Վասալիտետ
Վասալիտետ (ֆր.՝ vassalite, vassal - ուշ, լատին․՝ vassallus, vassus - ծառա), միջնադարում ավատատերերի մի մասից (սենիորներ) մյուսների (վասալներ) անձնական կախվածության հարաբերությունների համակարգ։ Արևմտյան Եվրոպայում վասալիտետը որպես ավարտուն համակարգ ձևավորվել է 8-9-րդ դարերում Ֆրանկական պետությունում, որտեղ թագավորները և խոշոր ավատատերերը զինվորական ծառայության դիմաց տալիս էին հող, կայք կամ եկամտի որևէ այլ աղբյուր։ Սկզբում ցմահ տրվող հողերն աստիճանաբար դարձել են պայմանական ժառանգական տիրույթներ (ավատ, ֆեոդ, լեն)։
Վասալի գլխավոր պարտականությունն իր հաշվին զինծառայությունն էր որոշակի ժամկետով (սովորաբար 40 օր տարվա մեջ)։ Սենիորը պարտավոր էր պաշտպանել իր վասալին և նրա ունեցվածքը։ Վասալիտետի հարաբերությունների տարածման հետևանքով ձևավորվեց ավատատիրական հիերարխիական սանդուղքը (թագավորից մինչև մանր ավատատատերերը)։
Կենտրոնացված ավատատիրական պետությունների կազմավորման, ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև վասալական զինծառայությունը վարձու ջոկատների համակարգով փոխարինելու պայմաններում, վասալիտետը աստիճանաբար կորցրեց ռազմական և քաղաքական նշանակությունը։
Արևելքի երկրներում վասալիտետը թույլ էր զարգացած, թեև Ճապոնիայում և մոնղոլների նվաճած երկրներում նույնպես ձևավորվել է բազմաստիճան հիերարխիական սանդուղք։
Հայաստանում ավատատիրության ժամանակաշրջանում մանր ազնվականները (որոնց վրա հենվել են թագավորները խոշոր ավատատերերի դեմ պայքարում) զինվորական, վարչական և այլ կարգի ծառայության դիմաց արքունիքից ստացել են հող («պարգևական» հողատիրություն), և պատերազմի դեպքում պարտավոր էին իրենց ձիով ու զենքով ներկայանալ սյուզերենին։ Նրանք պարգևական հողից օգտվել են վասալական պարտականությունների կատարման ամբողջ ժամանակամիջոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 289)։ |