Սեբաստիանոն ձախլիկ է, նա իր կարիերան սկսել է Ջենոայում։ Հետագայում տեղափոխվեց մայրաքաղաքային Ռոմա, որտեղ և անցկացրեց իր կարիերայի մեծ մասը, Նելան իր անդրանիկ հանդիպումը Ռոմայի կազմում անցկացրեց 1981 թվականի սեպտեմբերի 13-ին Ավելլինոյի դեմ խաղում, որը ավարտվեց 0։ 0 հաշվով[1]։ 1983 թվականին Ռոմայի կազմում մասնակցելով 28 հանդիպման Նելան դարձավ Իտալիայի չեմպիոն[1]։ Նելայի հաջող ելույթներից հետո նա հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու 1986 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականը դուրս մնաց 1/16-ից փուլից, իսկ Նելան այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։ Հավաքականում առաջին հանդիպումը անցկացրեց Գերմանիայի դեմ 1984 թվականի մայիսի 22-ին[2]։ Նելան Իտալիայի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ անցկացրեց 5 հանդիպում, ինչպես նաև 3 հանդիպում անցկացրեց Լոս Անջելեսում կայացած 1984 թվականի օլիմպիական խաղերում, որտեղ օգնեց իտալացիներին գրավել 4-րդ տեղը առաջնությունում[3]։
1987 թվականին Նելան լուրջ վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց 1 տարի։ Հայտնի իտալացի երգիչ Անտոնելլո Վենդիտտին իր "Correndo correndo" երգը նվիրեց Նելային, այդ երգը տեղ գտավ 1988 թվականին նրա թողարկած In questo mondo di ladri ալբոմում[4]։
Նելան հեռացավ Ռոմայից 1992 թվականին և միացավ Նեապոլը ներկայացնող Նապոլիին։ 1993/94 մրցաշրջանից հետո Սեբաստիանոն ավարտեց ֆուտբոլային կարիերան։
Կարիերան ավարտելուց հետո Նելան աշխատում էր որպես սպորտային մեկնաբան որոշ հանրահայտ տեղական և արբանյակային ալիքներում, իսկ ներկայումս աշխատում է Mediaset Premium հեռուստալիքում[5]։
Սեբաստիանո Նելան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։ 2012-ին ընտրված 11 ֆուտբոլիստներից հետո, 2013 թվականին նրանց միացան ևս 4-ը, որոնցից մեկն էր հենց Սեբաստիանոն[6]։