Անիտա Ռեե
Անիտա Ռեե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1933[2][5] (48 տարեկան) |
Մահվան վայր | Kampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[6] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ավանգարդիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Արթուր Զիբելիստ և Ֆեռնան Լեժե |
Anita Rée Վիքիպահեստում |
Անիտա Կլարա Ռեե (գերմ.՝ Anita Clara Rée, փետրվարի 9, 1885[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 12, 1933[2][5], Kampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[6]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ, ավանգարդիստ և էքսպրեսիոնիստ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Ռեեն ծնվել է 1885 թվականին, Համբուրգում, հացահատիկային և գաղութային ապրանքների վաճառական Իսրայել Ռեեի և նրա կնոջ՝ Կլարա Խանի ընտանիքում[7]։ Ռեե ընտանիքը ձուլվել է գերմանական հասարակության մեջ, հրաժարվել հուդայականությունից, և աղջիկները մկրտվել են լյութերական եկեղեցում։ Սկսած 1905 թվականից, Անիտան նկարչություն է սովորել համբուրգյան նկարիչ Արթուր Զիբելիստի մոտ։ 1906 թվականին Ռեեն Բեռլինում հանդիպել է հայտնի նկարիչ Մաքս Լիբերմանի հետ, և նա, զգալով աղջկա տաղանդը, համոզել է նրան շարունակել ուսումը։ Մինչև 1910 թվականն Անիտան շարունակել է սովորել Զիբելիստի մոտ, այնուհետև Ֆրանց Նյոլկենի և Ֆրիդրիխ Ալերս-Գեստերմանի հետ համատեղ բացել է «եռյակի համար» գեղարվեստի արվեստանոցը։ Այդ համագործակցությունը երկար չի տևել Անիտայի՝ Նյոլկենի հանդեպ անպատասխան սիրո պատճառով։ 1912-1913 թվականների ձմռանը Անիտան ապրել է Փարիզում և, լինելով Ֆերնանդ Լեգերի աշակերտը, շփվել է նրա շրջապատի հետ։ Անիտա Ռեեի այդ շրջանի ստեղծագործություններում զգացվում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Պիկասոն, Սեզանն ու Մատիսը[8]։
Վերադառնալով Համբուրգ՝ Ռեեն 1913 թվականին մասնակցել է Կոմմետեր պատկերասրահի գեղարվեստական ցուցահանդեսին, իսկ 1814 թվականին ծանոթանում է բանաստեղծ Ռիչարդ Դեմելի հետ։ Հետագա տարիներին նա ձեռք է բերում դիմանկարչի համբավ։ 1919 թվականին Անիտան դառնում է «Համբուրգի անջատողականների» արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։ 1920 թվականին նա ընդունվում է Համբուրգի նկարիչների ընկերություն (Hamburgische Künstlerschaft): 1921-1925 թվականներին նա հիմնականում ստեղծագործել է Տիրոլում և Իտալիայում, որտեղ շատ է նկարել, իսկ Համբուրգ է մեկնել միայն ցուցահանդեսներին մասնակցելու համար։ Նկարիչ և գրավաճառ Քրիստիան Զելլը դարձել է նրա մտերիմ ընկերը։ Այդ ժամանակահատվածում Անիտան մտերմացել է «Նոր նյութականություն» մշակութային շարժման անդամների հետ։
1926 թվականին Անիտա Ռեեն վերադարձել է Համբուրգ, և նույն թվականին մասնակցել GEDOK-ի՝ «Տարբեր ուղղությունների գերմանացի և ավստրիացի նկարիչների ընկերության» կազմակերպմանը։ Անիտայի ստեղծագործությունների մեծ մասը հավաքել է բարերար Վալերիա Ալպորտը, ով հետագայում իր հավաքածուն նվիրել է Բեռլինի հրեական թանգարանին։ 1929-1931 թվականների ընթացքում Ռեեի ամենանշանավոր գործերը մեծ ֆորմատի որմնանկարներն են եղել Համբուրգի երկու նորակառույց դպրոցներում, որոնց համար նկարիչը ստացել է բազմաթիվ գովասանագրեր։ Այս նկարներից մեկը՝ «Իմաստուն և հիմար օրիորդները», ոչնչացվել է ազգայնական սոցիալիզմի տարիներին։ Մյուսը՝ «Օրփեոսը և կենդանիները», պահպանվել է և այժմ պետության պահպանության տակ գտնվող մշակութային հուշարձան է։
1930 թվականին նկարիչը պատվեր է ստացել Համբուրգի «Անսգար» եկեղեցու խորանի նախագծման համար և պատրաստել դրա համար էսքիզներ, բայց 1932 թվականին այդ պատվերը չեղարկվել է «կրոնական» նկատառումներով։ Այդ նպատակով նկարված կտավները պահվել են Սանկտ Նիկոլաուսի տաճարում և ոչնչացվել են 1943 թվականի ռմբակոծության ընթացքում։
1932 թվականին Անիտա Ռեեն մեկնել է Զիլտ կղզի։ 1933 թվականի ապրիլին, երբ երկրում իշխանության են եկել նացիոնալ-սոցիալիստները, նրան որպես հրեա հեռացրել են Համբուրգի նկարիչների ընկերությունից։ Հետապնդումների, մենակության և իշխանությունների և արվեստի հասարակության կողմից անարժան վիրավորանքների արդյունքում Անիտան ավելի ու ավելի է ընկել դեպրեսիայի մեջ (ինչպես հաղորդվում է իր քրոջ՝ Էմիլիային ուղղված նամակում) և ինքնասպան է եղել 1933 թվականի դեկտեմբերին։
1937 թվականին հայտարարվել է, որ Անիտա Ռեեի աշխատանքները պատկանում են այսպես կոչված «դեգեներատիվ արվեստին», այդ թվում նրա յոթ նկարները, որոնք 1920-ականներին ձեռք է բերել Գուստավ Պաուլին Համբուրգի պատկերասրահի համար, և դրանք հանվել են գեղարվեստական հավաքածուներից։ Թանգարանի տնտեսական մասի ղեկավար Վիլհելմ Վերները դրանց որոշ մասը թաքցրել էր իր տանը և դրանով փրկել ոչնչացումից։ 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, նա այդ գործերը վերադարձրել է թանգարանին։ 2011-2012 թվականներին Համբուրգի թանգարանում կայացած գեղարվեստական ցուցահանդեսը նվիրված է եղել Վիլհելմ Վերներին։
1984 թվականին Համբուրգի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով` Anita-Rée-Straße:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Երիտասարդ չինացին», 1919
-
«Դոկտոր Ալբերտ Վագների դիմանկարը», 1920
-
«Նատյուրմորտ», մոտ. 1921
-
«Ընկույզի ծառեր Պոզիտանոյում», մոտ. 1922,
-
«Թերեզինա», 1925,
-
«Հիլդեգարդ Հեյզի դիմանկարը», 1928,
-
«Դյուններ», 1932/1933
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/93590
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anita Ree (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118743775 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 6,0 6,1 6,2 https://gemeinde-sylt.de/stolperstein-ree-anita-clara/
- ↑ Jewish Art? Anita Rée and “New Objectivity”
- ↑ Anita Rée, Selbstbildnis, 1930, Hamburger Kunsthalle, 9.2.1885 Hamburg - 12.12.1933 Kampen auf Sylt
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carl Georg Heise: Anita Rée. Christians, Hamburg 1968.
- Bettina Roggmann: Anita Rée. в: Eva und die Zukunft. Prestel, München 1986. (Ausstellungskatalog Hamburger Kunsthalle)
- Jutta Dick, Marina Sassenberg (изд.): Jüdische Frauen im 19. und 20. Jahrhundert. Rowohlt, Reinbek 1993, ISBN 3-499-16344-6.
- Maike Bruhns: Anita Rée. Leben und Werk einer Hamburger Malerin 1885–1933. Verein für Hamburgische Geschichte, Hamburg 2001, ISBN 3-923356-15-3.
- Maike Bruhns: Jüdische Kunst? Anita Rée und die Neue Sachlichkeit. в: Hamburger Schlüsseldokumente zur deutsch-jüdischen Geschichte, 6. Dezember 2016.
- Annegret Erhard: Anita Rée. Der Zeit voraus. Eine Hamburger Künstlerin der 20er Jahre. Edition Braus, Berlin 2013, ISBN 978-386228-071-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Ռեե» հոդվածին։ |
|