Վեդին, Վադա, Վեդիի ջուր, Վետե, Վետի, Ուրծաձոր, Ուրծաձորի գետ, գետ ՀայաստանիԱրարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է[2]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում ԱրաքսըԵղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում[3]։
«Խորհրդային Հայաստան» օրաթերթում, վրիպակով գետը կոչված է Բեդիչայ[4]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 119 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 357)։