Jump to content

Աֆրա Բեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրա Բեն
անգլ.՝ Aphra Behn
Ծննդյան անունանգլ.՝ Aphra Johnson
Ծնվել էհուլիսի 10, 1640(1640-07-10)[1][2]
ԾննդավայրՔենթերբերի, Անգլիայի թագավորություն[3]
Վախճանվել էապրիլի 16, 1689(1689-04-16)[4][5][6][…] (48 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[7][3]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Գրական անունAstrea[8]
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներOroonoko?, The Forc'd Marriage?, The Dutch Lover?, Abdelazer?, The Town Fop or, Sir Timothy Tawdry?, The Rover?, The Feign'd Curtizans?, The City Heiress?, The Luckey Chance?, The Emperor of the Moon?, The Widow Ranter, or, the History of Bacon in Virginia?, The Younger Brother, or, The Amorous Jilt?, The Fair Jilt?, Agnes de Castro, or, the Force of Generous Love?, Love-Letters Between a Nobleman and His Sister? և The History of the Nun?
Համատեղ ապրողWilliam Scott?
Աֆրա Բեն Վիքիքաղվածքում
 Aphra Behn Վիքիպահեստում

Աֆրա Բեն (անգլ.՝ Aphra Behn, հուլիսի 10, 1640(1640-07-10)[1][2], Քենթերբերի, Անգլիայի թագավորություն[3] - ապրիլի 16, 1689(1689-04-16)[4][5][6][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[7][3]), անգլիացի վիպագիր, դրամատուրգ, Ստյուարտների վերականգնման ժամանակաշրջանի խոշորագույն հեղինակներից մեկը։ Համարվում է Անգլիայի պատմության արհեստավարժ առաջին կին գրողը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրա Բենի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են, հաճախ իրարամերժ և ոչ հավաստի։ Ծնվել է Քենթերբերիի Ուայ բնակավայրում, սափրիչ Բարտոլոմիո Ջոնսթոնի ընտանիքում։ Նրա մանկութան ու պատանեկության շրջանի իրադարձությունները գրեթե հայտնի չեն։ Կան անուղղակի վկայություններ այն մասին, որ նա ստացել է կաթոլիկ դաստիարակություն և նույնիսկ պատրաստվել է վանքին նվիրվել։ 1663 թվականին Աֆրան եղել է Սուրինամ գետի շրջակայքի շաքարի պլանտացիաներում, որտեղ իր իսկ վկայությամբ երկար շփվել է ազնվականական ծագումով, սակայն անազատ սևամորթի հետ, որի պատմությունը ներկայացված է «Օրունոկո կամ Աստվածային ստրուկ» վեպում (անգլ.՝ Oroonoko, or the Royal Slave

Վերադառնալով Անգլիա՝ Աֆրան ամուսնացել է Յոհան Բենի հետ, որը Լոնդոնում ապրող առևտրական էր՝ հոլանդական ծագումով։ Ամուսնությունը տևել է մի քանի տարի միայն։ Հավանաբար այն ձևական բնույթ է կրել, որ նպատակ է ունեցել ամրացնելու Աֆրայի դիրքը հասարակության մեջ և թաքցնելու նրա բիսեքսուալ հակումները (Աֆրայի ստեղծագործություններում շատ են ակնարկներն այդ մասին)։ 1666 թվականին նա ազդեցություն է ձեռք բերել պալատում, կատարել է արքա Չարլզ II Ստյուարտի գաղտնի հանձնարարությունները Անտվերպենում անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ։ Գաղտնի նամակագրության ժամանակ նա օգտագործել է Աստրեյ անունը, որը հետագայում դարձել է նրա գրական կեղծանունը։ Գաղտնի ծառայությունը նրան մեծ շահույթ չի ապահովել․ արքան անընդհատ ձգձգել է նրա վճարումները լրտեսական գործունեության համար, այնպես որ Աֆրա Բենը պարտքերի պատճառով որոշ ժամանակ անցկացրել է բանտում։

1669 թվականին, երբ անհայտ մեկը վճարել է նրա պարտքերը, Աֆրա Բենը սկսել է զբաղվել գրական գործունությամբ։ Օգտվելով Լոնդոնի գրողների ու դրամատուրգների հետ ունեցած իր կապերից՝ նա հայտնիություն է ձեռք բերել իր սիրային պատմվածքներով, թատերական պիեսներով, վեպերով ու բանաստեղծություններով։ Նրա պիեսներից շատերը, որոնք գրված են Ստյուարտների վերականգնման ժամանակաշրջանի ոգով, աչքի են ընկնում բաց տեսարաններով․ որոշ գործեր ավելի վաղ շրջանի գործերի վերամշակումն են։ Աֆրային մեծ ճանաչում են բերել նրա արձակ ստեղծագործությունները՝ սիրային ու սատիրական նովելները, «Ազնվականի ու նրա քրոջ սիրային նամակագրությունը» (անգլ.՝ Love-Letters Between a Nobleman and His Sister, 1684) վեպը և «Օրունոկոն» (1688), որ համարվում է նրա գլուխգործոցը։ Այս ստեղծագործության գլխավոր հերոսը, զարգացնելով ասպետական վեպի ավանդույթները, սևամորթ իշխան Օրունոկոն է, որ ուղևորվում է Նոր աշխարհ՝ փնտրելու ստրկության մեջ գտնվող իր սիրելի էակին՝ Իմոինդային, և հանուն նրա սիրո՝ դառնում է անազատ։ Չկարողանալով տանել կոպիտ վերաբերմունքը՝ նա կազմակերպում է ստրուկների ապստամբություն, որի ժամանակ Իմոինդան մահանում է։ Օրունոկոն արժանանում է անմարդկային կտտանքների, որոնք նա տանում է ստոիկներին բնորոշ հանգստությամբ, սակայն մահանում է։ Օրունոկոյի կերպարը եվրոպական գրականության մեջ «ազնվական վայրենու» առաջին կերպարներից է։

Աֆրա Բենը մահացել է 1689 թվականի ապրիլի 16-ին և թաղվել Վեստմինստերյան աբբայությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 41. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Aphra Behn — 2009.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  8. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 77.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бен Афра». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ватченко С. А. У истоков английского антиколониалистского романа: Творческие поиски Афры Бен в романной прозе. — Киев, 1984.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրա Բեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրա Բեն» հոդվածին։