Տեմպ (երաժշտություն)
Տեմպ (իտալ.՝ tempo, լատին․՝ tempus — ժամանակ), երաժշտության մեջ՝ ստեղծագործության կատարման արագության աստիճանը, փաստորեն՝ մետրի մասերի հաջորդման հաճախականությունը։ Որևէ ստեղծագործության բնույթն ու տրամադրությունը հաղորդելիս, Տեմպին, ինչպես և դրա բացահայտ (հաճախ՝ կոնտրաստային) փոփոխումներին ու նրբին, «աննկատ» տարբերակումներին նշանակալից դեր է վերապահվում։ Ուստի լադաինտոնացիայի և ռիթմի հետ միաժամանակ, տեմպ ևս արտահայտչականության գործուն միջոց է։ Երաժշտական ստեղծագործություններում տեմպ խոսքբերով նշվում է սկսած XVII դարից։ Այդ նպատակով գործածվում են գլխավորապես իտալական տերմիններ՝ ադաջո, աչեգրո, անդանտե, մոդերատո և այլն, որոնք ցույց են տալիս կատարման մոտավոր արագությունը (երբեմն՝ միաժամանակ նաև ընդհանուր բնույթը)։ Տեմպի արագացումը նշվում է accelerando, դանդաղեցումը՝ ritardando, տեմպ վերականգնելը կամ սկզբնական տեմպին վերադառնալը՝ a tempo կամ tempo primo, տեմպը խստիվ չպահպանելը (ազատ տեմպով կատարելիս)՝ tempo rubato («գողացված» տեմպ) կամ a piacere (ըստ ցանկության)։ Տեմպ նշել են նաև այլ լեզուներով, օրինակ, Ռ․ Շումանը՝ գերմաներեն, Կ․ Դեբյուսին՝ ֆրանսերեն, Կոմիտասը՝ հայերեն և այլն։ Հայկական խազագրության մեջ մեղեդիի կատարման անհրաժեշտ արագությունը հասկացվել է բուն խազագրերից ու դրանց հաջորդականությունից։ XIX դարի նոր հայկական ձայնագրության մեջ սահմանված էին՝ Հույժ ծանր, Ծանր, Չափավոր, Միջակ և Հորդոր նշումները և դրանց զուգորդումները, ժողովրդական և հոգևոր շատ երգեր, անկախ արագության նշումից, կատարվում են ագատ տեմպով։ Երբեմն տեմպային նշումն օգտագործվել է որպես ստեղծագործության կամ նրա մասի խորագիր, ինչպես, օրինակ, Բ․ Բարտոկի դաշնամուրային «Ալեգրո բարբարո» պիեսը կամ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջոն»։ Տեմպ ճշգրիտ նշելու և վերարտադրելու համար օգտագործվում է մեւորոնոմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 649)։ |