Jump to content

Ստեփան Արսլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Արսլանյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1822(1822-12-25)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1901(1901-11-17) (78 տարեկան)
ԿրթությունԿ. Պոլ­սի Կայ­սե­րա­կան զին­վո­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Ստեփան Արսլանյան Փաշա Եղիայի (գրվել է նաև Ասլանյան կամ Ստեփան Եղիա, դեկտեմբերի 25, 1822(1822-12-25), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1901(1901-11-17)), բժշկապետ, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի բազմիցս ատենապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Արսլանյանը ծնվել է 1822 թվականի դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլ­սի Բերա թաղամասում՝ Եղիա և Վարդենի Արսլանյանների ընտանիքում։ Հայրը եղել է վանեցի և հանձնակատար ծեփագործ արհեստավոր։ Ընտանիքում եղել են 4 եղբայր՝ Հակոբ, Հովհաննես, Հայրապետ, Ստեփան։ Եղբայրներից Հայրապետը ևս եղել է զինվորական բժիշկ։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Բերա թաղամասի սբ. Էջմիածին ազգային դպրոցում / Գառնաուլա թաղի ծխական վարժարանում։ 1838/1839-1841 թվականներին սովորել է Կ. Պոլսի ասիական կողմի Սկյուտար թաղամասի Սուրբ Երուսաղեմ ազգային գիշերօթիկ ճեմարանում, որտեղ կատարյալ յուրացրել է հին և նոր հայերենը, հայ մշակույթի պատմությունը։ 1841-1842 թվականներին սովորել է Կ. Պոլսի Սուլթանիե (պետական) լիցեյում։ 1842-1847 թվականներին, օգտվելով Թանզիմաթի ընծայած թույլտվությունից, սովորել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանում (այդ վարժարանի առաջին հայ շրջանավարտն է համարվում)։ 1847 թվականին վարժարանը գերազանց ավարտելուց հետո ստացել է բժշկի վկայական և հազարապետի (քոլ-աղասը) աստիճան։ 1847 թվականին որպես լավագույն ուսանող, սուլթան Աբդուլ Մեջիդից արժանացել է պետական կրթաթոշակի և օսմանյան բանակի զինվորական համազգեստով ուղարկվել Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում և նրա կլինիկաներում վիրաբուժական մասնագիտություն ստանալու։ 1848 թվականին քննությունները հանձնելուց և դոկտորական թեզ պաշտպանելուց հետո Վիեննայի համալսարանից դոկտորի վկայագիր է ստացել։

1848 թվականին վերադարձել է ծննդավայր, և լինելով վիրաբույժ (այլ ոչ թե վարակաբան), օգոստոսին նշանակվել է Կ. Պոլսի Բեյլերբեյի հիվանդանոցի բժշկապետ, որտեղ բուժվում էին խոլերայով հիվանդ թուրք զինվորները (Օսմանյան կայսրության ներքին օրենքներով որոշված էր, որ բժշկության բոլոր վտանգավոր բնագավառներում միայն հայ բժիշկները պետք է աշխատեին)։ Այնուհետև նշանակվել է Սպարապետության (Սերասքեր կափուսու) հիվանդանոցի բժիշկ։ 1849 թվականի վերջին ստացել է դեր-գնդապետի (կայմակամ) աստիճան, «բեյ» տիտղոս և նշանակվել Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանի վիրաբուժության օգնական դասախոս։ 1849 թվականին նրա ջանքերով վերականգնվել է «Նա­րե­կյան ըն­կե­րու­թյու­նը»։ 1849-1850 թվականներին դասավանդել է «Առա­ջին օգ­նու­թյուն» առարկան։ 1853 թվականին ամուսնացել է արքունի ճարտարապետ Օհաննես (Հովհաննես) Սերվերյան ամիրայի դստեր հետ։ 1857 թվականին Խասգյուղից տեղափոխվել է Բերա։ 1857 թվականին, բարեխիղճ ծառայության համար գնդապետի (միրալայ) աստիճանին է արժանացել։ 1859 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել։ 1857/1858-1870/1872/1879 թվականներին ծառայել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանի արտաքին ախտաբանության, տեսական և գործնական վիրաբուժության կարգավորյալ պրոֆեսոր (ամբիոնի վարիչ)։ Այդ տարիներին պատրաստել է բազմաթիվ որակյալ բժիշկներ, որոնցից շատերը Օսմանյան կայսրության բժշկության երևելի դեմքերն են դարձել հետագայում։

1858 թվականին եղել է Ազգային գերագույն ժողովի (Ազգային կենտրոնական վարչության կամ Խառը ժողովին նախորդած մարմինը) ատենապետը։ 1859-1861 թվականներին եղել է Կ. Պոլսի Բերա թաղամասի 6-րդ բաժնի խորհրդի անդամ։ 1860 թվականին աջակցել է Ազգային սահմանադրությունը պատրաստող Գրիգոր Աղաթոնին, Գրիգոր Օտյանին, Նահապետ Ռուսինյանին, Սերվիչենին (Սերովբե Վիչենյան) և մյուսներին։ 1863-1864 թվականներին միաժամանակ եղել է հանրային կրթության տեսուչ։ 1865-1870 թվականներին դասավանդել է «Օպե­րա­տիվ վի­րա­բու­ժու­թյուն»։ 1869 թվականին հիմնադրել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի բժշկական ընկերությունը՝ Բոսֆորի ասիական ափի բժիշկների մասնակցությամբ։ 1870 թվականին արժանացել է փաշայի զինվորական աստիճանին։ 1870-1880 թվականներին եղել է Սպարապետության բարձրագույն խորհրդի բժշկական և առողջապահական մարմնի անդամ և ատենապետ։ 1871-1872 թվականներին դասավանդել է «Ֆի­զի­ոլ­ո­գիա» առարկան։ 1875-1876 թվականներին Թուրքիայի եվրոպական մասի՝ Ռումելիի ընդհանուր առողջապահության տեսուչ է նշանակվել։ 1875-1880 թվականներին եղել է Ազգային կենտրոնական վարչության (Խառը ժողովի) ատենապետը։ 1877-1878 թվականներին Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայել է զինվորական բժիշկ Ավստրիայում։ 1877 թվականին պետության հրամանով կայսերական բանակի համար բժիշկներ ընտրելու նպատակով ճամփորդել է Եվրոպայում։ 1878 թվականին գտնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս (Էդիրնե) քաղաքում՝ որպես Սաֆֆետ փաշայի բուժական գծով տեղակալ։ 1878 թվականին, երբ ավարտվել է Ռուս-թուրքական պատերազմը, մեծ դեր է կատարել հայերի ցավալի վիճակը Ռուսաստանի պետության ուշադրությանը հրավիրելուն հայտնի 16-րդ հոդվածը Այա-Ստեֆանոյի դաշնագրի մեջ դնել տալու համար։ Բժշկական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Ըստ բժիշկ-պատմաբան Վահրամ Թորգոմյանի՝ նրա անտիպ հուշերը կորել են տարիների թոհուբոհում։ Իր հարգված և բարձր դիրք ունենալու շնորհիվ ունեցել է նաև նախանձողներ ու թշնամիներ բարձրաստիճան զինվորականների շրջանում։ 1879 թվականին սրբոց Հակոբյանց վանքի վարչական և հաշվական գործերի լիազոր քննչի հանգամանքով մեկնել է Երուսաղեմ։ Իր քննությունների տեղեկագիրը ներկայացրել է Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության և նրա շնորհակալությանն արժանացել։ 1879 թվականին, զգալով իր շուրջը Կ. Պոլսում խտացող զազրելի ու վտանգավոր մթնոլորտը, որ առաջացել էր թուրք պաշտոնակիցների «շնոր­հիվ», Ստեփան փաշա Արսլանյանը զինվորական ասպարեզից ինքնակամ հրաժարվել է, զինվորական բժշկական վարժարանից դուրս եկել և թոշակի անցել։ Այդ ամենից հույժ վիրավորված, կամավոր կամ բուժման նպատակով մեկնել է Եգիպտոս և որոշ ժամանակ ապրել Կահիրեում, որտեղ շարունակել է զբաղվել բժշկությամբ։ 1884 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, սակայն կարճ ժամանակ հետո Ֆրանսիա է մեկնել։ 1884-1889 թվականներին Կ. Պոլսից բացակայելու ընթացքում նրան ամբաստանել են իբրև «գյա­վուր», օսմանյան գահի դավաճան, թուրք զինվորական համազգեստին անարժան և այլն։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հավատալով զրպարտանքներին, շնորհազրկել է վաստակաշատ բժիշկ պրոֆեսորին։ 1889 թվականին մի ականավոր հայի՝ Արթին փաշա Տատյանի բարեխոսության շնորհիվ սուլթանը թույլ է տվել, որ բժիշկը վերադառնա Կ. Պոլիս, որից հետո վերադարձել և բնակվել է Կ. Պոլսի Կուզգունջուկ թաղամասում։ 1891 թվականին հրաժարվել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամությունից։ 1897 թվականի վերջերին կարողացել էր վերականգնել նաև իր զինվորական աստիճանին վայել իրավունքները։ Հետագա տարիներն ապրել է նյութական դժվարությունների ու աղքատության մեջ։ Պրոֆեսորը մշտապես գտնվել է Կ. Պոլսի հայ կյանքի հորձանուտում։ Աջակցել է հայկական դպրոցների կրթական վերելքին, զբաղվել եկեղեցանվեր, կրթասիրական բարեգործական գործունեությամբ։ Նրա ջանքերով է կառուցվել Կ. Պոլսի Բանկալթիի հայոց գերեզմանատան սուրբ Լուսավորիչ եկեղեցին։ Իր պահպանողական հայացքների համար նրան խստորեն քննադատել է Հակոբ Պարոնյանը, նրան ընդգրկելով իր «Ազ­գա­յին ջո­ջե­րի» մեջ։

Մահացել է 1901 թվականի նո­յեմ­բե­րի 17-ին, Կ. Պոլսում՝ 79 տարեկանում։ Թաղվել է Շիշլիի ազգային գերեզմանոցում։

Բժիշկ Վահրամ Թորգոմյանը պատմել է, որ Ստեփան Արսլանյանի անտիպ շատ արժեքավոր հուշերը մի հայ ընտանիք իրենից վերցրել է պատճենելու նպատակով և չի վերադարձրել։

Պարգևատրվել է արծաթյա և ոսկե մեդալներով, «Օս­մա­նիե» և «Մե­ջի­դիե», ինչպես նաև օտար պետությունների պատվանշաններով։

Աշ­խա­տու­թյու­ն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագիր Ս. Փրկչեան Հիւանդանոցի, Կ. Պոլիս, 1860։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ատիլ Գ. և ուրիշներ, Ազգային գերեզմանատուն հայոց. Շիշլի, Կ. Պոլիս, 1922։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., 1973։
  • Օտեան Երուանդ, Մեր երեսփոխանները, մեր Ազգային ժողովը, Երեւան, 1999։
  • Վարդանյան Ս., Հայաստանի բժշկության պատմություն, Ե., 2000։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։