Տարրական մաթեմատիկա
Տարրական մաթեմատիկա, ոչ լիովին որոշված հասկացություն, որով սովորաբար անվանում են մինչև XX դ․ կեսերը միջնակարգ հանրակրթական դպրոցում դասավանդվող մաթեմատիկան՝ թվաբանությունը, տարրական հանրահաշիվը, տարրական երկրաչափությունը և եռանկյունաչափությունը։ Տարրական մաթեմատիկան ուսումնասիրում է մաթեմատիկական այնպիսի հասկացություններ ու մեթոդներ, որոնք ստեղծվել են հնագույն ժամանակներից մինչև XVII դ․ և, բացառությամբ առանձին դեպքերի, վերաբերում են հաստատուն մեծություններին ու երկրաչափական ձևերին ու նրանց միջև գոյություն ունեցող կայուն հարաբերություններին։ Այս առումով այն անվանում են նաև հաստատուն մեծությունների մաթեմատիկա, ճիշտ է, տարրական մաթեմատիկայում դեռևս վաղ ժամանակներից դիտարկվել են նաև կոնկրետորեն որոշվող փոփոխականներ ու ֆունկցիաներ (օրինակ, եռանկյունաչափական ֆունկցիաները), ինչպես նաև ըստ էության հաջորդականության սահմանի հասկացությանը հանգող կոնկրետ դեպքեր (օրինակ, շրջանագծի երկարության որոշումը ներգծյալ և արտագծյալ կանոնավոր բազմանկյունների պարագծերի հաջորդականությունների միջոցով), սակայն փոփոխականի, ֆունկցիայի, սահմանի, գծի, մակերևույթի, բազմության ընդհանուր՝ վերակված հասկացությունները, որոնք ստեղծվել ու զարգացվել են XVII դ․ հետո, դուրս են գալիս տարրական մաթեմատիկայի շրջանակներից։ Դրանք բարձրագույն մաթեմատիկայի ուսումնասիրման հիմնական առարկան են։ ժամանակի ընթացքում, առանձնապես վերջին տասնամյակներին, դպրոցում դասավանդվող մաթեմատիկա են ներթափանցել մաթեմատիկական անալիզի և բազմությունների տեսության որոշ հասկացություններ, որի հետևանքով ավելի է դժվարանում տարրական մաթեմատիկայի և բարձրագույն մաթեմատիկայի սահմանազատումը։ Այնուամենայնիվ, տարրական մաթեմատիկայի հասկացություններն ու մեթոդները, որոնք շարունակում են զարգանալ ու նոր կիրառություններ գտնել, էապես տարբեր են մաթեմատիկայի անալիզի, բազմությունների տեսության, ժամանակակից հանրահաշվի՝ առավելագույն չափով ընդհանրացված և վերացարկված հասկացություններից ու մեթոդներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 622)։ |