Սովորել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում։ Լայպցիգի համալսարանում հետևել է գրականության ու պատմության դասընթացներին, ապա գրականություն ուսանել Փարիզում։ Ուսուցչություն է արել Ֆիլիպեում, Վառնայում (Բուլղարիա), Կաբինում (1909-1911), եղել Կ․ Պոլսի Օրթագյուղի ազգային վարժարանի տնօրենը (1912-1915)։ Մեծ եղեռնից (1915) հետո եղել է տարբեր երկրներում և վերջնականապես հաստատվել Փարիզում։ 1946 թվականին հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի գրողների 2-րդ համագումարին։ Հաջորդ տարի, վերադարձի ճանապարհին, վախճանվել է Մոսկվայում։ Չարնըգի «Բանաստեղծություններ» (1900) ժողովածուն ամփոփում է սիմվոլիզմի ազդեցությունը կրող քնարական երգեր՝ սիրո, բնության, խոհափիլիսոփայական, սոցիալական, հայրենասիրական և ազգային-ազատագրական թեմաներով։ Հայ գրերի գյուտի 1500-ամյակի օրերին գրել է «Ս․ Մեսրոպի տեսիլքը» (1913) պոեմը։ Ունի Խորհրդային Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու հոդվածներ («Խորհրդային մեծ Հայաստան», 1945)։ Չարըգը թարգմանել է Օմար Խայամի քառյակները («Օմար Խայամի քառյակները», 1934)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 673)։