1844 թվականի Բանկային ակտ
1844 թվականի Բանկային ակտ (անգլ.՝ Bank Charter Act 1844, հայտնի է նաև որպես Ռոբերտ Պիլի Բանկային ակտ)՝ Մեծ Բրիտանիայի Պառլամենտի ակտ, որն ընդունվել է Ռոբերտ Պիլի կառավարության կողմից, և որը սահմանափակում էր էմիսիոն բանկերի գործունեությունը և փաստացի ֆունտ ստերլինգի էմիսիայի արտոնությունը փոխանցում էր Անգլիայի բանկին։ Մինչև 1844 թվականը Լոնդոնում և Լոնդոնի շուրջը 60 մղոն շառավղով միայն մեկ բաժնետիրական բանկ՝ Անգլիայի բանկը, իրավունք ուներ թողարկել թղթադրամներ։ Նույն իրավունքն ունեին նաև մասնավոր բանկերը, որոնց փայատերերի քանակը չէր անցնում վեցը, բայց նրանք չէին զբաղվում էմիսիոն գործունեությամբ։ Լոնդոնի շրջակայքի 60 մղոն շառավղից դուրս էմիսիոն գործարքներով կարող էին զբաղվել ինչպես մասնավոր, այնպես էլ բաժնետիրական բանկերը։ Մինչև 1844 թվականը թղթադրամների թողարկումը չէր սահմանափակվում։ Ռոբերտ Պիլի Բանկային ակտով նոր էմիսիոն բանկերի հիմնադրումը ամբողջությամբ արգելվում էր։ Շրջաններում գործող էմիսիոն բանկերը կարող էին շարունակել թղթադրամների թողարկումը միայն 8 648 853 ֆունտ ստերլինգ ծավալով։ Անգլիայի բանկի կողմից պահպանվում էին համարյա բոլոր արտոնությունները. այն առաջվա պես մնում էր մոնոպոլ բանկ Լոնդոնում և նրա շուրջը 60 մղոն շառավղով, բայց նրա կառուցվածքում կատարվեցին զգալի փոփոխություններ։ Անգլիայի բանկը ստարաբաժանվեց երկու դեպարտամենտների։ Դրանցից մեկը էմիսիոն դեպարտամենտն էր, որի իրավասության տակ անցավ թղթադրամների էմիսիայի գործառույթը։ Նրան փոխանցվեց բանկում գտնվող թանկարժեք մետաղների համարյա ամբողջ պահուստը, և թույլատրվեց թղթադրամների թողարկում 14 միլիոն ֆունտ ստերլինգի չափով։ Պահուստների մեծացմանը կամ փոքրացմանը զուգահեռ Անգլիայի բանկը պետք է նույն չափով կրճատեր կամ ընդլայներ թղթադրամների թողարկումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гамбаров П. С., Банковский акт Роберта Пиля 1844 года (Типография О. И. Бакста), СПб., 1875, էջ I-II։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Bank Charter Act 1844 (оригинальный текст 1844 года)» (անգլերեն). UK Statute Law Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- Ակտի բնօրինակ տեքստը իր ընդունման պահի տեսքով