Անդրկովկասյան սահնօձ
Անդրկովկասյան մագլցող սահնօձ | |
Անդրկովկասյան մագլցող սահնօձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Լորտուներ (Colubridae) |
Ցեղ | Zamenis |
Տեսակ | Անդրկովկասյան մագլցող սահնօձ (Z. hohenackeri) |
Միջազգային անվանում | |
Zamenis hohenackeri | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Անդրկովկասյան սահնօձ (լատին․՝ Zamenis hohenackeri), հոհենակերի մագլցող սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Elaphe կամ Zamenis ցեղերին։
Արտաքին կառուցվածք
Մարմինը բարեկազմ է, երկարությունը 24-85 սմ է, իսկ պոչը 4-5 անգամ կարճ է։ էգերը խոշոր են արուներից։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ դեղնավուն ծիածանաթաղանթով, իսկ բիբը կլոր է։ Գլխի վրա (աչքերից դեպի ներքև և հետ) ձգվում են մուգ զոլեր։ Մարմնի առջևի մասի թեփուկները հարթ են ու փայլուն, հետևի մասինը՝ թեթևակի կատարավոր։ Մեջքը մոխրագույն է կամ գորշավուն, մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչը, անցնում են մուգ շեկից սև խալերի 2 բավական նեղ շարքեր, որոնք տարանջատված են բարակ սպիտակավուն գծով։ Երբեմն 2 շարքի զույգ խալերը, ձուլվելով միմյանց, ձևավորում են լայնակի խալեր։ Գլուխը վերևից ծածկված է մանր սև կետիկներով, ծոծրակային հատվածում առկա են իրար հետ V-աձև ձուլված զույգ՝ մուգ երկարավուն զոլեր։ Մուգ խալերի մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների միաձուլման հաշվին։ Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի առջևի վահանիկները։
Սննդառություն
Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, կրծողներ, թռչուններ և նրանց ձվերը)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից մինչև գարնան սկիզբը։
Բազմացում և զարգացում
Զուգավորումը սկսվում է ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի սկիզբ էգը դնում է 3-7 խոշոր ձու (47-52 X 10-16 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի վերջից։
Տարածվածությունը Հայաստանում
Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախալեռներում ու լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր կիսաանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային, գետամերձ անտառային բուսականությամբ և ժայռոտ ու քարքարոտ վայրերի տնկարկներում։
Պահպանություն
Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Կծածը մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր չէ։ Օգտակար է. կրծողների թվաքանակի կարգավորող է։
Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի, Վրաստանի և Ադրբեջանի Կարմիր գրքերում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում 5-ժամյա երթի ընթացքում (6-7 կմ) հանդիպում է 1-2 առանձնյակ։ Թվաքանակը խիստ կրճատվել է անօրինական որսի, բնորոշ ապրելավայրերի քանդման հետևանքով և հատկապես Երևան քաղաքի շրջակայքում։
Վտանգման հիմնական գործոններն են ապօրինի որսը և բնորոշ ապրելավայրերի քայքայումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան սահնօձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան սահնօձ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Կենդանիներ այբբենական կարգով
- Քիչ մտահոգող տեսակներ
- Ողնաշարավորներ
- Քորդավորներ
- Խոցելի տեսակներ
- Լորտուներ
- Օձեր
- ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ
- Անդրկովկասի կենդանական աշխարհ
- Հայաստանի կենդանական աշխարհ
- Վրաստանի կենդանական աշխարհ
- Ադրբեջանի կենդանական աշխարհ
- Ռուսաստանի կենդանական աշխարհ
- Թուրքիայի կենդանական աշխարհ
- Լիբանանի կենդանական աշխարհ
- Իսրայելի կենդանական աշխարհ