Բախում Մոնտեխուրա լեռան վրա
Բախում Մոնտեխուրա լեռան վրա | |
---|---|
Տեսակ | սպանություն |
Երկիր | Իսպանիա |
Տեղադրանք | Մոնթեջուրա |
Տարեթիվ | մայիսի 9, 1976 |
Զոհվածներ | 2 մարդ |
Վիրավորներ | 3 |
Բախում Մոնտեխուրա լեռան վրա (իսպ.՝ Sucesos de Montejurra), ծայրահեղ աջ ուժերի ահաբեկչական գործողություն Իսպանիայում։ Տեղի է ունեցել 1976 թվականի մայիսի 9-ին Նավառայում` Մոնտեխուրա լեռան վրա։ Բախումների ընթացքում մահացել է երկու մարդ։ Արդյունքում ընդհատվել է ոչ միայն կառլականների փառատոնը` ձախ լոզունգներով, այլև ձախերի կոալիցիայի և կառլականների քաղաքական լայնամասշտաբ ծրագիրը։
Ենթատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտեխուրա լեռը Իսպանիայի տեսարժան վայրերից է։ 1873 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել բասկյան պահպանողական կառլականների և լիբերալների միջև։ Նավառայում ավանդույթ էր ձևավորվել այս իրադարձությությունների հիշատակին կազմամակերպել ամենամյա միջոցառում` «Կառլական փառատոն»։
Պատմականորեն կառլականությունը ծայրահեղ պահպանողական միապետական շարժում է։ Կառլականները ձգտում էին իսպանական Բուրբոնների կրտսեր թևի իշխանության հաստատմանը. Բուրբոնները խոստացել էին վերականգնել Նավառայի ավանդական ազատությունը։ Կառլականությունը բնութագրվում էր ծայրահեղ ավանդապաշտությամբ և կաթոլիկ ջերմեռանդությամբ։ 1936-1939 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմում կառլականներն ակտիվորեն սատարում էին գեներալ Ֆրանկոյին։
Սակայն ֆրանկոյական ռեժիմի վերջին տարիներին կառլական շարժման մեջ առանձնանում է ձախ թևը։ Ձախ կառլականները առաջ էին քաշում «աշխատավոր ինքնակառավարման թագավորության» պարադոքսալ ծրագիր[1]։ Նրանց լոզունգները միավորում էին միապետության կառլիստական ավանդական պահանջները հարավսլավական տիտոիզմի գաղափարախոսությանը։ Ենթադրվում էր, որ թագավորը կարող է կանգնել աշխատավորական ինքնակառավարման համակարգի գլուխ։
Կառլականների` միապետի թեկնածու Պարմայի դուքս Կառլոս Ուգո Բուրբոնը կիսում էր այս գաղափարները, ելույթ ունենում ինքնակառավարվող սոցիալիզմի մասին[2]։ Նրա ղեկավարությամբ Կառլական կուսակցությունը կոալիցիա է կազմում Դեմոկրատական խորհրդի և կոմունիստների, ձախ սոցիալիստների ու կոմունիստամետ արհմիությունների հետ։ 1976 թվականին Մոնտեխուրայի մայիսյան փառատոնին հրավիրված են եղել ներկայացուցիչներ բոլոր այդ կազմակերպություններից։ Կառլական միջոցառումը վերածվում էր ձախ ուժերի հրապարակային ցուցադրության։
Կառլոս Ուգոյի կրտսեր եղբայրը` ֆրանկոյական Սիքստ Էնրիկե դե Բուրբոն Պարման, ձախ ուժերի զարգացման սկզբունքային հակառակորդ էր։ Նա կողմնակից էր կառլական ավանդական պահպանողականությանը[3]։ Կառլական շարժումը երկփեղկվել էր։ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը, ով պետության գլուխ էր կանգնել Ֆրանկոյի մահից հետո` 1975 թվականի նոյեմբերի 20-ին, մնում էր սահմանադրական միապետության և եվրոպական խորհրդարանական ժողովրդավարության կողմնակից։ Սակայն ֆրանկոյական կառավարության ղեկավար Կառլոս Արիաս Նավառոն հակված էր ծայրահեղ աջ ֆրանկոյական «Բունկեր» կազմակերպությանը, որը պատրաստ էր «կրծքով պաշտպանել այն, ինչ ավանդել էր կաուդիլիոն» (նեոֆաշիստական Fuerza Nueva կազմակերպության առաջնորդ Բլաս Պինյար)։
Ռազմական հետախուզական SECED ծառայությունը մշակել էր «Ռեկոնկիստա» գործողությունը` ձախ կառլականությանը հակազդման համակարգը[4]։ Այս դրսևորման մեջ լուրջ վտանգ էր նկատվում. կառլականները կարող էին հանդիսանալ ձախ հայացքների տեր տարբեր ուժերի կապող օղակը, արմատական ձախ թևի առանցքային ուժը։
Իսպանական ուլտրաաջ ուժերն ունեին մարտական ջոկատներ։ Նրանք օպերատիվ կապ էին հաստատում արտասահմանյան նեոֆաշիստների, ամենից առաջ իտալական ու ֆրանսիական համապատասխան ուժերի հետ։ Այս ակտիվությունը կոորդինացվում էր ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից` հակադրվելու համար կոմունիստական, խորհրդայնամետ և Արևմտյան Եվրոպայի ձախ ուժերին։
Նախապատրաստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլական Մոնտեխուրա փառատոնի վրա հարձակումը ծրագրվել էր պաշտոնական ծառայությունների` Քաղաքացիական գվարդիայի և ռազմական հետախուզության մասնակցությամբ։ Որպես նախաձեռնող հանդես է եկել Քաղաքացիական գվարդիայի գեներալ Խուան Կամպանիոն։ Օպերատիվ ղեկավարումը ստանձնել էր գեներալ Խոսո Անտոնիո Սաենս դե Սանտա Մարիան, ով, սակայն, սկզբունքորեն դեմ էր քաղաքական բռնությանը և փորձում էր խաղաղ հակաակցիաների շրջանակներում սահմանափակել ծայրահեղ աջերի ելույթները[5]։
Քաղաքական մակարդակում ակցիան գլխավորում էր կառլական-սիքստյան առաջնորդ Արթուրո Մարկես դե Պրադոն։ Սանկցիան թույլատրել էր ներքին գործերի նախարար Մանուել Ֆրագա Իրիբարնեն վարչապետ Արիաս Նավառոյի համաձայնությամբ։ Ընդհանուր կոորդինացումն իրականացնում էր SECED-ը։ Ֆինանսավորումը կատարում էր խոշոր ընկերությունների բաժնետեր Անտոնիո Մարիա դե Օրիոլյա դե Ուրկույոն, ով հայտնի կառլական փաստաբան էր, Սիքստ Էնրիկեի կողմնակից։ Խնդիր էր դրված «Մոնտեխուրան գրավել կարմիրներից»[6]։
Ծրագրի անմիջական իրականացումը հանձն էին առել աջ կառլականները (սիքստյաններ), Fuerza Nueva-ի, Քրիստոս թագավորի պարտիզաններ կազմակերպության և աջ կաթոլիկ այլ ուժեր, ֆալանգյան երիտասարդությունը[7]։ Իսպանական ծայրահեղ աջերին միացել էին իտալացիներ, արգենտինացիներ և ֆրանսիացիներ։ Ստեֆանո դելե Կյայեն (Avanguardia Nazionale-ի հիմնադիր), Ռոդոլֆո Ալմիրոնը (Triple A-ի օպերատիվ ղեկավար), Ժան-Պիեռ Շերին (OAS-ի նախկին ակտիվիստ) իրենց կադրերն էին տրամադրել ամրապնդման համար[8]։ Հատկանշական է, որ Ռոդոլֆո Ալմիրոնը եղել է նախարար Ֆրագա Իրիբարնեի թիկնազորի ղեկավարը։
Հարձակման այսպիսի մասշտաբային ծրագրավորումը, իշխանությունների անմիջական մասնակցությունն ու փաստորեն միջազգային մակարդակը վկայում են այն մասին, թե ինչ կարևորություն էր տրվում գործողությանը։ Իսպանական հասարակության պահպանողական մասը ցույց էր տալիս, որ թույլ չի տա ժողովրդավարական գործընթաց, կտրուկ ձախ շարժում։ «Գլադիոյի» ղեկավարությունը հերթական հարվածն էր հասցնում Արևմտյան Եվրոպայում ԽՍՀՄ-ի դաշնակիցներին։ Ստացվել էր այնպես, որ ուշադրության կենտրոնում էին հայտնվել իսպանական միապետների ներքին տարաձայնությունները։
1976 թվականի մայիսի 5-ին ավարտվում են նախապատրաստական աշխատանքները։ Ծայրահեղ աջ մարտիկները կենտրոնանում են Մոնտեխուրա լեռան շրջակայքում փառատոնի բացման սպասումով։
Ընդհարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 9-ի առաջին ընդհարումները տեղի են ունենում Մոնտեխուրա լեռան ստորորոտին։ Աջ կառլականները քարկոծում են ձախերին։ Ֆալանգական Լուիս Գարսիա Մարին Ուելվա Վերդեն, հակակոմունիստական կոչեր անելով, կրակ է բացում[9]։ Սկսվում է զանգվածային հարձակում, որի ընթացքում ծայրահեղ աջերը Սիքստ Էնրիկեի և Մարկես դե Պրադոյի գլխավորությամբ բարձրանում են լեռան գագաթ։ Սկիզբ է առնում զանգվածային կռիվ, որն ուղեկցվում է հրաձգությամբ[10]։
Մահանում է երկու մարդ` ձախ կառլականներ Ռիկարդո Գարսիա Պելիեխերոն և Անյանո Խիմենես Սանտոսը։ Փառատոնի ևս մի քանի մասնակիցներ վիրավորվում են։ Ձախ կառլականների և նրանց դաշնակիցների միջոցառումն ընդհատվում է։
Անձնական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրո Մարկես դե Պրադոն` որպես հարձակման կազմակերպիչ, Մարին Ուելվա Վերդեն և Ֆրանցիսկո Կարերան ձերբակալվել են սպանության մեղադրանքով։ Բոլոր երեքն էլ համաներմամբ ազատ են արձակվել 1977 թվականին։
Ստեֆանո դելե Կյայնեն Իսպանիայից տեղափոխվել է Լատինական Ամերիկա, որտեղ շարունակել է իր հակակոմունիստական գործունեությունը։
Ռոդոլֆո Ալմիրոնը ազատվել է Ֆրագա Իրիբարնեի թիկնազորից, սակայն շարունակել է մնալ Իսպանիայում (2007 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել Մոնտեխուրայի գործողություններին մասնակցելու առթիվ)։
Բլաս Պինյարը շարունակել է ղեկավարել Fuerza Nueva-ն, որի անդամները մի շարք ուժային ակցիաների մասնակից են դարձել։
Գեներալ Սաենս դե Սանտա Մարիան շարունակել է ռազմական ծառայությունը։ Նա քննադատել է Մոնտեխուրայի գործողությունը` մանրամասն ներկայացնելով նրա նախապատրաստման ու իրականացման ընթացքը։ Ակտիվորեն պաշտպանել է ժողովրդավարական օրինականությունը 1981 թվականի փետրվարի 23-ի` ծայրահեղ աջերի հեղաշրջման փորձի ժամանակ[11]։
Սիքստ Էնրիկե դե Բուրբոն Պարման (իր կողմնակիցների կողմից ստացել էր Սիքստ Էնրիկե I անունը) լքել է Իսպանիան` շարունակելով արտասահմանից ղեկավարել կառլականների ձախ թևը։ Նա ճամփորդել է Լատինական Ամերիկայում, եղել Ֆրանսիայում, ուր ապրել է հետագայում։ Զբաղեցրել է ծայրահեղ պահպանողական ավանդական դիրքեր, քննադատել կաթոլիկության մեջ ժամանակակից միտումները։ Ավանդական կառլականները նրան դիտարկում են որպես խնամակալ, ավանդույթների նշանակիր (Abanderado de la Tradición):
Կառլոս Ուգո դե Բուրբոն Պարման 1977 թվականին առաջադրվել է իսպանական խորհրդարանում, սակայն կառլական կուսակցությունը հաջողության չի հասել ընտրություններում։ Ընդունվել է Խուան Կառլոս թագավորի կողմից։ Թողնելով հասարակական քաղաքականությունը` կենտրոնացել է մանկավարժական գործունեության և Պարմայի Բուրբոնների ներկայացուցչության վրա։ Բազմիցս այցելել է Նավառա։ Մահացել է 2010 թվականին։
Քաղաքական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Ֆրագա Իրիբարնեն Մոնտեխուրայի դեպքերը բնորոշել է ընդամենը եղբայրների միջև պայքարի դրվագ։ Սակայն գործնականում բոլոր մասնագետները և մեկնաբանները այս իրադարձությունը դիտարկում են Իսպանիայի` ժողովրդավարության անցնելու ընդհանուր քաղաքական համատեքստում։
Կառլական կուսակցությունը վերջնականապես երկփեղկվել է` պարտություն կրելով մոտակա ընտրություններում։ Այն չի կայացել որպես համազգային ձախ կոալիցիայի կապող տարր։ Ձախ կառլականների գաղափարախոսությունը մերժվել է։ Այսպիսով, «Ռեկոնկիստա» գործողությունը, որի մի մասն է կազմում 1976 թվականի մայիսի 9-ի ակցիան, հաջողությամբ իրականանում է։
Իսպանիայի ձախ ուժերը` ներառյալ եվրոկոմունիստական կուսակցությունը, հրաժարվում են ռադիկալիզմից` ընդունելով խորհրդարանական միապետությունը։ Իսպանիայի անցումը ժողովրդավարությանը իրականացվել է արևմտյան մոդելի շրջանակներում։ 1986 թվականին սոցիալիստական կառավարության ժամանակ Իսպանիան մտել է ՆԱՏՕ-ի մեջ։ Սա կարելի է համարել «Գլադիոյի» վերջնական հաղթանակն այս ուղղությամբ։
1976 թվականի մայիսի 9-ի զոհեր Ռիկարդո Պալիեխերոն և Անյանո Խիմենես Սանտոսը 2003 թվականի նոյեմբերին հետմահու պարգևատրվել են Նավառայի ոսկե շքանշանով։
Ամեն տարի Մոնտեխուրա լեռան վրա շարունակում են տոնակատարություններ նշել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carlos Hugo de Borbón-Parma. La vía carlista al socialismo autogestionario (1977)
- ↑ Fallece el príncipe Carlos Hugo de Borbón-Parma, dirigente de los carlistas
- ↑ Secretaría Política de S.A.R. Don Sixto Enrique de Borbón
- ↑ MONTEJURRA: LA OPERACIÓN RECONQUISTA Y EL ACTA FUNDACIONAL DE LAS TRAMAS ANTITERRORISTAS Արխիվացված 2007-02-28 Wayback Machine
- ↑ Diego Carcedo, «Sáenz de Santamaría: el general que cambió de bando», ISBN 84-8460-309-1
- ↑ Montejurra 76, cuando la fiesta se tiñó de sangre
- ↑ Montejurra 1976
- ↑ Un hombre 'clave' en la conexión entre servicios secretos españoles y la guerra 'sucia' contra ETA
- ↑ «Manuel Fraga y Montejurra 1976, más de 35 años de lucha». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «MONTEJURRA 1976. UN INTENTO DE INTERPRETACIÓN». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Юрий Немцев. Один день из истории: 23 февраля 1981 года, Испания
|