12 ԱԱԼՏՈ
ԱԱԼՏՈ (Aalto) Ալվար Հուգո Հենրիկ (1898թ. փետրվարի 3-ին, Կուորտանե - 1976թ. մայիսի 11-ին, Հելսինկի ), ֆինն ճարտարապետ, դիզայներ։ Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1955թ.)։ Հյուսիսային Եվրոպայի Մոդերնիզմի հայրն է համարվում, ժամանակակից դիզայնի դպրոցի հիմնադիրներից մեկն է: Իր կնոջ՝ ճարտարապետ Այնո Մարսիո Աալտոյի (1894–1949թթ.) գործակցությամբ աշխատել է Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Զբաղվել է նաև քաղաքաշինությամբ։ Վաղ շրջանի կառույցների խիստ երկրաչափական ձևերից Աալտոն հանգեց ազգային ավանդույթների, ֆունկցիոնալիզմի և օրգանական ճարտարապետության սկզբունքների ինքնատիպ զուգորդմանը, ծավալա–տարածական ազատ ու ճկուն հորինվածքին, որը հմտորեն մերել է բնական միջավայրի հետ։ Ա. մեծ տեղ է հատկացրել փայտի կիրառմանը։
ԱԱԼՏՈՆԵՆ (Aaltonen) Վյայնյո Վալդեմար (1894թ. մարտի 8, Մարտտիլա–1966թ. մայիսի 30, Հելսինկի), ֆինն քանդակագործ։ Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1948թ.), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958թ.–ից)։ Գլխավոր գործերից են՝ Հելակոսկիի (1919թ., 1946–1950թթ.), Վեստերհոլմի (1925թ.), Յա․ Սիբելիուսի (1935թ.) դիմաքանդակները, Ա․ Կիվիի (1932–1934թթ., Հելսինկի), «Կոոպերացիայի պատվին» (1950թ., Տամպերե), «Բարեկամություն» (1952թ., Տուրկու և Գյոտեբորգ) հուշարձանները, «Վազորդ Պ․ Նուրմին» (1925թ.), «Ֆիննուհի» (1929թ.), «Մարյատտա» (1934թ.), «Դժգույն աղջիկը» (1950թ.) արձանները։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ, բեմանկարչությամբ, մեդալագործությամբ։
ԱԱՐԵ (Aare), գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը։ Երկ․ 295 կմ է, ավազանը՝ 17,8 հազ․ կմ²։ Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։ Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է։ Աարեի ափին է Բեռն քաղաքը։
ԱԲԱԴԱՆ, քաղաք Իրանի հարավ–արևմուտքում, Խուզիստանում։ 270,7 հազ․ բնակիչ (1967թ.)։ Օվկիանոսային նավերի համար մատչելի նավահանգիստ է Շատ–Էլ–Արաբգետի ափին, Պարսից ծոցից 50 կմ հյուսիս։ Նավթամշակման խոշոր կենտրոն է (տարեկան ավելի քան 30 մլն․ տ), Աբադան–Թեհրան նավթամուղի սկզբնակետը։ Արտահանում է նավթամթերքներ և հում նավթ։ Ունի օդանավակայան։
Աբադանի հայ համայնքը գոյություն ունի 1909թ.–ից, երբ Անգլո–իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նրանց միացան Արևմտյան Հայաստանից, մասնավորապես՝ Վանից գաղթած նոր խմբեր։ Համայնքն աճել է նաև հետագայում․ 1923թ.–ին ուներ 400 մարդ, 1928թ.–ին՝ 610, իսկ 1938թ.–ին՝ մոտ 2 հազ․ մարդ։ Աբադանի հայերի թիվը 1969թ.–ին հասնում էր 5 հազ․։ Նրանք հիմնականում զբաղված են նավթարդյունաբերության, ինչպես նաև առևտրի մեջ։ Համայնքն ունի վարժարան, եկեղեցի, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբ։
ԱԲԱԵՎ Վասիլի Իվանովիչ (1899թ. դեկտեմբերի 22 (1900թ.–ի հունվարի 3) Թբիլիսյան գուբերնիայի Կոբի գյուղ, ներկայումս՝ Վրաստան - 2001թ. մարտի 12, Մոսկվա), օս սովետական լեզվաբան, օսագետ և իրանագետ։ Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949թ.) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ Նրա գլխավոր աշխատություններից մեկն է «Օսերենի պատմա–ստուգաբանական բառարան»-ի հինգ հատորյակը (1958-1990թթ.): Հատոր 1-ում (1958թ.) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։ 1962թ.ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: 1966թ. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թագավորական ասիական ընկերության իրական անդամ: ՌՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Վրաստանի ՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981թ.): Արժանացել է ՍՍՀՄ Պետական մրցանակի (1981թ.): Թաղված է Վլադիկովկասի Օսեթական եկեղեցու դամբարանում:
Երկ․ Абаев В.И., Осетинский язык и фольклор. т. 1, М.–Л., 1949․
ԱԲԱԶԻՆԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Մացեստա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 37 կմ հյուսիս–արևմուտք։ 426 բնակիչ (1968թ.), հայեր, ռուսներ։ Միավորված է Վերխնյայա Մացեստայի սովետական տնտեսության հետ (թեյի, ծխախոտի մշակություն, այգեգործություն)։ Հայերը եկել են 1947թ.–ին, Ադլերի շրջանի գյուղերից և Աբխազական ԻՍՍՀ–ից։
ԱԲԱԶՆԵՐ, ազգություն։ Ընդհ․ թիվը՝ շուրջ 35 հազ․ (1970թ.)․ ՍՍՀՄ–ում՝ 25 հազ․ (Կարաչայ–Չերքեզական ԻՄ–ում, Կաբարդա–Բալկարական ԻՍՍՀ–ում, Ադըղեական ԻՄ–ում, Կիսլովոդսկի շրջանում), Թուրքիայում՝ 10 հազ․։ Աբազների նախնիները բնակվել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հյուսիսային Կովկասի նախալեռնային շրջաններում Ա. հայտնի են XIV դարից։ Լեզուն՝ աբազերենը, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական խմբին։ Հավատացյալ աբազները մահմեդական են։
ԱԲԱԶՈՎ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հարավ։ 140 բնակիչ (1968թ.)։ Միավորված է Բելորեչենսկի բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, կինո։ Հիմնելեն Համշենից գաղթած հայերը 1919թ.–ին։
ԱԲԱԹԽԵՎ, Խաշուտ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք։ 537 բնակիչ (1968թ.), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Աբաթխևը հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը 1830թ.–ին։
ԱԲԱԿ, Աբակա (հուն․ άβάχιον–տախտակ), 1․ հաշվիչ տախտակ Հին Հունաստանում և Հռոմում, ապա Արևմտյան Եվրոպայում՝ մինչև 18-րդ դ․։ Իր նշանակությունը կորցրեց համրիչի երևան գալուց հետո։ 2․ Ճարտարապետական դասական օրդերներում՝ սյունագլխի կամ խոյակի վերնասալը։ Դորիական, հոնիական և տոսկանական օրդերներում աբակ քառակուսի է, իսկ կորնթական և բարդ օրդերներում կողմերը փոքր–ինչ ներս են ընկած, անկյունները՝ կտրված։ Հայկական ճարտարապետության մեջ աբակ անվանում են թակաղակը։ 3․ Թվային նշումներով գծագիր՝ նոմոգրամ (տես Նոմոգրաֆիա)։
ԱԲԱԿԱՆ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի ձախ վտակը։ Երկարությունը 514 կմ է, ավազանը՝ 32․000 կմ2։ Վերին հոսանքում լեռնային է։ Ստորին հոսանքում՝ Մինուսինսկի գոգավորությունում օգտագործվում է ոռոգման համար։ Լաստարկելի է։ Աբակի ափին է Աբական քաղաքը։
ԱԲԱԿԱՆ (մինչև 1931թ.՝ գյուղ Ուստ–Աբականսկոյե), 1934թ–ից Կրասնոյարսկի շրջկենտրոն, քաղաք նույնանուն գետի ափին, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Խակասական ԻՄ վարչական կենտրոնը։ 1990-թ.-ից Խակասական ԻՍՍՀ մայրաքաղաք, 1991թ.-ից Խակասական ՍՍՀ մայրաքաղաք, 1992թ.-ից Խակասիայի հանրապետության մայրաքաղաք: Մակերեսը՝ 112,38 կմ², 101 հազ․ բնակիչ (1972թ.)։
Երկաթուղային հանգույց է, գետային նավահանգիստ, օդանավակայան։ Կան անտառանյութի, գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ, մսի կոմբինատ, կաթի գործարան, կահույքի ու տրիկոտաժի ֆաբրիկաներ, ՋԷԿ և այլն։ Աբականը խակասների ազգային մշակույթի կենտրոնն է, ունի մանկավարժական ինստ․, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, խակասական լեզվի, գրականության և պատմության ԳՀԻ, պոլիտեխնիկում, գյուղատնտեսական տեխնիկում, բժշկ․, մանկ. և երաժշտ․ ուսումնարաններ, հեռուստակենտրոն։
ԱԲԱԿԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Աբական և Տոմ գետերի ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է Արևմտյան Սիբիրի հարավ–արևելքում՝ Տոմի ակունքներից մինչև Տելեցկոյե լիճը։ Երկարությունը մոտ 300 կմ է, միջին բարձրությունը 1400–1700 մ, առավելագույնը՝ 1984 մ։ Կազմված է մետամորֆային ապարներից, որոնք հատված են գրանիտների, դիորիտների