Պրոֆեսիոնալ թատրոնի բեմ է բարձրացել 1884-ին։ 1889-ից խաղացել է նաև վրացական թատրոնում՝ Գեդևանով ազգանունով։ Եղել է կատակերգական և բնութագրական դերերի լավագույն մեկնաբան։ Լավագույն անձնավորումներից են՝ Պեպո, Գիժ Մոզի, Զամբախով, Իսայի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»)։ Հեղինակ է մի շարք թարգմանությունների (Ա․ Ցագարելիի «Սիբիրական»-ը, 1908, ևն)։ Աշխատակցել է «Գեղարվեստ», «Հուշարար», «Մշակ» և այլ պարբերականների։
ՄԻՐԱՔ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրշանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևելք։ Միավորված է Մելիքգյուղի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ, գյուղատեղի, եկեղեցու ավերակներ (V դ․), գերեզմանոցներ (V– XIX դդ․)։ Առաջին անգամ հիշատակվում է 1800-ին։
ՄԻՐԱՔԼ (< լատ․ miraculum – հրաշք), միջնադարյան չափածո դրամա՝ կրոնաբարոյախոսական բովանդակությամբ։ Տարածված է եղել XIII–XIV դդ․ արևմտաեվրոպական երկրներում։ Մ–ին հատուկ են հրաշապատում տարրերը՝ սրբերի, «երկնային ուժերի» միջամտությունը մարդու ճակատագրին և առասպելական թեմաները։ Հնագույն օրինակներից են՝ Ժ․ Բոդելի «Ս․ Նիկողայոս» (1200), Ռյութբյոֆի «Միրաքլ Թեոֆիլի մասին» (1261)։ Մ. որոշակիորեն ազդել է Վերածննդի իսպանական դրամայի վրա։ XVII– XVIII դդ․ պահպանվել է ճիզվիտական դպրոցներում։
ՄԻՐԱՔՅԱՆ (Միրաքյանց) Ենոք Իսահակի (30․12․1895 - Թիֆլիս 1938), հայ սովետական մաշկաբան, վեներոլոգ։ Բժշկ․ գիտ․ թեկնածու (1936)։ Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1924)։ 1926-ից աշխատել է Երևանի համալսարանի մաշկա–վեներոլոգիական կլինիկայում։ ՀՍՍՀ–ում մաշկա–վեներոլոգիայի հիմնադիրներից է, ակտիվորեն մասնակցել է ՀՍՍՀ–ում բնակչության մաշկային, հատկապես բոր և վեներական հիվանդությունների հայտնաբերման ու դրանց դեմ պայքարի կազմակերպման գործին։ Եղել է ՀՍՍՀ առժողկոմատի գիտագործնական բժշկ․ խորհրդի գիտական քարտուղար (1931), այնուհետև Երևանի մաշկա–վեներոլոգիական ԳՀԻ մաշկաբանության բաժնի վարիչ։ Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի, գոնոռեայի, մալարիայի զուգորդմանը, պրոֆեսիոնալ դերմատոզների (մետաքսագործների, ծխախոտագործների մոտ), մաշկի տուբերկուլոզի, հայ բժշկագիտության պատմության և այլ հարցերի ուսումնասիրությանը։
Երկ․ Сифилис в Закатальском уезде, Баку, 1930; Проказа в ССР Армении, Э․–М․, 1934; Амирдовлат великий врач Армении позднего средневековья, Е․, 1937․
ՄԻՐԱՔՅԱՆ Մարտիրոս Կարապետի, կուսակցական ծածկանունները՝ Շանթ, Գյուղական ուսուցիչ [1883, գ․ Շուլավեր (այժմ՝ Վրաց․ ՄՍՀ Մառնեուլի շրջանում) – 1913, Դոնի Ռոստով], պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս, ՌՍԴԲԿ անդամ 1903-ից։ Եղել է Ս․ Շահումյանի և Կամոյի զինակիցներից։ Հեղափոխական շարժումների մեջ ընդգրկվել է 1900-ից։ Մասնակցել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության ստեղծմանը։ 1904-ի վերջերին ուղարկվել է Հայաստան՝ տեղում ամրապնդելու Ս–դ․ խմբակների աշխատանքը և կազմակերպելու նորերը։ 1905-ի մայիսին ընտրվել է ՌՍԴԲԿ Երևանի նորաստեղծ կազմակերպության կոմիտեի անդամ։ Նույն թվականի նոյեմբերին ՌՍԴԲԿ Կովկասյան միության IV կոնֆերանսում ընտրվել է զինված ապստամբությունը նախապատրաստող Ռազմատեխնիկական հանձնաժողովի կազմում։ 1906–07-ին աշխատակցել է «Բանվորի ձայն», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր», «Ֆակտի» (ռուս․), «Կոչ–Դևեթ» (հայերեն և ադրբեջաներեն) բոլշևիկյան թերթերին։ Հեղափոխական ակտիվ գործունեության համար քանիցս բանտարկվել է։ Փախել է Ալեքսանդրապոլի (Լենինական) և Բաքվի՝ Բայիլովի բանտերից։ 1911-ին ձերբակալվել է Հյուսիսային Կովկասում։ Մահացել է Դոնի Ռոստովի բանտում։
ՄԻՐԱՔՅԱՆ Վահան Աղաբեկի, Կոնո, Միր Կոնո [6․11․1866, գ․ Շուլավեր (այժմ՝ քտա Շահումյան, ՎՍՍՀ Մառնեուլի շրջանում) – 21․3․1942, Թբիլիսի, թաղված է Երևանում], հայ սովետական բանաստեղծ։ Նախնական կրթությունն ստացել է Սանահինի Ս․ Աստվածածին վանքի դպրոցում, ապա ծննդավայրում։ 1888-ին ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան, 1889-ից զբաղվել մանկավարժությամբ։ 1924-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Ձերժինսկու անվ․ բարձր տիպի դպրոցում։ 1887-ին «Աղբյուր» ամսագրում տպագրվել է Մ–ի առաջին բանաստեղծությունը («Երեք վարդ»)՝ Կոնո ծածկանունով, այնուհետև, 1896-ից հրատարակվել են «Առվակները», «Սայլորդի երգը», «Եփրատի կույսը», «Հիվանդ մշակը», «Գեղջուկի հրաժեշտը», «Վերջին հույս» և այլ բանաստեղծություններ, որոնց մեջ տվել է ժամանակի դաժան իրականության պատկերը։ 1901-ին «Մուրճ» ամսագրում լույս է տեսել «Լալվարի որսը» հայտնի պոեմը (ռուս․ հրտ․ 1942), որտեղ հեղինակը գեղարվեստական ցայտուն արտահայտչամիջոցներով նկարագրել է նահապետական գյուղի կենցաղը, կյանքն ու սովորույթները։ «Լալվարի որսի» տեքստով գրվել են երգեր, պիես, օպերա, ստեղծվել է կինոնկար։ Պոեմը թարգմանվել է պարսկ․ (թարգմանիչ՝ Աղա Մուսա Մարուֆի)։ Մ–ի սովետական շրջանում գրած ստեղծագործություններից «Մանուշի հարսանիքը» (1927), «Նոր գյուղի շեմքին» (1927), «Խոզարածի կինը» (1928) պիեսները նվիրված են գյուղի սոցիալիստական վերակառուցմանը և դրա հետ կապված դժվարություններին։ Գրել է նաև մանկական պատմվածքներ։
Երկ․ Առանց լարերի, Թ․, 1897։ Սն կաթը, Ե․, 1938։ Լալվարի որսը, Ե․, 1967։
Գրկ․ Բատիկյան Լ․, Վահան Միրաքյան, Ե․, 1968։
ՄԻՐԳՈՐՈԴՅԱՆ ԽՈԶ, մսաճարպատու ցեղ։ Ստացվել է Պոլտավայի մարզում՝ տեղական խոզերի և բերկշիրյան․ միջին ու խոշոր սպիտակ և մասամբ խոշոր սև ու տեմվորս ցեղերի վարազների տրամախաչումից։ Մարմնակազմվածքն ամուր է։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/615
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է