Jump to content

Օլգա Ալեքսանդրովնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Օլգա Ալեքսանդրովնա
 
Մասնագիտություն՝ նկարչուհի, բարեգործ և ազնվական
Ծննդյան օր հունիսի 1 (13), 1882[1][2]
Ծննդավայր Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր նոյեմբերի 24, 1960(1960-11-24)[4][5] (78 տարեկան)
Վախճանի վայր Տորոնտո, Կանադա[3]
Թաղված York Cemetery, Toronto
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III[1][2]
Մայր Մարիա Ֆյոդորովնա
Ամուսին Duke Peter Alexandrovich of Oldenburg? և Nikolai Kulikovsky?
Զավակներ Guri Nikolaevich Kulikovsky?[5] և Tikhon Nikolaevich Kulikovsky?[5]
 
Պարգևներ
Սուրբ Եկատերինայի շքանշան և Գեորգիևյան մեդալ

Օլգա Ալեքսանդրովնա Ռոմանովա (ռուս.՝ Ольга Александровна, հունիսի 1 (13), 1882[1][2], Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 24, 1960(1960-11-24)[4][5], Տորոնտո, Կանադա[3]), Ռուսական կայսրության մեծ իշխանուհի, Ալեքսանդր III կայսեր և Մարիա Ֆեոդորովնայի կրտսեր դուստրը՝ Նիկոլայից, Ալեքսանդրից, Գեորգիից, Քսենիայից և Միխայիլից հետո։ Եղել է նկարչուհի։ Մահվան պահին Ռոմանովների տան վերջին մեծ իշխանուհին էր։

Մեծացել է Գատչինյան պալատում՝ Սանկտ Պետերբուրգի արվարձանում։ Մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի հետ հարաբերությունները կրել են սառը բնույթ։

1901 թվականին ամուսնացել է Պյոտր Ալեքսանդրովիչ Օլդենբուրգցու հետ։ Ամուսնությունը անհաջող էր և ավարտվեց ապահարզանով։ Բաժանումից հետո Օլգան ամուսնանում է Նիկոլայ Կուլիկովսկու հետ։ Ռոմանովների դինաստիայի անկումից հետո մոր, ամուսնու և երեխաների հետ տեղափոխվում է Ղրիմ, որտեղ ենթարկվում է կալանքի, որը որոշ չափով տնային կալանք էր։ Նրա եղբայրները՝ Նիկոլայն ընտանիքի հետ և Միխայիլը սպանվել են հեղափոխականների կողմից։

1925 թվականին Օլգան Բեռլինում հանդիպում է Աննա Անդերսոնի՝ ինքնակոչ Անաստասիայի հետ։

Կայսերական ընտանիքի այն քիչ անդամներից է, որը փրկվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ապրել է Դանիայում, հետո Կանադայում։ Ալեքսանդր II կայսեր բոլոր թոռներից ապրել է ամենաերկարը։ Ինչպես հայրը, նա նույնպես նախընտրում էր համեստ կյանքը։

Իր ողջ կյանքի ընթացքում մեծ իշխանուհին վրձնել է ավելի քան 2000 նկար, որոնց վաճառքից ստացված եկամուտով հոգում էր ընտանիքի ծախսերը և զբաղվում էր բարեգործությամբ։ Մահացել է 78 տարեկան հասակում՝ ավագ քրոջ՝ Քսենիա Ալեքսանդրովնայի մահից յոթ ամիս անց։

Կենսագրություն

Մանկություն

Օլգան (կենտրոնում) հոր՝ Ալեքսանդր III-ի հետ։ Հետևում՝ (ձախից աջ)՝ մեծ իշխան Միխայիլ, կայսրուհի Մարիա Ֆեոդորովնա, մեծ իշխան Նիկոլայ (Նիկոլայ II), մեծ իշխանուհի Քսենյա և մեծ իշխան Գեորգի, 1888 թվական

Օլգա Ալեքսանդրովան ծնվել է 1882 թվականին Սանկ Պետերբուրգի արվարձան Պետերգոֆում՝ Կոտեջ ամրոցում։ Դաստիարակվել է Ալեքսանդր III-ի, հետո նաև իր եղբոր՝ Նիկոլայ II-ի արքունիքում։ Նրա ծնունդը ազդարարվել է Պետրոպավլովյան ամրոցից թնդանոթների համազարկով։ Մորաքրոջ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրա Դանիացու խորհրդով Օլգային դաստիարակել է անգլիացի տնային դաստիարակչուհի Ելիզավետա Ֆրանկլինը։

Կայսերական ընտանիքը գտնվում էր ահաբեկիչների մշտական վտանգի տակ, այդ պատճառով, անվտանգության նկատառումներով, Օլգան դաստիարակվել է Գատչինյան պալատում, որը Սանկտ Պետերբուրգից հարավ 40 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Օլգան և քույրը դաստիարակվել են խիստ պայմաններում։ Նրանք քնում էին արշավային կոպիտ անկողիններում, արթնանում էին արևածագին, լողանում սառը ջրով, նախաճաշում վարսակի շիլա։

Սուրբ ծնունդը Գատչինյան պալատում: Հեղինակ՝ Օլգա Ալեքսանդրովնա

Առաջին անգամ Օլգան Գատչինյան պալատի սահմանները լքել է 1888 թվականի վաղ աշնանը, երբ մեկնում էր Կովկաս։ Հոկտեմբերի 29-ին, հետդարձի ժամանակ, կայսերական գնացքը դուրս եկավ ռելսերից Բորկի կայարանի մոտ։ Այդ ժամանակ թագավորական ընտանիքը գտնվում էր ճաշարանում։ Վագոնը շուռ է գալիս, որի արդյունքում տանիքը փլվում է, որը ուսերի վրա է պահում կայսրն այնքան ժամանակ, մինչև ընտանիքի բոլոր անդամները դուրս են գալիս վթարված գնացքից։ Վթարի ժամանակ զոհվում է 21 մարդ, շատերը վիրավորվում են։ Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան անձամբ է խնամել վիրավորներին՝ իր հագուստը որպես վիրակապ օգտագործելով։ Վթարի պաշտոնական պատճառը, ըստ հատուկ հանձնաժողովի, ճանաչվեց դժբախտ պատահարը։

Օլգան և Քսենիան ստացել են տնային ուսում։ Նրանք ուսանել են պատմություն, աշխարհագրություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, նկարչություն և պար։ Վաղ տարիքից սովորել են ձիասպորտ։

Կայսերական ընտանիքը հավատացյալ էր և խիստ ձևով պահում էր Մեծ Պահքը։ Տոներն անցկացնում էին Պետերգոֆում և Դանիայում՝ տատիկի մոտ։

Օլգա Ալեքսանդրովնայի դիմանկարը: Հեղինակ՝ Վալենտին Սերով, 1893 թիվ

Օլգայի և մոր հարաբերությունները բարդ էին։ Հատկապես հոր և կրտսեր եղբոր՝ Միխայիլի հետ էին հարաբերությունները ջերմ։ Նրանք հաճախ էին միասին ժամանակ անցկացնում և զբոսնում Գատչինյան անտառներում։

Հայրս ինձ համար ամեն ինչ էր։ Իր աշխատանքով զբաղված լինելով՝ ամեն օր ինձ կես ժամ էր տրամադրում․․․ Իսկ մի օր Հայրս ցույց տվեց շատ հին ալբոմ՝ հրաշալի նկարներով, որտեղ պատկերված էին Մոպսոպոլ մտացածին քաղաքի տեսարանները, որտեղ ապրում էին Մոպսերը․․․ Այն ինձ ցույց տվեց ծածուկ կերպով և ես հիացած մնացի նրանից, որ հայրս իր մանկության գաղտնիքներով կիսվեց ինձ հետ։
- Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի հիշողություններ

1894 թվականին կայսրը ծանր հիվանդացավ և հետաձգվեց Դանիա ուղևորությունը։ Նոյեմբերի 13-ին, 49 տարեկան հասակում Ալեքսանդր III կայսրը կնքեց իր մահկանացուն[6][7]։ Օլգան ծանր էր տանում հոր մահը։

Պալատական կյանք

Օլգան հանրությանը պիտի ներկայանար 1899 թվականի ամռանը, սակայն եղբոր՝ Գեորգի Ալեքսանդրովիչի մահվան պատճառով այն հետաձգվում է մեկ տարով։ Նա այս առթիվ ունի բացասական հիշողություններ, որը պատմել է իր կենսագիր Յան Վոռեսին․

Ես ինձ զգում էի վանդակի մեջ փակված գազանիկ, որին ցուցադրում են հանրությանը։
- Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի հիշողություններ

1901 թվականին Օլգան նշանակվում է 12-րդ Ախտիրսկի հուսարական գնդի պատվավոր հրամանատար։

Առաջին ամուսնություն

«Ամպիր» կամ «Նեֆրիտե», ոսկերչական կայսերական ձու, Կառլ Ֆաբերժե, 1902 թիվ: Պատկերված են Օլգա Ալեքսանդրովնան և Ալեքսանդր Օլդենբուրգցին

1901 թվականի հուլիսի 27-ին Գատչինյան պալատի եկեղեցում կայացավ Օլգայի և Պյոտր Ալեքսանդրովիչ Օլդենբուրգցու պսակադրությունը[8]։ Ամուսինը Օլգայից մեծ էր 14 տարով (Օլգան այդ պահին 19 տարեկան էր)։ Ամուսնական զույգը ապրել է Բարյատինսկի առանձնատանը։ Պյոտրն ու Օլգան իրար գալիս էին երրորդ և չորրորդ պորտի ազգականներ՝ քույր և եղբայր․ Օլգայի հայրը՝ Ալեքսանդր III-ը, Պետրոսի մոր՝ Եվգենիա Լեյխտենբերգցու երկպորտ եղբայրն էր և Պյոտրի հոր՝ Ալեքսանդր Օլդենբուրգցու եռապորտ եղբայրը։ Այսպիսով, ամուսինները ունեին երկու ընդհանուր նախնի՝ Պավել I և Նիկոլայ I։

Արքայազն Օլդենբուրգցու հետ համատեղ ապրած 15 տարիներին Օլգան կույս մնաց։ «Մենք նույն տանիքի ներքո ապրեցինք 15 տարի, սակայն այդպես էլ այր ու կին չդարձանք»,- գրել է Օլգա Ալեքսանդրովնան իր հուշագրություններում։ Կարծիք կա, որ Մարիա Ֆեոդորովնան հատուկ է կնության տվել իր դստերը նույնասեռական Պյոտրին, որ դուստրը ավելի շատ ժամանակ տրամադրի մորը, քան թե ամուսնուն[9]։

1904-ից 1906 թվականներին դուքս Պյոտրը ծառայել է Ցարսկոյե Սելոյում՝ Սանկտ Պետերբուրգից հարավ գտնվող պալատում։ Այստեղ Օլգան մտերմանում է Նիկոլայի և նրա ընտանիքի հետ, հատկապես Անաստասիայի։ Եղբոր միջոցով միջոցով ծանոթանում է Ռասպուտինի հետ և բացահայտ ցույց տալիս իր հակակրանքը նրա հանդեպ։

Ռուս-ճապոնական պատերազմը և քաղաքական իրավիճակն անընդհատ առաջացնում էին խռովություններ։ 1905 թվականի հունվարի 6-ին Քրիստոսի Մկրտության տոնի օրվա տոնական հրավառության փոխարեն տեղի ունեցավ ռազմական հրետանային կրակոց Ձմեռային պալատի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Նիկոլայ II-ն իր ընտանիքի հետ[10]։ Կոտորակների մի մասն ընկավ պատուհանի վրա, որից առաջացած բեկորները լցվեցին Օլգայի և այրիացած կայսրուհու վրա[11]։ Երեք օր անց, պատմությանը հայտնի Արյունոտ կիրակի օրը զոհվեց մոտավորապես 1000 մարդ։ Մեկ ամիս անց սպանվեց Օլգայի հորեղբայրը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը։ Ողջ երկրում սկսկեցին անկարգությունները։

Ժողովրդական մշտական ելույթները, մեծ իշխան Միխայիլի փախուստը մորգանատիկական հարսանիքից, սեփական անհաջող ամուսնությունը բացասական ազդեցին Օլգա Ալեքսանդրովնայի առողջության վրա։

1915 թվականին ամուսինները բաժանվեցին։ Առաջին ամուսնությունից Օլգան երեխաներ չունեցավ։ 1916 թվականի օգոստոսի 27-ին Նիկոլայ II կայսրը համոզեց գերագույն սինոդին, որ քրոջ ընտանիքը ճանաչի բաժանված[12]։

Երկրորդ ամուսնություն

Օլգան և ամուսինը՝ Նիկոլայ Կուլիկովսկին զավակների հետ, 1922 թվական

Գատչինյան պալատում Օլգան ծանոթանում է սպա Նիկոլայ Կուլիկովսկու հետ, ում հետ, 1916 թվականի նոյեմբերի 4-ին ամուսնանում է։ Կիևի սուրբ Նիկոլայ եկեղեցում կայանում է նրանց պսակադրությունը։ 1917 թվականի օգոստոսին Ղրիմի Այ-Տոդորում ամուսնական զույգն ունեցավ առաջնեկին՝ Տիխոնին։ Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան այսպես է գրել դրա մասին․

Ժամանակ առ ժամանակ, երբ թվում է, որ այլևս անհնար է այդ ամենը տանել, Աստված ուղարկում է մեզ լույսի շող։ Իմ սիրելի Օլգան ծնեց baby, փոքրիկ տղայի, որն իհարկե իմ սրտին բերեց այնքան անսպասելի ուրախություն․․․
- Մարիա Ֆեոդորովնա

Առաջին համաշխարհային պատերազմ

Օլգա Ալեքսանդրովնա, 1915 թվական

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օլգան դառնում է գթության քույր՝ քանիցս մեկնելով ռազմաճակատ։

Հեղափոխություն։ Ռոմանովների դինաստիայի անկում

Ներքին հակասությունները և տնտեսական դժվարությունները Ռուսաստանին ներքաշեցին պատերազմի մեջ, որի հետևանքով աճեցին հեղափոխական նկրտումները։ Նիկոլայ II-ին 1917 թվականին գահընկեց անելուց հետո կայսերական ընտանիքը և անդամները ենթարկվեցին տնային կալանքի։ Այրիացած կայսրուհին, մեծ իշխան Ալեքսանդրն ու Օլգան տեղափոխվեցին Ղրիմ, որտեղ գտնվում էր նաև Քսենիա Ալեքսանդրովնան։ Օգոստոսի 12-ին ծնվում է Օլգայի առաջնեկը՝ Տիխոնը։ Չնայած այն հանգամանքին, որ Օլգա Ալեքսանդրովնայի երեխաները Ալեքսանդր III կայսեր թոռներն էին, չեն պատկանել թագավորական ընտանիքին, քանի որ նրանց հայրը սովորական ազնվական էր։

Ռոմանովներին մեկուսացրել էին աշխարհից և հասարակությունը գրեթե ոչինչ չգիտեր կայսեր և ընտանիքի մասին։ Նիկոլայը, Ալեքսանդրա Ֆեոդորովնան և երեխաները հենց սկզբից մնացին Ալեքսանդրովյան պալատում, սակայն հետո Ժամանակավոր կառավարությունը Ալեքսանդր Կերենսկու ղեկավարությամբ նրանց տեղափոխեց Սիբիրի՝ Տոբոլսկ։ 1918 թվականի փետրվարին կայսերական ընտանիքի մեծ մասը Այ-Տոդորից տեղափոխվեց Դյուլբեր, որտեղ տնային կալանքի մեջ էին մեծ իշխաններ Նիկոլայը և Պյոտրը։ Օլգա Ալեքսանդրովնան և ամուսինը մնում են Այ-Տոդորում։ Յալթայի հեղափոխական խորհուրդը բոլոր Ռոմանովներին «դատապարտեց» մահվան[13], սակայն դատավճռի կատարումը ձգձգվեց հեղափոխական խորհուրդների մրցակցության հետևանքով։

1918 թվականի նոյեմբերին, Գերմանիայի կապիտուլյացիայից հետո գերմանական զորքերը լքեցին նախկին Ռուսական կայսրության սահմանները։ Տարածքները ժամանակավոր անցան դաշնակիցների շարժմանը և կայսերական ընտանիքը հնարավորություն ունեցավ դուրս գալ երկրից «Մալբորո» նավով։ Այդ պահին արդեն Նիկոլայ II-ն ու ընտանիքը սպանված էին։ Օլգայի սիրելի եղբորը՝ Միխայիլին 1918 թվականի հունիսին սպանում են Պերմի մոտակայքում։

Կայսրուհի մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի մեկնելուց հետո Օլգա Ալեքսանդրովնան ամուսնու հետ հրաժարվեց լքել Ռուսաստանը և տեղափոխվեց Կովկաս, քանի որ Ռուսաստանի Հարավի զինված ուժերը «մաքրել» էին տարածաշրջանը բոլևիկներից։ Ամուսինները տեղավորվեցին կազակական Նովոմինսկայա ստանիցայում, ուր նրանց բերեց կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի լեյբ-կազակ Տիմոֆեյ Յաշչիկը։ Այստեղ, 1919 թվականին, ծնվեց ամուսնական զույգի երկրորդ որդին՝ Գուրի Կուլիկովսկին։ Երեխայի անունը դրեցին ի պատիվ Գուրի Պանաևի՝ Ախտիրսկի գնդի սպայի, որը սպանվել էր Առաջին աշխարհամարտին։

Տարագրություն

Կուբանից Օլգա Ալեքսանդրովնայի ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, իսկ հետո Կոստանդնուպոլսով, Բելգրադով, Վիեննայով 1920 թվականին հասնում են Դանիա։ Այդտեղ Օլգայի ընտանիքը ապրում էր Ամալիենբորգում՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի հետ։ 1928 թվականին, կայսրուհու մահից հետո, մեծ իշխանուհու ընտանիքը ձեռք է բերում Կնուդսմինդե տունը Բալերուպում՝ Կոպենհագենից 24 կմ հեռավորության վրա։

Ավելի ուշ ԽՍՀՄ-ը Դանիային բողոքի նոտա է ներկայացնում, թե Օլգա Ալեքսանդրովնան օգնում է օտարության մեջ գտնվող բոլոր ռուս «ժողովրդի թշնամիներին»[14]։ 1948 թվականի գարնանը Ստալինի[15] հետապնդումներից խուսափելու համար Օլգայի ընտանիքը տեղափոխվում է Կանադա, որտեղ բնակություն են հաստատում Քուկսվիլ գյուղում, որն այսօր Միսիսոգա քաղաքի կազմի մեջ է՝ Տորոնտոյի հարևանությամբ։ Այստեղ Օլգան ապրել է Օլգա Ալեքսանդրովնա Կուլիկովսկի (Olga Alexandrovna Kulikovsky) անունով՝ շարունակելով ապրել որպես Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ։ 1959 թվականին հանդիպել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի (Օլգայի երկպորտ եղբոր թոռնուհու) և վերջինիս ամուսնու՝ Արքայազն Ֆիլիպի հետ, երբ վերջիններս այցով գտնվում էին Կանադայում։

Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի գերեզմանը Տորոնտոյում
Հուշատախտակ մեծ իշխանուհու գերեզմանին

Օլգա Ալեքսանդրովնան մահանում է 1960 թվականի նոյեմբերի 24-ին՝ 78 տարեկան հասակում՝ ամուսնու մահից երկու տարի անց։ Հուղարկավորման ծեսը կատարվել է Տորոնտոյի ուղղափառ եկեղեցում, որտեղ՝ որպես պատվո պահակ դագաղի մոտ կանգնել են Ախտիրսկի 12-րդ հուսարական գնդի սպաները։

Թաղված է Տորոնտոյի Յորքի գերեզմանատանը։

Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան թողել է հուշագրություններ, որը գրի է առել Յան Վոռեսը։

Հիշատակ

Դանիական Բալերուպ քաղաքում, որտեղ նա ամուսնու և երեխաների հետ ապրել է 1930-ից 1948 թվականներն ընկած ժամանակահատվածում, ստեղծվել է Օլգա Ալեքսանդրովնայի թանգարանը[16]։

2003 թվականին ռեժիսոր Սոնյա Վեսթերհոլթը փաստագրական ֆիլմ է նկարել՝ «Օլգա՝ վերջին մեծ իշխանուհին» անվանումով (Ռուսաստան-Կանադա-Դանիա համատեղ աշխատանք)։

Ռուսաստանի Պավլովսկ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 4-ին Օլգինյան գիմնազիայի պատին հուշատախտակ է զետեղվում՝ ի պատիվ Օլգա Ալեքսանդրովնայի, որն այդ դպրոցի հովանավորն է եղել 1913 թվականից։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ольга Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIа. — С. 911.
  2. 2,0 2,1 2,2 Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #122701216 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Kunstindeks Danmark (դան.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. Phenix, pp. 30–31; Vorres, pp. 54, 57
  7. Vorres, p. 55
  8. Правительственный вестник. — 28.6.1901. — № 165. — С. 1 (Высочайший манифест).
  9. Кречетников А. (2017 թ․ օգոստոսի 24). «Последняя великая княгиня: любовь, опасности, сокровища». Русская служба Би-би-си. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Император Николай II и события 9 января 1905 года в Санкт-Петербурге» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  11. Phenix, p. 68; Vorres, p. 111
  12. Правительственный вестник. — 21.9.1916. — № 203. — С. 1.
  13. Зарубин А. Г., Зарубин В. Г. Без победителей. Из истории Гражданской войны в Крыму. — 1-е. — Симферополь: Антиква, 2008. — С. 113, 365. — 728 с. — 800 экз. — ISBN 978-966-2930-47-4
  14. Kulikovsky-Romanoff, p. 6
  15. Ian Vorres The Last Grand Duchess: Her Imperial Highness Grand Duchess Olga Alexandrovna. — Key Porter Books, 2001. — С. 201. — 260 с. — ISBN 1552633020
  16. Ballerup Museum Արխիվացված 12 Դեկտեմբեր 2009 Wayback Machine, retrieved 9 March 2013

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ալեքսանդրովնա» հոդվածին։