Քլինթոն-Լևինսկի սկանդալ
Քլինթոն-Լևինսկի սկանդալ (անգլ.՝ Lewinsky scandal), քաղաքական, սեռական աղմկահարույց սկանդալ, որը սկսվել է 1998 թվականին։ Սկանդալի հերոսներն են եղել ԱՄՆ-ի 49-ամյա նախագահ Բիլ Քլինթոնը և Սպիտակ տան 22-ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին։
1995 թվականին Լևինսկին, որը Լուիսի և Քլարկի քոլեջի շրջանավարտ էր, որպես ստաժոր աշխատանքի էր անցել Սպիտակ տանը՝ նախագահ Քլինթոնի առաջին պաշտոնավարության ժամանակ։ Ավելի ուշ մշտական աշխատանքի է անցել Սպիտակ տան օրենսդրության հետ կապված հարցերի բաժնում։ Սպիտակ տանը աշխատելու ժամանակ Լևինսկին սկսել է անձնական հարաբերություններ ունենալ Քլինթոնի հետ, որոնց մասին հետագայում նա պատմել է իր ընկերուհի, պաշտպանության նախարարության աշխատակից Լինդա Թրիփին։ Վերջինս գաղտնի ձայնագրել է իրենց խոսակցությունները[1]։
Երբ 1998 թվականի հունվարին Թրիփը իմացել է, որ Լևինսկին, Պաուլա Ջոնսի դատական լսումների ժամանակ, դատարանում հերքել է Քլինթոնի հետ կապի մասին, իրենց խոսակցությունների ձայնագրությունը տվել է անկախ փաստաբան Քենեթ Սթարին, որը հետաքննում էր Քլինթոնի հետ կապված մի շարք դատական գործեր՝ ներառյալ Ուայթուոթերսի, «ՀԴԲ-Սպիտակ տուն» փաստաթղթերի հոսքի, Սպիտակ տան ճանապարհորդությունների բյուրոյի սկանդալները։
Այս արտամուսնական կապի մասին նորությունը և դրան հաջորդող հետաքննությունը վերջնական արդյունքում հանգեցրին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Քլինթոնին իմպիչմենտի գործընթացի սկսվելուն։ Սակայն 21-օրյա դատավարության ընթացքում, որն իրականացնում էր երկրի Սենատը, նախագահ Քլինթոնը արդարացվեց բոլոր մեղադրանքներից, սակայն դատապարտվեց կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ[2]։ Քլինթոնի նկատմամբ մեղադրական դատավճիռ հրապարակվեց՝ դատավոր Սյուզան Ուեբբեր Ռայթի նկատմամբ քաղաքացիական հարգանք չցուցաբերելու համար[3]։ Քլինթոնի իրավաբանական գործունեության լիցենզիան սառեցվել է Արկանզասի, այնուհետ նաև ԱՄՆ բարձրագույն դատարանի կողմից[4]։ Նա նաև տուգանվել է 90.000 դոլար՝ կեղծ վկայություն տալու համար[5]։
Մեծ ժյուրիին տված ցուցմունքների ժամանակ Քլինթոնի պատասխանները եղել են հստակ ձևակերպված։ Նա պնդում էր. «Դա կախված է նրանից, թե ինչ է նշանակում 'is' (է) բառը» (անգլ.՝ It depends on what the meaning of the word 'is' is)[6]: Նա հավելել է, որ «չի եղել սեռական հարաբերություն, սեռական սխալ կապ կամ անընդունելի հարաբերությունների որևէ այլ տեսակ» (անգլ.՝ There is not a sexual relationship, an improper sexual relationship or any other kind of improper relationship)[7]:
Սկանդալի լայնամասշտաբ լուսաբանման համար ամերիկյան մեդիան մեծապես քննադատությունների է արժանացել[8][9][10]։ Սկանդալը հաճախ կոչվում է նաև «Monicagate»[11], «Lewinskygate»[12], «Tailgate»[13], «Sexgate»[14] և «zippergate»[14] (անգլերեն zipper՝ «կայծակաճարմանդ» բառից)։ Բոլոր անվանումներում կիրառվում է -gate վերջավորությունը, որն առավել հայտնի է դարձել Ուոթերգեյթի սկանդալից հետո։
Մեղադրանքներ սեռական կապի վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Լևինսկին հայտարարել է, որ 1995 թվականի նոյեմբերից 1997 թվականի մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում, նախագահ Քլինթոնի հետ ունեցել է 9 սեռական հարաբերություն։ Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, համաձայն հրապարակված պաշտոնական օրակարգի, հարաբերությունների ընթացքում եղել է Սպիտակ տանը[15]։
1996 թվականի ապրիլին ղեկավարությունը Լևինսկիին տեղափոխել է Պենտագոն, քանի որ գտնում էր, որ նա շատ ժամանակ է անց կացնում Քլինթոնի մոտ[16]։ Համաձայն Քլինթոնի ինքնակենսագրականի՝ 1997 թվականին Սպիտակ տնից ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Բիլ Ռիչարդսոնին խնդրել են հարցազրույց անց կացնել Լևինսկիի հետ՝ վերջինիս ՄԱԿ-ում աշխատանքի տեղավորելու համար։ Ռիչարդսոնը կատարել է խնդրանքը և Լևինսկիին աշխատանք առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է[17]։ The American Spectator-ը գրել է, որ Ռիչարդսոնը ավելի շատ բան է իմացել Լևինսկու գործի մասին, քան պատմել է մեծ ժյուրիներին[18]։
Լևինսկին Քլինթոնի հետ ենթադրյալ հարաբերությունների մասին խոստովանել է Լինդա Թրիփին։ Թրիփը համոզել է Լևինսկուն պահել նվերները, որոնք նրան տվել էր Քլինթոնը և չոր քիմմաքրման միջոցով չմաքրել Լևինսկու կապույտ զգեստի վրա մնացած սերմնահեղուկի հետքը։ Թրիփը այդ մասին պատմել է գրական գործակալ Լուսիեն Հոդբերգի հետ զրույցի ժամանակ։ Վերջինս Թրիփին խորհուրդ է տվել գաղտնի գրառումներ կատարել, որն էլ Լինդան սկսել է 1997 թվականի սեպտեմբերին[19]։ Հոլդբերգը կոչ է արել Թրիփին ձայնագրությունները տալ անկախ փաստաբան Քեննեթ Սթարին և հասցնել այն մարդկանց, ովքեր աշխատում էին Պաուլա Ջոնսի գործով[20]։ 1997 թվականի աշնանը Հոլդբերգը լրագրողների հետ սկսել է խոսել ձայնագրությունների մասին։ Հատկապես, նա սերտ հարաբերությունների մեջ է եղել «Newsweek-ի» լրագրող Մայքլ Իզիկովի հետ[21]։
1998 թվականի հունվարին, այն բանից հետո, երբ Լևինսկին՝ որպես վկա, մասնակցել է Պաուլա Ջոնսի գործին, նա ժխտել է, որ սեռական կապ է ունեցել նախագահ Քլինթոնի հետ։ Նա փորձել է համոզել Թրիփին՝ ստել Ջոնսի դատավարության ժամանակ։ Դրա փոխարեն Թրիփը ձայնագրությունները տվել է Սթարին, ով հետաքննում էր Ուայթուոթերսի սկանդալը և մի շարք այլ աղմկահարույց գործեր։ Ունենալով իրեղեն ապացույցներ Քլինթոն-Լևիսնկի սեռական կապի մասին՝ փաստաբանը ընդլայնել է հետաքննությունը, որպեսզի գործում ներառի նաև Լևինսկուն և Ջոնսի գործում նրա հնարավոր կեղծ վկայությունը։
Ժխտումը և դրան հաջորդած խոստովանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանդալի մասին նորությունը առաջին անգամ հայտնվել է 1998 թվականի հունվարի 17-ին «Drudge Report»-ում, որտեղ նշված էր, որ «Newsweek»-ի խմբագիրները ուսումնասիրում են հետաքննող լրագրող Մայքլ Իզիկովի ուսումնասիրությունները[22]։ Զանգվածային լրատվամիջոցներում նորությունը հայտնվել է հունվարի 21-ին՝ The Washington Post օրաթերթում[23]։
Պատմությունը քննարկվել է մի քանի օր, և չնայած Քլինթոնի կողմից ժխտման փաստին՝ Սպիտակ տանը ներկայացվող հարցադրումները օրեցօր աճում էին։ Հունվարի 26-ին նախագահ Քլինթոնը կնոջ հետ միասին ելույթ է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ և հաստատապես ժխտել Լևինսկու հետ կապված սկանդալում իր մասնակցությունը։ Նա ասել է[24].
Հիմա ես պետք է վերադառնամ, որ աշխատեմ Կոնգրեսին ուղղված իմ ամենամյա ելույթի վրա։ Ես նրա վրա աշխատել եմ նաև երեկ՝ մինչ ուշ գիշեր։ Բայց ես մի բան եմ ուզում ասել ամերիկյան ժողովրդին։ Ես ուզում եմ, որ ինձ լսեն։ Ես ցանկանում եմ նորից կրկնել. Ես սեռական հարաբերություններ չեմ ունեցել այդ կնոջ՝ միսս Լևինսկիի հետ։ Ես երբևիցե ոչ մեկին չեմ խնդրել ստել, ոչ մի անգամ։ Այդ փաստարկները կեղծ են։ Եվ ես պետք վերադառնամ ամերիկյան ժողովրդին ծառայելու իմ աշխատանքին։ Շնորհակալություն։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Now, I have to go back to work on my State of the Union speech. And I worked on it until pretty late last night. But I want to say one thing to the American people. I want you to listen to me. I'm going to say this again: I did not have sexual relations with that woman, Miss Lewinsky. I never told anybody to lie, not a single time; never. These allegations are false. And I need to go back to work for the American people. Thank you.[25]
Փորձագետները սկսեցին քննարկել, թե արդյոք նախագահ Քլինթոնը կանդրադառնա այս սկանդալին՝ Կոնգրեսին ուղղված ամենամյա ելույթի ժամանակ։ Նախագահը, սակայն, իր ելույթում չանդրադարձավ այդ խնդրին։ Հիլարի Քլինթոնը աջակցել է ամուսնուն՝ սկանդալի ողջ ընթացքում։ Հունվարի 27-ին NBC հեռուստատեսության «Today» հաղորդաշարի ժամանակ նա ասել է. «Սա մեծ պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գտնել այն և գրել դրա մասին։ Սա կարելի է բնութագրել որպես դավադրություն, որն ուղղված է ամուսնուս դեմ։ Այս դավադրությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ամուսինս հայտարարեց նախագահական մրցավազքին մասնակցելու մասին»։
Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, այդ թվում նաև ամռան ամիսներին ԶԼՄ-ները քննարկում էին, թե արդյոք տեղի են ունեցել այս դեպքերը և արդյոք Քլինթոնը ստել կամ խոչընդոտել է արդարադատության իրականացմանը։ Սակայն ոչինչ հնարավոր չի եղել հայտնաբերել, բացառությամբ ձայնագրության։ Պատճառն այն էր, որ Լևինսկին չի ցանկացել քննարկել գործը կամ վկայություն տալ այդ մասին։ 1998 թվականի հուլիսի 28-ին Լևինսկին ստացել է տրանսակցիոն իմունիտետ՝ մեծ ժյուրիի կողմից իրականացվող դատավարության ժամանակ[26]։ Բացի այդ, Լևինսկին Սթարին է հանձնել նաև կապույտ զգեստը, որի վրա, իբր թե, եղել է Քլինթոնի սերմնահեղուկը։ Սերմնահեղուկի ուսումնասիրությունը կարող էր տալ բոլոր հարցերի պատասխանները, չնայած այն բանին, որ Քլինթոնը մի քանի անգամ ժխտել էր իր մասնակցությունը[27]։
Քլինթոնը 1998 թվականի օգոստոսի 17-ին մեծ ժյուրիին գրավոր ցուցմունք է տվել, համաձայն որի նա «սխալ ֆիզիկական հարաբերություններ» է ունեցել Լևինսկու հետ։ Նույն երեկոյան ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, նա խոստովանել է, որ Լևինսկու հետ հարաբերությունները եղել են «ոչ տեղին»[28]։
Կեղծ վկայության մասին մեղադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսի դատական գործի ժամանակ, իր ցուցմունքերում Քլինթոնը հերքել է, որ «սեռական հարաբերություններ է ունեցել» Լևինսկու հետ։ Ապացույցների հիման վրա (կապույտ զգեստ), որոնք ներկայացվել էին Թրիփի կողմից, Սթարը եկել է այն եզրահանգման, որ դատարանում նախագահի վկայությունները եղել են կեղծ։
Ցուցմունք տալու ժամանակ, Քլինթոնին հարցրել են. «Դուք երբևիցե սեռական հարաբերություն ունեցե՞լ եք Մոնիկա Լևինսկու հետ, ինչպես այդ տերմինը բացատրված է Deposition Exhibit 1?-ում»։ Դատավորը որոշել է, որ Քլինթոնը պետք է ծանոթանա «սեռական հարաբերություն» տերմինի ամբողջական բացատրության հետ։ Այնուհետև, բացատրության հիման վրա, որը կազմվել էր անկախ իրավախորհրդատվական մարմնի կողմից, Քլինթոնը պատասխանել է. «Ես երբևիցե սեռական հարաբերություններ չեմ ունեցել Մոնիկա Լևինսկու հետ»։ Քլինթոնը ավելի ուշ հայտարարել է. «Ես կարծում էի, որ բացատրությունը, որը ներառում է իմ մասնակցությամբ ցանկացած գործողություն, ներառում է նրա մարմնի տարբեր մասերի հետ հարաբերություն, որոնք թվարկված են այստեղ («հաճույք պատճառելու կամ ցանկացած մարդու մոտ սեռական գրգռվածություն առաջացնելու նպատակով)։ Այլ բառերով ասած, Քլինթոնը հերքել է, որ նա երբևէ «կոնտակտ» է ունեցել Լևինսկու սեռական օրգանների, հետույքի, աճուկի, կրծքերի, մարմնի ցանկացած այլ հատվածի կամ էլ, առավել ևս, հեշտոցի հետ։ Ընդորում, «սեռական հարաբերություն» եզրույթի մեջ ի նկատի էր առնվում օրալ սեքսի «մատուցումը», սակայն չէր ներառվում օրալ սեքսի «ստացումը»[29]։
Երկու ամիս անց այն բանից, երբ Սենատը չկարողացավ վերջնական մեղադրանք առաջադրել, նախագահ Քլինթոնի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ քաղաքացիական դատավոր Սյուզան Ուեբբեր Ռայթի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար[3]։ Արկանզասում Քլինթոնի իրավաբանական գործունեության լիցենզիան սառեցվել է։ Հետագայում նրա լիցենզիան սառեցվել է նաև ԱՄՆ բարձրագույն դատարանի կողմից[4]։ Նա կեղծ վկայությունների համար տուգանվել է 90000 ԱՄՆ դոլար[5]։ Քլինթոնը հրաժարվել է բողոքարկել դատավորի նկատմամբ անհարգելից վերաբերմունքի մասին դատավճիռը` ֆինանսական պատճառներից ելնելով[3], սակայն առաջվա նման պնդել է, որ իր ցուցմունքները հիմնված են եղել Ռայթի «սեռական հարաբերություն» տերմինի մեկնաբանության վրա[3]։
Իմպիչմենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը, որի անդամն էր նախագահ Քլինթոնը, փոքրամասնություն էր կազմում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Կոնգրեսի դեմոկրատ որոշ անդամներ և ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը կարծում էին, որ Քլինթոնի տված ցուցմունքները կեղծ են, իրականացվել է արդարադատության կոպտագույն խախտում, որոնք հիմք են հանդիսանում նախագահ Քլինթոնի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել՝ Քլինթոնի նկատմամբ իմպիչմենտ սկսելու գործընթացին, որին հաջորդել է Սենատում 21-օրյա դատական գործընթացը։
Սենատի բոլոր դեմոկրատ անդամները կողմ են քվեարկել թե կեղծ վկայությունների, և թե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքների հանմանը։ Տասը հանրապետականներ կողմ են քվեարկել երկու մեղադրանքների հանման օգտին։ Այդ սենատորներն են՝ եղել Ջոն Չաֆին (Ռոդ Այլենդ), Սյուզան Քոլինզը (Մեն), Սլեյդ Գորթոնը (Վաշինգտոն), Ջիմ Ջեֆֆորդսը (Վերմոնտ), Ռիչարդ Շելբին (Ալաբամա), Օլիմպիա Սնոուն (Մեն), Արլեն Սփեքթերը (Փենսիլվանիա), Թեդ Սթիվենսը (Ալյասկա), Ֆրեդ Թոմփսոնը (Թենեսի) և Ջոն Ուորները (Վիրջինիա)։ Հինգ հանրապետականներ կողմ են քվեարկել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքը հանելու օգտին՝ Չաֆին, Քոլինզը, Ջեֆֆորդսը, Սնոուն և Սփեքթերը։
Նախագահ Քլինթոնը արդարացվել է բոլոր մեղադրանքներից և շարունակել զբաղեցնել իր պաշտոնը։ Եղել են փորձեր նախագահին մեղադրելու Ներկայացուցիչների պալատի միջոցով, սակայն այդ փորձերը ձախողվել են։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդեցությունը 2000 թվականի նախագահական ընտրությունների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանդալը, հավանաբար, մեծ ազդեցություն է ունեցել 2000 թվականի նախագահական ընտրությունների վրա՝ երկու հակադարձ ձևերով։ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու և, այդ ժամանակ, երկրի գործող փոխնախագահ Ալբերտ Գորը հայտարարել է, որ Քլինթոնի շուրջ ծավալված սկանդալը եղել է «բեռ», որը սպանում է կուսակցության էնտուզիազմը։ Արդյունքում, կրճատվել է նաև դեմոկրատական կուսակցության համակիրների քանակը։ Քլինթոնը հայտարարել է, որ սկանդալի հետևանքով Գորի քարոզարշավը բավականին «չափավոր» է եղել, և եթե նախագահ Քլինթոնը անցկացներ Գորի քարոզարշավը Արկանզասում և Նյու Հեմփշիրում, Գորը կստանար ավելի շատ թվով ընտրիչների ձայներ անկախ այն բանից, թե ինչ կատարվեց Ֆլորիդայում[30]։
Քաղաքագետները հաստատել են երկու տեսակետներն էլ։ 2000 թվականի նախագահական ընտրություններից առաջ և հետո, ABC News-ի մեկնաբան Ջոն Քոքրեյնը Լևինսկու սկանդալը կապել է ընտրողների ֆենոմենի հետ, որը նա անվանել է «Քլինթոնից հոգնածություն»[31]։ Հարցումը ցույց է տվել, որ սկանդալը նախկինի պես իր ազդեցությունն է ունենում Քլինթոնի ցածր ռեյտինգայնության վրա[32], իսկ վերլուծաբանները, ինչպես օրինակ Վանդերբիլտի համալսարանի պրոֆեսոր Ջոն Գիրը, եկել են այն եզրահանգման, որ «Քլինթոնից հոգնածությունը կամ իր տեսակի մեջ բարոյական ռետրոսպեկտիվ քվեարկությունը մեծ ազդեցություն է ունեցել Ալբերտ Գորի հնարավոր շանսերի վրա»[33]։ Ուրիշ վերլուծաբաններ էլ պաշտպանել են Քլինթոնի փաստարկը, և պնդել, որ Քլինթոնի քարոզարշավի մասնակցությունից Գորի հրաժարումը, ազդել է նաև նրա քաղաքական իմիջի վրա[34][35][36][37]։
Կողմնակի սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանդալի ժամանակ նախագահ Քլինթոնի կողմնակիցները գտնում էին, որ այս հարցը անձնական է և վերաբերում է միայն սեքսին։ Նրանք նշում էին, որ այս հարցը եսասիրական է, համենայն դեպս այն մարդկանց համար, ովքեր պահանջում էին նախագահի հրաժարականը։ Օրինակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետաքննության ժամանակ պարզվել է, որ Հենրի Հայդը, ով Պալատի իրավաբանական կոմիտեի հանրապետական ղեկավարն էր ու Պալատի առաջատար մենեջերը, նույնպես սեռական գաղտնի հարաբերություններ է ունեցել՝ երկրի գլխավոր իրավաբանի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Հայդը, ով Լևինսկիի գործի դատական լսումների ժամանակ 70 տարեկան էր, հերքել է այդ «երիտասարդական անհետևողականությունը»։ Այդ ժամանակ նա եղել է 41 տարեկան[38]։
Հետաքննությունը, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվում էր ԶԼՄ-ներում, ակտիվորեն տեղեկատվություն էր փնտրում բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր բացահայտ կողմ էին արտահայտվում Քլինթոնի իմպիչմենտին։ Բրիտանական «The Guardian» պարբերականը գրել է[39].
«Hustler» ամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինթը առաջարկել է 1 միլիոն դոլար փոխհատուցում։ Նա եղել է Հանրապետական կուսակցության երդվյալ թշնամի և փորձել է անժխտելի փաստեր գտնել Կոնգրեսի հանրապետական անդամների դեմ, ովքեր պայքար էին ծավալում նախագահ Քլինթոնի իմպիչմենտի համար։
Չնայած այն հանգամանքին, որ Ֆլինթը հայտարարում էր, թե 10 հեղինակավոր հանրապետականների դեմ ունի ակնհայտ մեղադրական փաստեր, գովազդային գործակալության օգնությամբ հանրությանը հասցվեց միայն մեկը։ Լուիզիանա նահանգից կոնգրեսական Ռոբերտ Լիվինգսթոնը լքեց կոնգրեսը, երբ իմացավ, որ պարոն Ֆլինթը պատրաստ է խոսել իր սեռական գաղտնի հարաբերությունների մասին։
Հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Լիվինգսթոնը, ինչպես ակնկալվում էր, Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում պետք է ստանար Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը[40]։ Այս լուրը տարածվել էր նշանակումից մի քանի շաբաթ առաջ, երբ Ֆլինթը դեռ չէր իմացել նրա սիրային կապերի մասին։ Արդյունքում, Լիվինգսթոնը հրաժարական տվեց և կոչ արեց Քլինթոնին նույնը անել։
Ֆլինթը նաև նշում էր, որ կոնգրեսական Բոբ Բարը, ով Հանրապետական կուսակցության խմբակցության մյուս ղեկավարն էր, ունեցել է արտամուսնական կապ։ Բարը եղել է երկու պալատների էլ առաջին օրենսդիրը, ով Լևինսկու սկանդալի շրջանակներում, կոչ է արել Քլինթոնի հրաժարականը[41]։
Ինդիանա նահանգի հանրապետական կոնգրեսական Դեն Բերտոնը հայտարարել է. «Ոչ ոք, անկախ այն բանից, թե որ կուսակցությանն է ծառայում, ոչ ոք, անկախ այն բանից, թե իշխանության որ ճյուղին է ծառայում, չի կարող խուսափել սեռական, ենթադրյալ, հարաբերությունների պատասխանատվությունից»[42]։ 1998 թվականին Բերտոնը խոստովանել է, որ ինքը 1983 թվականին նույնպես սիրային կապ է ունեցել, որից երեխա է ծնվել[43]։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյուտ Գինգրիչը, ով ընտրվել էր Ջորջիայից և 1994 թվականին ղեկավարում էր հանրապետական հեղափոխությունը[44], 1998 թվականին խոստովանել է, որ սեռական կապ է ունեցել Պալատի ստաժորներից մեկի հետ, չնայած որ ամուսնացած էր իր երկրորդ կնոջ հետ։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Քլինթոնի իմպիչմենտի շարժումը՝ Լևինսկու գործի շրջանակներում կեղծ վկայություն տալու համար[45][46]։
Այդահո նահանգից հանրապետական Հելեն Չենաուեթ Հաջը պահանջել է Քլինթոնի հրաժարականը, չնայած այն փաստին, որ խոստովանել է, որ 1980-ական թվականներին 6 տարի հարաբերությունների մեջ է եղել ռանչոյի ամուսնացած սեփականատիրոջ հետ[47]։
Անձնական ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբան Թեյլոր Բրանչը կարծում էր, որ Քլինթոնը խնդրել է իրեն փոփոխություններ իրականացնել «Քլինթոնի հիշողություններ. Նախագահը ըմբշամարտային պատմության մեջ» գրքում։ Գիրքը հրատարակվել է 2009 թվականին։ Հիմնական փոփոխությունը կապված էր Քլինթոնի խոստովանության հետ, որտեղ նա նշում էր, որ Լևինսկու հետ սիրավեպը սկսվել է, որովհետև «իմ ուղեղը մթագնել էր, ես ուղղակի չէի հասկանում, թե ինչ էի անում»։ Բրանչը գրում է, որ Քլինթոնը իրեն զգում էր «խեղդված, չգնահատված, թե Լևինսկու սկանդալի ժամանակ, թե 1994 թվականին Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների պարտության ժամանակ, նախորդ հունվարին մոր մահվան ժամանակ, և թե շարունակվող Ուայթուոթերսի հետաքննության ժամանակ»[48]։ Քլինթոնը, ի լուր աշխարհի, խոստովանել է, որ Լևինսկու հետ կապը եղել է «բարոյական ահավոր մեծ սխալ» և, ի պատասխան հանրապետականներին, հայտարարել է, որ «եթե մարդիկ ունեն զայրույթի անկառավարելի դրսևորումներ, ապա դրա արդյունքում նրանք կարող են անել ոչ ռացիոնալ, ավերիչ գործողություններ»[49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tripp: I Am Not Intimidated». CBS. 1998 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին. «In January, Tripp gave Starr the tapes. She made the recordings secretly at her home at the urging of her friend Lucianne Goldberg, a New York literary agent.»
- ↑ Posner, Richard A, (2009). «Introduction». An Affair of State The Investigation, Impeachment, and Trial of President Clinton. Harvard University Press. ISBN 0-674-00080-3. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 Broder, John M.; Lewis, Neil A. (1999 թ․ ապրիլի 13). «Clinton is found to be in contempt on Jones lawsuit». The New York Times. էջ 1. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ 4,0 4,1 Gearan, Anne (2001 թ․ հոկտեմբերի 1). «Clinton Disbarred From Supreme Court». Family Guardian. Associated Press.
- ↑ 5,0 5,1 Jackson, Robert L. (1999 թ․ հուլիսի 30). «Clinton Fined $90,686 for Lying in Paula Jones Case». Los Angeles Times.
- ↑ Noah, Timothy (1998 թ․ սեպտեմբերի 13). «Bill Clinton and the Meaning of "Is"». Slate. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ President Bill Clinton Արխիվացված 2008-02-07 Wayback Machine, The NewsHour with Jim Lehrer, 21 January 1998.
- ↑ Gitlin, Todd. «The Clinton-Lewinsky Obsession: How the press made a scandal of itself». The Washington Monthly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Kalb, Marvin (September 2001). One Scandalous Story: Clinton, Lewinsky, and Thirteen Days That Tarnished American Journalism. Free Press. ISBN 0-684-85939-4.
- ↑ Layton, Lyndsey (2004 թ․ հուլիսի 27). «The Frenzy Over Lewinsky: As the Scandal Unfolded, a Media Storm Swirled in Washington». The Washington Post. էջ B04. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Rich, Frank. «Journal; Monicagate Year Two», The New York Times, 16 December 1998.
- ↑ Rich, Frank. «Journal; Days of the Locust», The New York Times, February 25, 1998.
- ↑ Hennenberger, Melinda. «The President Under Fire», The New York Times, January 29, 1998.
- ↑ 14,0 14,1 James Barron with Hoban, Phoebe. «Dueling Soaps», The New York Times, January 28, 1998.
- ↑ «Lewinsky and the first lady». USA Today. Associated Press. 2008 թ․ մարտի 19. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Jeff Leen (January 24, 1998). Lewinsky: Two Coasts, Two Lives, Many Images // The Washington Post.
- ↑ Reed Irvine, Cliff Kincaid (1998 թ․ օգոստոսի 21). «Bill Richardson Caught In Clinton Undertow». Accuracy in Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ York, Byron (1998 թ․ նոյեմբերի 15). «The American Spectator : Slick Billy». American Spectator. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ The Monica Lewinsky Tapes // US News and World Report, 2 February 1998, v.124 n.4 p.23.
- ↑ Thomas, Evan; Isikoff, Michael (1998 թ․ նոյեմբերի 9). «The Goldberg-Tripp-Jones Axis». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ John Cloud, Edward Barnes, Richard Zoglin (1998 թ․ փետրվարի 2). «Lucianne Goldberg: in pursuit of Clinton». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ "Newsweek Kills Story On White House Intern", DrudgeReportArchives, 1998.
- ↑ Schmidt, Susan; Peter Baker; Toni Locy (1998 թ․ հունվարի 21). «Special Report: Clinton Accused». The Washington Post. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Top 5: Political Quotes That Defined Presidencies, APOLITICUS.COM Արխիվացված 2008-12-07 Wayback Machine
- ↑ Clinton, Bill. Response to the Lewinsky Allegations Արխիվացված 2009-02-23 Wayback Machine, Miller Center of Public Affairs, 26 January 1998.
- ↑ Blitzer, Wolf; Franken, Bob (1998 թ․ հուլիսի 28). «Lewinsky Strikes Far-Reaching Immunity Deal». CNN. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Starr Report». The Washington Post. 1998 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Clinton, Bill. Address to the nation Արխիվացված 2005-12-16 Wayback Machine, PBS.org, 17 August 1998.
- ↑ Tiersma, Peter. "The Language of Perjury" Արխիվացված 2016-01-14 Wayback Machine, languageandlaw.org, 20 November 2007.
- ↑ Montopoli, Brian (2009 թ․ սեպտեմբերի 21). «Bill Clinton on Lewinsky Affair: 'I Cracked'». Political Hotsheet. CBS News. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Dover, Edwin D. (2002). Missed opportunity: Gore, incumbency and television in election 2000. Greenwood Publishing Group. էջ 130. ISBN 978-0-275-97638-5. «John Cochran on ABC described this phenomenon as "Clinton fatigue." He said voters were happy with the policy agenda and direction of the country but were tired of Clinton and wanted to forget him. Casting their votes for Bush and not for Clinton's surrogate, Gore, was one way to bring about this preferred change, Cochran concluded.»
- ↑ Denton, Robert E. Jr. (2002). The 2000 Presidential Campaign: A Communication Perspective. Volume 2000, Part 3. Greenwood Publishing Group. էջեր 92, 98. ISBN 978-0-275-97107-6.
- ↑ Geer, John Gray (2004). Public opinion and polling around the world: a historical encyclopedia. Vol. 1. ABC-CLIO. էջ 138. ISBN 978-1-57607-911-9.
- ↑ Marable, Manning (Summer 2001). «Gore's Defeat: Don't Blame Nader». Synthesis/Regeneration (25). Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Weisberg, Jacob (2000 թ․ նոյեմբերի 8). «Why Gore (Probably) Lost». Slate. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ An anatomy of 2000 USA presidential election, NigerDeltaCongress.com
- ↑ Beyond the Recounts: Trends in the 2000 US Presidential Election, Cairn.info
- ↑ Talbot, David. "This hypocrite broke up my family", Salon, 16 September 1998.
- ↑ Goldenberg, Suzanne. "Porn king offers $1m for US political sex scandal" The Guardian, London. Retrieved September 21, 2009.
- ↑ "Robert Livingston, The Heir Apparent With a Black Belt", The New York Times, 10 November 1998, p. A24. Retrieved September 21, 2009.
- ↑ McCaffrey, Shannon. Will Bob Barr be the Ralph Nader of '08?, Associated Press (via CBS News), 22 June 2008.
- ↑ Baker, Russ. "Portrait of a political 'pit bull'", Salon, December 22, 1998.
- ↑ "Rep. Dan Burton – Member of Congress representing Indiana's 5th District" Արխիվացված 2013-05-23 Wayback Machine, Library Factfiles, Indianapolis Star, updated January 2007. Retrieved February 25, 2007.
- ↑ "Gingrich Expects 'Republican Revolution'", news4jax.com, 28 October 2010.
- ↑ Schneider, Bill. "Gingrich confession: Clearing the way for a 2008 run?", CNN. March 9, 2007. Retrieved December 29, 2009.
- ↑ «Gingrich admits having affair in '90s». MSNBC. Associated Press. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Sex Scandals Through the Years: Both Parties Even». Newsweek. 2009 թ․ հունիսի 25.
- ↑ Page, Susan (2009 թ․ սեպտեմբերի 21). «Secret interviews add insight to Clinton presidency». USA Today. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Clinton: Lewinsky affair a 'terrible moral error'». CNN. 2004 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 24-ի օրվա հոդված: |