Սալվատորե Ադամո
Սալվատորե Ադամո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Salvatore Adamo |
Նաև հայտնի է որպես | Adamo |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1943[1][2][3][…] (81 տարեկան) Կոմիզո, Իտալիայի թագավորություն[4][5][5] |
Երկիր | Իտալիա և Բելգիա |
Ժանրեր | բալլադ, շանսոն և variety? |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, Շանսոնիե, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | La Voce del Padrone?, EMI, Pathé Records, Durium?, Odeon? և Hispavox? |
Պարգևներ | |
Կայք | adamosalvatore.com |
Salvatore Adamo Վիքիպահեստում |
Սալվատորե Ադամո ( իտալ.` Salvatore Adamo, նոյեմբերի 1, 1943[1][2][3][…], Կոմիզո, Իտալիայի թագավորություն[4][5][5]), իտալական ծագումով բելգիական երգիչ, երգահան, շանսոնյե և դերասան։ Վաճառել է ավելի քան 80 միլիոն երաժշտական ալբոմ և 20 միլիոն սինգլ, ինչը նրան դարձրել է կոմերցիոն տեսակետից աշխարհի ամենահաջողակ երաժիշտներից մեկը։ Հիմնականում երգում է ֆրանսերեն, չնայած երգեր է կատարում շուրջ տասը լեզուներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվատորե Ադամոն ծնվել է Սիցիլիայի Կոմիզո կոմունայում։ 1947 թվականին նրա հայրը` Անտոնիո Ադամոն, աշխատանք ստանալով բելգիական Մոնս քաղաքի հանքում, կնոջ` Կոնչիտայի և իրենց առաջնեկի` Սալվատորեի հետ միասին Իտալիայից տեղափոխվել են Բելգիա։ 13 տարի անց նրանց ընտանիքում արդեն կար երկու որդի և հինգ դուստր։ Ծնողներն ամեն ինչ անում էին, որպեսզի երեխաները հիշեին, թե արմատներով իրենք որտեղից էին, այդ իսկ պատճառով, ի հիշատակ իր հոր, Սալվատորեն պահպանեց իտալական քաղաքացիությունը։
Դպրոցական տարիներին Սալվատորեն երգում էր եկեղեցական երգչախմբում և սովորել էր կիթառ նվագել։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է կաթոլիկական քոլեջում և ակնկալում էր օտար լեզուների ուսուցչի մասնագիտություն ստանալ, սակայն այդպես էլ չավարտեց ուսումը` որոշելով իրեն նվիրել երգին։
1950-ական թվականների վերջերին նա մասնակցում է մի քանի երաժշտական մրցույթների։ 1959 թվականին «Ռադիո Լյուքսեմբուրգ» ռադիոկայանը ուղիղ եթերով հեռարձակել է երիտասարդ տաղանդների մրցույթ` Մոնսի թագավորական թատրոնից, որտեղ 16-ամյա Սալվատորեն կատարել է իր ստեղծած «Si j’osais» (Եթե ես համարձակվեի) երգը։ 1960 թվականին Փարիզում կայացած մրցույթի ավարտին, այդ երգը գրավեց առաջին տեղը։ Դրանից հետո Ադամոն երեք տարվա ընթացքում ձայնագրեց մի քանի ձայնասկավառակ, որոնք նրան ոչ մի հաջողություն չբերեցին։ 1962 թվականին ձայնագրվեց նրա «En blue jeans et blouson d’cuir» (Կապույտ ջինսով և կաշվե բաճկոնով) երգը։ Այն արագորեն վաճառվեց։ 1963 թվականին Ադամոն ձայնագրեց «Sans toi, ma mie» (Առանց քեզ, թանկագինս) երգը, որն էլ ըստ երգչի, դարձրեց իրեն հանրաճանաչ։ Նույն թվականին Ադամոն գրեց «Tombe la neige» (Ձյունը թափվում է) երգը։ Այդ երգը արագորեն ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և մինչ օրս համարվում է Ադամոյի այցեքարտը։
1965 թվականին Ադամոն առաջին անգամ Փարիզի «Օլիմպիա» համերգային դահլիճում հանդես եկավ մենահամերգով։ 1970-ական թվականներին նա համերգային շրջագայություններով շրջել է աշխարհի տարբեր երկրներում, եղել է ԱՄՆ-ում, Չիլիում, Արգենտինայում, Ճապոնիայում, ԽՍՀՄ-ում և այլն։ Այդ համերգների ընթացքում նա իր երգերը կատարում էր նաև այլ լեզուներով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամոյի երգացանկը գլխավորապես սիրային քնարական երգերն էին, որոնք մեծ հաջողություն էին վայելում ունկնդիրների շրջանում։ Այդպիսին էին «Elle» (Նա), «Amour perdu» (Հեռացած սեր), «La Nuit» (Գիշեր), «J’aime» (Ես սիրում եմ), «Mes mains sur tes hanches» (Իմ ձեռքերը քո ազդրերի վրա են), «Une mèche de cheveux» (Մազափունջ), «Elle était belle pourtant» (Նա որքան հիասքանչ էր), «J’avais oublié que les roses sont roses» (Ես մոռացել եմ, ինչ գույնի էին վարդերը) և այլ երգեր։ Այդ պատճառով բելգիացի բանաստեղծ Ժակ Բրելը Ադամոյին անվանել է «սիրո քնքուշ այգեգործ»։ Ադամոյի հետագա քնարական երգերից են նաև «Eve de mon rêve» (Իմ երազանքի Եվան), «Fleur» (Ծաղիկ), «Le féminin sacré» (Սրբազան կանացիություն) և այլն։
Ամեն դեպքում Ադամոյի երգացանկում կարևոր տեղ են գրավում նաև սոցիալական ուղղվածություն ունեցող երգերը։ Դրանցից է 1967 թվականի վեցօրյա պատերազմին նվիրված «Inch’ Allah» (Եթե ցանկանա Աստված) երգը։ Այդ երգը արգելվել էր արաբական երկրներում, իսկ հեղինակը դարձավ անցանկալի անձ` արաբական աշխարհում։ 1971 թվականին, իր համերգներից մեկի ժամանակ տեղի ունեցած ռասիստական միջադեպի ազդեցության տակ, Ադամոն գրեց իր «Que voulez-vous que je vous chante?» (Ինչ եք դուք ուզում, որ ես երգեմ ձեզ համար) երգը, որտեղ հայտարարում էր, որ պետք է երգել ոչ միայն ուրախության, սիրո և կյանքի այլ տոնական կողմերի մասին, այլ նաև անարդարության, աղքատության, իրավունքների և ազատությունների մասին։
Որպես դերասան, Ադամոն նկարահանվել է նաև կինոյում, հանդես եկել որպես ռեժիսոր, կոմպոզիտոր և սցենարիստ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Ադամոն ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Նիկոլ Դյուրանի հետ և ունի երեք երեխա` երկու որդի և մեկ դուստր։ Ավագ որդին օդաչու է, իսկ կրտսերը` ռոք-երաժիշտ։
Ադամոն զբաղվում է նաև գեղանկարչությամբ։ Գրել է ինքնակենսագրական «Le souvenir du bonheur est encore du bonheur» (Երջանկության մասին հիշողությունը` նույնպես երջանկություն է) գիրքը։
1993 թվականից Ադամոն ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։ 2001 թվականին Բելգիայի Ալբերտ II թագավորը Ադամոյին շնորհել է «Բելգիական թագավորի ասպետ» տիտղոսը։ 2002 թվականին նա պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, նույն թվականին դարձել է Մոնսի պատվավոր քաղաքացի։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 - Regards
- 2001 - Par les temps qui courent
- 2002 - Les mots de l’âme (compilation)
- 2003 - C’est Ma Vie — Anthologie (compilation)
- 2003 - Zanzibar
- 2004 - Un soir au Zanzibar (live compilation and DVD)
- 2005 - Platinum Collection (compilation)
- 2007 - La Part de l’ange
- 2008 - Le Bal des gens bien (18 զուգերգ այլ կատարողների հետ միասին)
- 2010 - De Toi à Moi
- 2012 - La grande roue
- 2014 - Adamo chante Bécaud
- 2016 - L'Amour n'a jamais tort
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 todotango.com (իսպ.)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 maniadb — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 YouTube video — ed. size: 500000000
- ↑ https://www.mons.be/ma-commune/mons-et-son-histoire/personnages-celebres/artistes-celebres/salvatore-adamo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Ադամո» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգիչներ
- Բելգիացի դերասաններ
- Բելգիացի երաժիշտներ
- Բելգիացի երգիչներ
- Բելգիացի կոմպոզիտորներ
- Իտալացի դերասաններ
- Իտալացի երաժիշտներ
- Իտալացի երգահաններ
- Իտալացի երգիչներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ