստակները, կրծքի երկու փեղկերը՝ ոսկեթել երիզված։ «Խարճերով ապիի» կրծքի փեղկերը 10 սմ լայնքով սուրմա թելով գործված էր, որը ոսկու նման փայլում էր։ Սա երիտասարդների սիրած հագուստն էր։ «խազի ապին» նման էր երկրորդին եզրերի սուրման ավելի նեղ էր։ Սա հագնում էին միջին տարիքի տղամարդիկ։ Սասունցիների մեջքը փաթաթված էր բազմածալ գոտիով։
Սասունում տղամարդկանց ոտնամաններից տարածված էր տրեխը, սոլերը և վուշի ու այծի մազը խառնած թելով գործած ոտնամանը, որը կոչվում էր խորունկ։ Այս ոտնամանը շատ դիմացկուն էր լեռնային վայրերի համար։
Սասունի տղամարդու տոնական տարազում շալվարը շալ կտորից էր և վրան մեծ վարպետությամբ արված ասեղնագործությամբ։ Գլխարկը պատրաստված էր թաղիքից, իսկ վրան փաթաթված էր մետաքսե նուրբ փուշի՝ ցանցառ ծոպերով։ Շապիկը երկար թևերով էր և ասեղնագործ` զարդարված երկրաչափական շեղանկյունիներով ու գծերով։ Թևաբերանները` կապույտի և կարմիրի հարաբերությամբ ճեղքերով էր և եզերված են ոսկե ծոպերով։ Շապիկի վրայից կար կարմիր մահուդից կարճ վերնազգեստ` «ապի»՝ զարդարված ոսկե ժապավեններով ու սև ոլորաթելերով։ Կրծքի երկու կողմերում մետաղե դեկորատիվ կոճակներ էին, որոնք չէին կոճկում` եզերված ոսկե ծոպերով[3]։ Տոնական սոլերը կարմիր էին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պատրիկ, Առաքել (1967). Հայկական տարազ. Երևան. էջ 14.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.
- ↑ «Հայ տղամարդու տարազ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին.