Ռոմանովներ
Ռոմանովներ, ռուսական իշխանական տոհմ (1347-1613), Ռուսաստանի թագավորներ (1613-1721), Ռուսաստանի կայսրեր (1721-1917)։ Միաժամանակ կայսերական իշխանությանը զուգահեռ՝ Լեհական թագավորներ, Լիտվայի և Ֆինլանդիայի մեծ իշխաններ, Օլդենբուգի և Հոլշթայն-Հոտտորպի դուքսեր, Մալթայի օրդենի մեծ մագիստրոսներ։ Գահից հրաժարվել են 1917 թվականին։
Պետրոս Մեծի (1682-1725) դստեր՝ Ելիզավետա Պետրովնայից (1741-1761) հետո Ռոմանովների ուղիղ գիծն ընդհատվում է. 1762 թվականի հունվարի 5-ին գահ են բարձրանում Հոլշթայն-Հոտտորպի դուքսերը։ Պետրոս Մեծի մյուս դուստրը՝ Աննա Պետրովնան, ամուսնացել էր Կառլ-Ֆրիդրիխ Հոլշթայն-Հոտտորպցու հետ, և նրանց որդին՝ Կառլ Պետեր Ուլրիխ Հոլշթայն-Հոտտորպցին ճանաչվում է կայսերական տան անդամ և թագադրվում որպես Պետրոս III։ Վերջինիս կինը՝ Սոֆիա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ Ցերբստ Դորնբուրգը, սպանում է նրան և գահ բարձրանում որպես Եկատերինա II կայսրուհի (1762-1796)։