Քրիստ Մանարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստ Երվանդի Մանարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | Երգահան, դրամատուրգ, սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Երվանդ Մանարյան, մայր՝ Նունե Մանուչարյան |
Երեխաներ | Լիլիթ Մանարյան |
Krist Manaryan Վիքիպահեստում |
Քրիստ Երվանդի Մանարյան (իսկական անունը՝ Քրիստափոր, սեպտեմբերի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ։
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականին ներկայացրել է Հայաստանը Լոնդոնում կայացած մանկական հեռուստատեսությունների երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում։ 2005-2008 թթ. հրավիրվել է ԱՄՆ՝ աշխատակցելու Գլենդելի «ARTN» հեռուստաընկերությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է հեռուստատեսային ծրագրեր՝
- «Ալամբուչիկ»
- «Հաղորդում թիվ 6»
- «Հատակում»
- «Տուն-տունիկ»
- «Օլյայի օրագիրը»
- «Քրիստոմանիա»
- «Հոպլյաթիռ»
- «Թեթև սոլիդ»
- «4-ին գումարած»
Հեղինակել է «Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսները, հայ-ամերիկյան «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգության և «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարները։ Հանդիսացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայկական երկրորդ հեռուստաալիքի ամանորի ծրագրերի սցենարիստն ու երաժշտական խմբագիրը։ «Ձմեռային գիշերվա երազ» հեռուստատեսային երաժշտական բեմադրության սցենարի և երաժշտության, «Գարնանային պատմություն» հեռուստատեսային պիեսի հեղինակն է։
2018 թվականի նոյեմբերի 21-ից՝ Երևանի Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջի, իր կուրսի ուսանողների հետ սկսում է նկարահանել «Իմ սիրտը քոնն է, Միքայել» գեղարվեստա-երաժշտական ֆիլմը։ Ֆիլմում ներկայացնելով քոլեջի առօրյան, ուսանողական կյանքը ու ընկերության արժեքների գաղափարը։ Ֆիլմում նկարահանվել են ինչպես արդեն ճանաչված ու սիրված այնպես էլ սկսնակ դերասաններ։ 2019 թվականի մայիսի 21-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան։ Որից հետ էլ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ և այլ ուսումնական հաստատություններում։
Հեղինակել է ավելի քան 350 երգ, որոնք կատարում են Հայաստանի և սփյուռքի ճանաչված երգիչ-երգչուհիները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ՝ նվիրված Հայոց բանակին։ Խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմում[1]
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկել է 4 ձայնասկավառակ, ինչպես նաև մանկական երգերով տեսասկավառակ՝ «Երաժշտական այբուբեն» խորագրով[2]
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է «Բարդերի ակումբ»-ի անդամ, հեղինակ է մանկական հեքիաթների, որոնք լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ «Տուն-տունիկի հեքիաթները» խորագիրը կրող ժողովածուի տեսքով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Սոչիում կայացած բանակային և 2004 թվականին ԱՄՆ-ում կայացած հայկական Ազգային երաժշտական փառատոների դափնեկիր է՝ «Լավագույն երգահան» անվանակարգում։