Jump to content

Տիգրան Գևորգի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Տիգրան Մարտիրոսյան։
Տիգրան Գևորգի Մարտիրոսյան
2011 թ., Փարիզ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 9, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Հայաստան, Գյումրի
Քաշ՝77 կգ

Տիգրան Գևորգի Մարտիրոսյան (հունիսի 9, 1988(1988-06-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։ Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի[1], աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում 1988 թ. հունիսի 9-ին։ Հայրը ծանրամարտիկ Գևորգ Մարտիրոսյանն է, մայրը՝ Սեդա Յախանեջյանը։ Հայրը ծագումով Կարսից է, մայրը՝ Սեբաստիայից։ Ունի մեկ ավագ և մեկ կրտսեր եղբայր, նաև ավագ քույր, որը մահացել է 9 տարեկան հասակում։ Աղջկա մահվանից մեկ տարի անց քրոջ ծննդյան օրը նույն ժամին ծնվել է Տիգրանը (1988, հունիսի 9, ժամը 8։20)[2]։

Տիգրանի հայրն իր երկու առաջնեկների համար մեկական խնձորենի էր տնկել։ Աղջկա անժամանակ մահվանից հետո նրա անվան ծառը չորացել էր։ Սակայն մեկ տարի անց, երբ ծնվեց Տիգրանը, ծառը կարծես հրաշքով ծաղկեց[2]։

Տիգրանի մեծ եղբայր Հայկը դարձել է պրոֆեսիոնալ ծանրամարտիկ, սակայն հոր մահվանից հետո ընտանեկան խնդիրների պատճառով թողել է սպորտը։ Տիգրանը ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ 13 տարեկանում նա արդեն ծանրամարտի Հայաստանի չեմպիոն էր[2]։

Հոր մահվանից հետո Տիգրանը սկսել է մարզվել Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

2003 թ. դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, հաջորդ երկու տարիներին՝ չեմպիոն։ Նրան է պատկանում նաև աշխարհի երիտասարդական առաջնության երկու ռեկորդ 69 կգ քաշային կարգում (պոկում՝ 156 կգ, երկամարտ՝ 346 կգ)։

Մարտիրոսյանը 2007 թ. Ստրասբուրգում երկամարտի 331 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն։ Հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ երկամարտի 346 կգ արդյունքով։

Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել 2008 թ. ամառային օլիմպիական խաղերում (պոկելով 153 կգ, հրելով 185 կգ)։ Քսան տարեկանում Մարտիրոսյանը դարձել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մեդալակիրը։

2009 թ. Տիգրան Մարտիրոյանը փոխեց իր քաշային կարգը (69-ից՝ 77 կգ)։

2009 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությանը Տիգրանը երկամարտի 370 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն չինացի Լյու Քսիայուին, որը թարմացրեց աշխարհի երեք ռեկորդներից երկուսը։

2010 թ. նա համոզիչ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում։ Շաբաթներ անց մայիսի 23-ին սրտի անբավարարությունից մահացավ Մարտիրոյանի մարզիչ Աշոտ Մխիթարյանը։ Այդ տարի Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը, առաջ անցնելով չինացի Լյու Քսիայուից, դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։ Մարտիրոսյանն իր հաղթանակը նվիրեց Աշոտ Մխիթարյանի հիշատակին[3]։ Այդ տարի Տիգրանը դարձավ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ[4][5]։

Հաջորդ տարի Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը ուսի վնասվածքի պատճառով նա չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը՝ գրավելով չորրորդ տեղը։

2012 թ. ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում նա ոսկու ամենամեծ հավակնորդն էր։ Սակայն մեջքի վնասվածքի պատճառով խաղերից մի քանի օր առաջ հրաժարվեց մասնակցությունից։

Երկարատև ընդմիջումից հետո Տիգրանը 2014 թ. Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 342 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ Իսկ 2015 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2015 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելով պոկում վարժությունում զրո ստացավ[6]։ 2016 թվականի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում հայտնաբերվել է ստանոզոլոլ ու ևս մեկ արգելված խթանիչ։ Այդ պատճառով օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել որում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
  2. 2,0 2,1 2,2 «Տիգրանը ծովից ծով հայերին ուրախություն պարգևեց»,- ասում է չեմպիոնի մայրը
  3. «Տիգրան Մարտիրոսյանը իր հաղթանակը նվիրում է իր հանգուցյալ մարզչի՝ Աշոտ Մխիթարյանի հիշատակին». PanArmenian.Net. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  4. «Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Տիգրան Մարտիրոսյանը». PanArmenian.Net. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  5. «Աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը` Հայաստանի 2010 թ. լավագույն մարզիկ». news.am. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  7. «PUBLIC DISCLOSURES | International Weightlifting Federation». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Գևորգի Մարտիրոսյան» հոդվածին։