Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ | |
---|---|
Տեսակ | քոլեջ |
Հիմնադրված է | 1921 |
Անվանված է | Փանոս Թերլեմեզյան |
Տնօրեն | Աննա Մնացականյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Արշակունյաց 39, Երևան |
Կայք | terlemezyan.com |
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի առաջին նկարչական դպրոցը։ Հիմնադրվել է 1921 թվականին, գտնվում է Երևանում, Արշակունյաց պողոտայի 39-րդ շենքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչական դպրոցը ստեղծվել է 1921 թվականին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի հատուկ դեկրետով, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի օրոք։ Սկզբնապես կոչվել է «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, 1938 թվականին՝ գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին վերանվանվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը։
Առաջին տնօրենն է եղել Հովհաննես Թադևոսյանը, որը գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում, կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը և այլք։ 1927 թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզյանը, Արմեն Չիլինգարյանը և այլք։ Մյուս տարիների շրջանավարտներից են Հովհաննես Զարդարյանը, Գրիգոր Խանջյանը, Ղուկաս Չուբարյանը, Մարիամ Ասլամազյանը, Արա Բեքարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Արա Հարությունյանը,Կարապետ Տիրատուրյանը և այլք։
Մինչև 2007 թվականը ուսումնարանը (հետագայում վերանվանվեց քոլեջ) գտնվում էր Լեոյի փողոցի շենքում, հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է Արշակունյաց պողոտա[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ունեցել է նկարչության, քանդակագործության (բրուտանոցով), 1925 թվականից՝ նաև ոսկերչության, փայտագործության, ասեղնագործության (ավելի ուշ՝ գորգագործության) բաժիններ։
Այսօր քոլեջը բաղկացած է գունանկարչության, քանդակագործության, դիզայնի բաժիններից։ Կարևոր տեղ է հատկացվում ընդհանուր մասնագիտական կրթության մեջ տեսական բաժնին, որտեղ արվեստի պատմության լսարանին կից գործում է ժամանակակից տեխնիկայով հագեցած ֆոտոկինոլաբորատորիան, որը հնարավորություն է տալիս ուսանողներին յուրացնել դասավանդվող նյութը, ծանոթանալ համաշխարհային արվեստի պատմության էջերին վավերագրական, պատմական, գեղարվեստական ու արվեստաբանական տեսանյութերի օգնությամբ, ինչպես նաև վիրտուալ այցելություններ կատարել աշխարհի տարբեր թանգարաններ։
Դասավանդման առանձնահատկություններից է այն, որ այստեղ դասավանդում են ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող նկարիչները, որոնք Հայաստանի նկարիչների միության անդամ են[2]։
Կարևոր և երկար սպասված իրադարձություն էր քոլեջի կյանքում 2007 թվականից գործող «Թերլեմեզյան» ցուցասրահը, որն իրականացնում է համահայկական մշակութային փառատոներ, ուսանողական և դասախոսական ամենամյա ցուցահանդեսներ և «Թերլեմեզյանականներ» մշակութային միջոցառումների շարքը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ(չաշխատող հղում)
- ↑ «Թերլեմեզյանի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2014-03-06-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-05-22 Wayback Machine
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 569)։ |