Բարդածաղկավորներ
Աստղածաղկազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) Bercht. & J.Presl, 1820 |
Բարդածաղկավորների կամ աստղածաղկազգիների ընտանիքը (լատին․՝ Compositae կամ Asteráceae) երկշաքիլավորների ամենաընդարձակ ընտանիքներից մեկն է, նրա մեջ հաշվվում են 27 773 տեսակ և 1765 ցեղ[1]։ Նրա ներկայացուցիչները տարածված են երկրագնդով մեկ, աճում են ամենատարբեր վայրերում։ Ընտանիքում գերակշռող մեծամասնությունը կազմում են խոտաբույսերը։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդածաղկավորների ընտանիքի բույսերի բնորոշ առանձնահատկությունը զամբյուղ ծաղկաբույլի առկայությունն է։ Առաջին հայացքից ծաղկաբույլը հիշեցնում է մի ծաղիկ. առօրյայում այդպես էլ ասում են՝ տերեփուկի Centaurea, արևածաղկի Helianthus, երիցուկի Matricaria, աստղածաղկի ծաղիկ, չնայած այս բույսերի ծաղիկները երբեք մեկական չեն հանդիպում։ Զամբյուղի «բարդ» ծաղկի ընդհանրությամբ էլ ընտանիքը կոչվում է բարդածաղկավորների։
Ծաղկաբույլում ծաղիկների խմբվածությունը կարևոր հարմարանք է խաչաձև փոշոտման համար։ Շատ բարդածաղկավորների ծաղիկների դերը զամբյուղի ներսում տարբեր է։ Ծայրերին դասավորված ծաղիկները խոշոր են, վառ գունավորված, ծառայում են միջատներին գրավելու համար և հաճախ պտուղներ չեն տալիս։ Ծաղկաբույլի կենտրոնում գտնվող ծաղիկները մանր են, անշուք, հավաքված են մեծ քանակությամբ և ապահովում են բազմաթիվ պտուղների առաջացումը։ Եվ եթե հաշվի չառնենք, որ յուրաքանչյուր բույս ունի մի քանի, իսկ երբեմն էլ բազմաթիվ ծաղկաբույլեր, ապա կարելի է պատկերացնել, թե իրենցից հետո որքան հսկայական սերմնային սերունդ են թողնում այդպիսի բույսերը։ Դա տեսակի համար օգտակար հարմարվածություն է գոյության համար նրա պայքարում։
Բարդածաղկավորների ծաղիկները կառուցվածքով բավականին բազմազան են։ Բաժակը հաճախ թերզարգացած է, մազիկների տեսքով դրա մնացորդները հաճախ պահպանվում են պտուղների վրա և օգնում դրանց տարածմանը։ Ըստ պսակի ձևի ծաղիկները լինում են խողովակաձև, ձագարաձև, լեզվակավոր իսկական և կեղծ լեզվակավոր։
- Խողովակաձև ծաղիկն ունի կանոնավոր ձև, պսակը կազմված է սերտաճած հինգ պսակաթերթերից, որոնք հիմքի մոտ առաջացնում են խողովակ, իսկ վերևում՝ աստղաձև բաժանվում են։ Հինգ առէջները իրենց փոշանոթներով սերտաճել են ընդհանուր խողովակի. առէջների թելերն ազատ են և ամրանում են պսակի խողովակին։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը, որը գագաթին կրում է երկու սպի։
- Ձագարաձև ծաղիկն ունի թեք կտրտված, եզրերն ատամնավոր, ձագարի ձև։ Այն չունի ոչ առէջներ, ոչ վարսանդ։ Այդպիսի ծաղիկները միջատներին գրավելու համար են։ Խողովակաձև և ձագարաձև ծաղիկները կարելի է դիտել տերեփուկի զամբյուղ ծաղկաբույլի վրա. առաջինները գտնվում են եզրերին, երկրորդները՝ ծաղկաբույլի կենտրոնում։
- Լեզվակավոր ծաղիկն ունի նեղ, երկար լեզվի ձև և առաջին հայացքից մի պսակաթերթ է թվում։ Բայց ուշադիր դիտելիս կարելի է տեսնել, որ ստորին մասում այդ լեզվիկը ոլորվել և առաջացրել է խողովակ, որից դուրս է գալիս վարսանդը՝ շրջապատված սերտաճած հինգ առէջներով։ 5 պսակաթերթանի պսակի եզրերից երևում են հինգ ատամիկներ, քանի որ այն առաջացել է հինգ պսակաթերթիկներից։ Դա կարծես երկարությամբ ճեղքված խողովակաձև ծաղիկ է։ Այսպիսի ծաղիկները կոչվում են իսկական լեզվակավորներ։ Դրանցից են կազմված խատուտիկի Taraxacum, կաթնբեկի Sonchus և այլ բույսերի զամբյուղները։
Լինում են նաև կեղծ լեզվակավոր ծաղիկներ։ Ձևով դրանք նման են իսկական լեզվակավոր ծաղիկներին, բայց դրանց պսակը կազմված է ոչ թե հինգ, այլ երեք պսակաթերթից։ Այդ ծաղիկները կարող են ունենալ վարսանդ և պտուղներ տալ, բայց լինում են նաև անպտուղ։ Դրանք առէջներ չունեն։ Կեղծ-լեզվակավոր ծաղիկները դասավորվում են զամբյուղի արևածաղիկ Helianthus, երիցուկ Matricaria եզրերին, որի կենտրոնում գտնվում են խողովակաձև ծաղիկները։
Պտուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդածաղկավորների պտուղը չոր է, չբացվող, մեկ սերմով, կոչվում է սերմիկ։
Տնտեսական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդածաղկավորների ընտանիքի առավել արժեքավոր բույս է արևածաղիկը։ Այն երկար ուղղաձիգ, 2-3մ բարձրության հասնող ցողունով և լայն ամբողջական տերևներով միամյա բույս է։ Արևածաղիկի արմատային համակարգը լավ զարգացած է և խորը թափանցում է հողի մեջ։ Զամբյուղ ծաղկաբույլերը խոշոր են, դեղին, կենտրոնում խողովակաձև և եզրերում կեղծ լեզվակավոր ծաղիկներով։ Զամբյուղը արտաքինից ծածկված է կանաչ տերևներից կազմված պատյանով։ Արևածաղկի պտուղներն ունեն յուղի մեծ տոկոսային պարունակություն, այդ պատճառով այժմ այն մշակում են որպես յուղատու մշակաբույս։ Նախկինում, երբ արևածաղիկը դեռ նոր էր բերվել Հյուսիսային Ամերիկայից, այն մշակում էին որպես դեկորատիվ բույս։ Արևածաղկի յուղը օգտագործվում է սննդի մեջ, մարգարին ստանալու համար, օճառի, ներկերի արտադրության մեջ, օլիֆ ստանալու համար։ Քուսպը և սիլոսացված վիճակում վերգետնյա մասը օգտագործում են որպես անասնակեր։ Չորային շրջաններում ձյունապահպանման համար արևածաղկի ցողունները թողնում են դաշտերում։ Անտառազուրկ վայրերում դրանք օգտագործվում են որպես վառելանյութ, մոխրից ստանում են պոտաշ։ Տերևներն ու ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ։
Նույն ցեղին պատկանող այլ տեսակ է գետնատանձը։ Բազմացվում է պալարների համար, որոնք սննդի մեջ կարող են օգտագործվել եփված վիճակում, բայց հիմնականում անասնակեր են։ Որպես վաղահաս բանջարաբույս մշակում են կաթնուկ սալաթը Lactuca։ Սալաթներ պատրաստելու համար կարելի է նաև օգտագործել ամենուրեք տարածված դեղաբույսային խատուտիկի Taraxacum երիտասարդ տերևները։ Այս բույսի արմատները պիտանի են որպես սուրճի շինծու օգտագործելու համար։ Հաճախ այդ նպատակով օգտագործում են սովորական ճարճատուկի արմատները, որը լինում է անապատներում, ճանապարհների եզրերին, չոր լանջերին։ Ճարճատուկի Cichorium inthybus զամբյուղները բավականին գրավիչ են, կազմաված են նուրբ երկնագույն լեզվակավոր ծաղիկներից։ Այս բույսի չորացված և աղացված արմատները ավելացնում են բնական սուրճին ավելի մուգ գույն և յուրահատուկ համ տալու համար (ճարճատուկով սուրճ)։
Դեկորատիվ բույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդածաղկավորների ընտանիքի կազմում շատ են դեկորատիվ բույսերը՝ գեորգենիները Dahlia variabilis, աստղածաղիկները Callistephus, ցինածաղիկները Zinnia, ռուդբեկիաները Rudbeckia, մարգարտածաղիկները Bellus perennis, քրիզանթեմները Chrysanthemum, թավշածաղիկները Iagetes, վաղենակները Calendula (նարգիզ), անթառամներ Helichrysum, գայլարդիա Gailardia, մոխրածաղիկներ Cineraria և այլն։
Բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ բարդածաղկավորներ՝ դառը օշինդրը Artemisia absinthium, դեղատնային երիցուկը Matricaria, կղմուխը Tnula, տարկավանը Tanacetum, կատվալեզուն Bidens tripartitus, վաղենակը, տերեփուկը, տատրակը Tussilago farfara դեղաբույսեր են։
Կաուչուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ընտանիքում կան նաև կաուչուկատու բույսեր՝ կոկսագիզը Taraxacum kok- saghyz, կրիմսագիզը T. megalorrhizum, տաուսագիզը Scorzonera tau – saghyz, գվայուլլա Parthenium argentatum։
Մոլախոտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես վնասակար և դժվար արմատախիլ արվող մոլախոտ հայտնի են հետևյալ բույսերը՝ դաշտային կաթնբեկը Sonchus arvense, դաշտային տատասկը Cirsium arvense . հարավում՝ կաթնուկը Lactuca, գինեղեգը Picris։ Բացի դրանցից մոլախոտեր են կապույտ տերեփուկը Centaurea cyanus, գարնանաթարմը Eriqeron, հազարատերևուկը Achillea, երիցուկը Matricaria, անթեմը Anthemis և այլն։ Այս մեծ ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպում են մարգագետիններում, անտառներում, թփուտներում, աղբոտ տեղերում, դրանցից են կռատուկը Arctium, տատասկափուշը Carduns, օշինդրը Artemisia, ճուռակախոտը Hieracium, հալևորիկը Senecio, տատասկը Cirsium և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Статистика семейства Сложноцветные (Compositae)» (անգլերեն). The Plant List. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кирпичников М. Э. Семейство сложноцветные (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 462—476.
- Хржановский В. Г. Курс общей ботаники. Часть 2. Систематика растений։ Учебник для сельхозвузов. — 2-е изд., перераб. и доп. — М.։ Высш. школа, 1982. — С. 439—450.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 313)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդածաղկավորներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդածաղկավորներ» հոդվածին։ |
|