Վսևոլոդ Մեյերխոլդ
Վսևոլոդ Մեյերխոլդ ռուս.՝ Всеволод Мейерхольд | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1874[1][2] |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | փետրվարի 2, 1940[2][4][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Վ․ Բելինսկու անվան № 1 դասական գիմնազիա (1895), Մոսկվայի պետական համալսարան և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1898) |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, թատերագետ, ռեժիսոր և մանկավարժ |
Ամուսին | Զինաիդա Ռայխ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իրինա Մեյերխոլդ |
Vsevolod Meyerhold Վիքիպահեստում |
Վսևոլոդ Էմիլևիչ Մեյերխոլդ (ռուս.՝ Все́волод Эми́льевич Мейерхо́льд, ծնվ. որպես՝ Կարլ Կազիմիր Թեոդոր Մայերգոլդ գերմ.՝ Karl Kasimir Theodor Meyergold, հունվարի 28 (փետրվարի 9), 1874[1][2], Պենզա, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 2, 1940[2][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր, դերասան և դասախոս։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1923)։
Ունի գերմանական ծագում, հետագայում ընդունել է ուղղափառ քրիստոնեություն։ Եղել է ստալինիզմի զոհերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է նախ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում (1895-1996), ապա՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարած Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա-դրամատիկական ուսումնարանում։ 1898 թվականին Նեմիրովիչ-Դանչենկոն հրավիրել է Մեյերխոլդին Մոսկվայի դրամատիկական թատրոնի նորաստեղծ խումբ, ուր Մեյերխոլդը աշխատել է մինչև 1902 թվականը։ Աչքի է ընկել սուր բնութագրային դերերով (Տրեպլյով, Տուզենբախ՝ Չեխովի «Ճայ», «Երեք քույր», Վասիլի Շույսկի, Իվան Ահեղ՝ Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոաննովիչ արքան», «Իվան Ահեղի մահը», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»)։
1903-1906 թվականներին իր կազմակերպած «Նոր դրամա» խմբով հանդես է եկել նաե Թիֆլիսում ու Բաքվում, ուր «Կատյուշա Մասլովա» բեմադրությամբ առաջին անգամ արժանացել է հայ մամուլի բարձր գնահատականին։ 1905 թվականին Հաուպտմանի «Մենակ մարդիկ» պիեսի մի ներկայացում է տվել հօգուտ հայկական կոտորածից տուժածների։ Այս շրջանում էլ ձևավորվել է Մեյերխոլդի գեղարվեստական ծրագիրը՝ թելադրված սիմվոլիզմի պոետիկայով։
1906-1907 թվականներին գլխավորել է Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի թատրոնը, ուր նկարիչ Վարդգես Սուրենյանցի համագործակցությամբ բեմադրել է Հ․ Հեյբորգի «Սիրո ողբերգություն» դրաման։ Նախահեղափոխական շրջանի լավագույն բեմադրությունները կապված են (1908 թվականից) Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի (Մոլիերի «Դոն ժուան», Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Լերմոնտովի «Դիմակահանդես»), ինչպես և (1914 թվականից) Բորոդինսկու ստուդիայի (Ա․ Բլոկի «Անծանոթուհին», «Բալագանչիկ») հետ։
Սովետական տարիներին կյանքի է կոչել «Թատերական հոկտեմբերի» ծրագիրը՝ իր իսկ կազմակերպած թատրոնում (ТИМ, Մեյերխոլդի անվան թատրոն, 1923 - 1938)՝ ստեղծելով վառհանդիսանքային և քաղաքական մեծ շնչի ներկայացումներ՝ Մայակովսկու «Միստերիա բուֆը», «Փայտոջիլը», «Բաղնիքը», Վերհառնի «Արշալույսները», Վիշնևսկու «Վերջին վճռականը», ռուս դասականներից՝ Ա․ Օստրովսկու «Անտառը», Գոգոլի «Ռևիզոր»֊ը, Ա․ Գրիբոյեդովի «Վայ խելքին» («Թելքից պատուհաս»)։
Թիֆլիսի հյուրախաղերի (1927) ժամանակ Մեյերխոլդի արվեստը բարձր գնահատելով, հայկական մամուլում Հ․ Սուրխաթյանը նշել է․ «Մեյերխոլդյան թատրոնում ռեժիսորի դերը գրեթե հավասար է դրամատուրգի դերին»։ Մեյերխոլդը մեծ հետք է թողել արվեստի համաշխարհային գործիչներից Ս․ Էյզենշտեյնի, Ի․ Բերգմանի, Բ․ Բրեխտի, Է․ Պիսկատորի, Պ․ Բրուկի ստեղծագործության վրա։
«Մեյերխոլդը տվել է ապագա արվեստի արմատները, ապագան էլ կհատուցի նրան»․ այսպես է գնահատել Վախթանգովը Մեյերխոլդի արվեստը։
Հայազգի գործիչներից Մեյերխոլդը համագործակցել է նաև Դ․ Յակուլովի, Վ․ Բեբուտովի հետ։ Միաժամանակ Մեյերխոլդի ուժեղ ազդեցության տակ են եղել հայ ռեժիսորներ Ա․ Բուրջալյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Տիգրան Շամիրխանյանը, Թաթիկ Սարյանը։
Ձերբակալություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերխոլդը ձերբակալվել է 1939 թվականի հունիսի 20 թվականին Լենինգրադում[6]։ Նրա նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով (հակահեղափոխական գործունեություն)։ 3 շաբաթ տևող և կտտանքներով ուղեկցվող հարցաքննություններից հետո Մեյերխոլդը ստորագրել է խոստովանական ցուցմունքներ։ 1940 թվականի փետրվարի 1- ին ԽՍՀՄ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է գնդակահարության։ Դատավճիռը ի կատար է ածվել հաջորդ օրը՝ փետրվարի 2-ին։ Մեյերխոլդը թաղվել է Դոնսկոյ գերեզմանոցում՝ ստալինյան հալածանքների այլ զոհերի հետ ընդհանուր գերեզմանի մեջ[7]։
1955 թվականին ԽՍՀՄ գերագույն դատարանը հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկել Մեյերխոլդին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 МЕЙЕРХО́ЛЬД Всеволод Эмильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 16. — С. 12—13.
- ↑ 3,0 3,1 3,2 Мейерхольд Всеволод Эмильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ Добровольский А. Смертельная игра Мастера: Кто погубил театр великого режиссёра? // Московский комсомолец. 2005. 16 марта, № 055
- ↑ «Донское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Մեյերխոլդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 455)։ |
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1940 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուսաստանում հրազենից մահացածներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Ռուսաստանում
- Ստալինյան բռնաճնշումների հրեա զոհեր