Jump to content

Տիգրան Ալլահվերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ալլահվերդի
Ծնվել է1860
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունբժիշկ և դեղագործ
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ

Տիգրան Ալլահվերդի, բժիշկ, պետական-հասարակական գործիչ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ Ծնվել է 1860 թվականին, Կոստանդնուպոլսի Ենիկափու թաղամասում՝ կեսարացի ծնողների ընտանիքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Ենիկափուի և Կումկափուի ազգային վարժարաններում ու սուլթան Աբդուլ Ազիզի՝ 1868 թվականին հիմնած՝ Կոստանդնուպոլիսի Կալաթասերայի «Մեք­թեբի Սուլ­թա­նիե» («Սուլ­թա­նա­կան վար­ժա­րան») բարձրագույն վարժարանում և փայլուն ընդունակություններ դրսևորել։ 1882 թվականին ստացել է դեղագործի վկայական և Կ. Պոլսի Բահչեկափու թաղամասում դե­ղա­գործ աշխատել։ 1886-1893-1895 թվականներին փայլուն ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Ժանտատենդի հարցերին նվիրված նրա ավարտաճառն արժանացել է վարժարանի քննիչ մարմնի «պատ­վոնի­շին»։ Բեռլինի և Վիեննայի բժշկական կենտրոններում մասնագիտացել ներքին հիվանդությունների գծով։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ բժիշկ է աշխատել և կարճ ժամանակում խղճմիտ ու ճարտար մասնագետի մեծ համբավ ձեռք բերել։ Անատոլիայի զանազան քաղաքներում քաղաքային բժիշկ է աշխատել և զինվորական բժիշկ ծառայել։ Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի Կումկափուի, ապա՝ Բերայի թաղային բժիշկը։ Եղել է Կ. Պոլսի Օս­մա­նյան կայ­սե­րական բժշկական ընկերության անդամ։ Զբաղվել է հանրային գործունեությամբ։ Դասախոսություններ է կարդացել Բերայի Աղքատախնամի հաստատած հիվանդապահության դա սընթացում, Կ. Պոլսի չորս թաղերի ազգային վարժա րաններում։ Բժշկական հանրամատչելի հոդվածներով աշխատակցել է Կ. Պոլսի «Ստամ­բուլ» ֆրանսերեն օրաթերթին։ Եղել է Կ. Պոլսի Կումկափու, ապա՝ Ֆերիգյուղ (Ֆերիքեոյ) թաղային խոր հուրդների անդամ։ 1901 թվականիցից եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն՝ ազգային երեսփոխան), նաև՝ Քաղաքական ժողովի Դատաստանական խորհրդի անդամ։ Կյանքի վերջին տարիներին եղել է Կ. Պոլսի Կումկափուի չորս թաղերի Աղքատախնամ ընկերության ատենապետը։ Մարմարա ծովի ասիական ափում գտնվող Բանդրմայում, Էդինջիքում և դրանց շրջակայքում տարածված խո­լե­րայի համաճարակի ժամանակ, նշանակվել է այդ տարածքների առողջապահական տեսուչի պաշտոնին, և կանխարգելիչ միջոցներ կիրառելու շնորհիվ մի քանի ամիս հաջողությամբ պայքարելով կանխել վտանգավոր համաճարակի հետագա տարածումը։ Իր ծառայությունների համար արժանացել է ուլայի (իւլա) զինվորական աստիճանին։ Պարգևատրվել է «Մե­ջի­դիե», «Օս­մա­նիե» և «Լի­ա­գաթ» պատվանշաններով, ինչպես նաև Հունաստանի «Այոս Յոր­ղոս» (սբ. Գևորգ) ու Սերբիայի «սուրբ Սավ­վա» շքանշաններով։ 1914-1918 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ ծառայելով օսմանյան բանակում, բազմաթիվ օգուտներ է մատուցել Օսմանյան պետությանը և նրա հայ համայնքին։ 1915 թվականի ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ ձերբակալված հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս արգելափակվել այնտեղ։ Հանգամանքների բերումով փրկվել է անխուսափելի մահից։ Պատերազմից հետո դասախոսել է Աղքատախնամ ընկերության՝ Կ. Պոլսի Բերա թաղամասում հիմնած հիվանդապահների դասընթացում և Կ. Պոլսի 4 թաղամասերի ազգային վարժարաններում։ Մահացել է 1930-1932[փա՞ստ] թվականի հունվարի 26-ին, Կ. Պոլսում՝ 71 տարեկանում։

Աշխատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆ հիվանդության բուժումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Ալպօյաճեան Ա., Պատ մութիւն հայ Կեսարիոյ, Բ., Գահիրէ, 1937։ 4. Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։ 5. Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։ 6. Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), Պոսթոն, 1957։ 7. Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
  • Պալաքյան Գրիգորիս ծ.վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։ 9. Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։ 10. Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։ 11. Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։ 12. Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թվական ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմուշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։