Բրաունշվայգ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրաունշվայգ | |||||
գերմ.՝ Braunschweig | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ստորին Սաքսոնիա | ||||
Ներքին բաժանում | Wabe-Schunter-Beberbach?[1], Hondelage?[1], Volkmarode?[1], Östliches Ringgebiet?[1], Innenstadt?[1], Viewegsgarten-Bebelhof?[1], Stöckheim-Leiferde?[1], Heidberg-Melverode?[1], Südstadt-Rautheim-Mascherode?[1], Weststadt?[1], Timmerlah-Geitelde-Stiddien?[1], Broitzem?[1], Rüningen?[1], Westliches Ringgebiet?[1], Lehndorf-Watenbüttel?[1], Veltenhof-Rühme?[1], Wenden-Thune-Harxbüttel?[1], Nordstadt?[1], Schunteraue?[1], Bevenrode?, Wabe-Schunter?, Waggum?, Querum?, Riddagshausen?, Bienrode-Waggum-Bevenrode?, Bienrode?, Ölper?, Watenbüttel-Ölper-Völkenrode? և Veltenhof? | ||||
Հիմնադրված է | 861 թ. | ||||
Մակերես | 192,70 կմ² | ||||
ԲԾՄ | 75 մետր | ||||
Բնակչություն | ▲251 804 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Ամառային ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 05300, 05307, 05309, 0531 և 05341 | ||||
Փոստային դասիչ | 38100, 38126, 38114 և 38100–38126 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BS[3] | ||||
Պաշտոնական կայք | braunschweig.de(գերմ.)(անգլ.) | ||||
| |||||
Բրաունշվայգ, Բրաունշվեյգ, (գերմ.՝ Braunschweig [ˈbʁaʊnʃvaɪk], [ˈbrɔˑnsviːk]), խոշոր քաղաք Հյուսիսային Գերմանիայում Ստորին Սաքսոնիայի հարավ–արևելքում։ Ունի մոտավորապես 247,1 հազար բնակիչ և համարվում է Ստորին Սաքսոնիայի բնակչության թվով երկրորդ խոշոր քաղաքը։
Մինչև 1918 թվականի նոյեմբերը Բրաունշվայգը Բրաունշվեյգի դքսության մայրաքաղաքն էր։ Նոյեմբերյան հեղափոխությունից և դուքսի հրաժարականից հետո Բրաունշվեյգ հանրապետության մայրաքաղաքն էր մինչև 1946 թվականը, երբ մտավ Ստորին Սաքսոնիայի կազմի մեջ։
Աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունշվայգը գտնվում է Գերմանիայի հյուսիսային՝ Հարց լեռնաշղթային հյուսիսային սահմանի և Հյուսիս–գերմանական դաշտավայրի միջանկյալ հատվածում։ Քաղաքի միջով անցնում է Օկեր գետը։ Հարավում ամբարտակ է տեղադրված, որի շնորհիվ Օկերը քաղաքը շրջապատում է արևմտյան և արևելյան կողմերից (դա արվել էր միջին դարերում քաղաքը լավագույնս պաշտպանելու համար), իսկ հետո՝ քաղաքի հարավ–արևմտյան հատվածում, միավորվում է մեկ հոսքի մեջ։
Քաղաքի տարածքը 192 կմ² է՝ շրջապատված քաղաքային 98 կիլոմետրանոց սահմանով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 75 մ է։ Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 70 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Հեյթելդեր Բերգն է (111 մ)։
Մոտակա խոշոր քաղաքներն են՝ Վոլֆսբուրգ՝ 35 կմ հյուսիս–արևելք, Հանովեր՝ 65 կմ արևմուտք, Մագդեբուրգ՝ 90 կմ արևելք և Հյոթինգեն՝ 110 կմ արևմուտք։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունշվայգը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում՝ մայրցամաքայինից ծովային կլիմային անցնելու սահմանին։ Տարեկան միջին ջերմաստիճանը 8,8 °C է, օդի հարաբերական խոնավությունը՝ 79 %: Տարվա ընթացքում ցուրտ օրերի քանակը (0 °C–ից ցածր ջերմաստիճան, 74 օր) էապես գերազանցում է շոգ օրերի թվին (25 °C–ից բարձր ջերմաստիճան, 25 օր)։ Բրաունշվայգում տարեկան տեղումները քանակը մոտավորապես 618 մմ է[4]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնումը և միջնադարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունշվայգը հիմնադրվել է սաքսոնյան կոմս Բրունո II–ի կողմից։ Քաղաքի անունը՝ սկզբնապես Բրունսվիկ, բաղադրյալ բառ էր՝ կազմված Բրունո անձնանունից և հանգստավայրի անուն «վիկ»–ից։ Վայրը կատարելապես համապատասխանում էր այդ նպատակների իրագործման համար, որովհետև Օկեր գետի շրջակայքում էր գտնվում։ Առաջին անգամ քաղաքը Բրունեսգվիկ անունով հիշատակվում է Մագնիկիրխե եկեղեցում 1031 թվականին։
Հենրիխ Առյուծի օրոք Բրաունշվայգը դառնում է հզոր քաղաք՝ մի քանի շրջաններով (այսպես կոչվածխ Վայխբիլդե)․ Հագեն - Հենրիխի հիմնած Հին քաղաք Նոր քաղաք, Ալթևիկ և Զակ։ Կային ևս երկու լրացուցիչ հատուկ շրջաներ՝ Սանկտ–Իգիդիեն և ամրոցի շրջան։ Յուրաքանչյուրն ուներ աղոթավայր և սեփական վանք։
Հենրիխը Բրաունշվայգը իր նստավայրը դարձրեց։ Նա ընդլայնեց Բրունո Դանկվարդերոդե ամրոցը, հրամայեց այրել 1030 թվականի հին եկեղեցին և նրա փոխարեն կառուցել Բրաունշվեյգի մայր տաճարը, որի կառուցումն ավարտվեց 1226 թվականին՝ արդեն իր մահից հետո։ Տաճարը նվիրված է սուրբ Բարսեղին, Հովհաննես Մկրտչին և Թոմաս Բեքետին։ Այսօր տաճարը գործում է որպես լյութերական եկեղեցի։
Հենրիխ Առյուծը հասավ այնպիսի իշխանության, որ ընտրեց առյուծին որպես իր զինանշանի և մոտավորապես 1166 թվականին հրամայեց ձուլել բրոնզե առյուծ, որը դրեց ամրոցի հրապարակում (բնօրինակն այսօր գտնվում է ամրոցում)։ Այն առաջին քաղաքային բրոնզաձույլ արձանն էր, որ տեղադրվել էր Ալպերից հյուսիս ընկած տարածաշրջանում։ Առյուծը քաղաքի զինանշանն է և խորհրդանիշը։
Հանզայի միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ գետի մոտ լինելու՝ Բրաունշվայգը դարձավ կարևոր առևտրային քաղաք, իսկ XIII դարից սկսած՝ Հանզայի անդամ։
Բրաունշվայգ–Լյունեբուրգ դքսությունը Հենրիխ Առյուծի ժամանակ Վելֆովի սեփականության մասն էր։ Արդյունքում դքսությունը փլուզվեց։ XIV դարում ձևավորվեց Բրաունշվայգ–Վոլֆենբյուտել կոմսությունը։ Բրաունշվայգը դարձավ ազատ քաղաք 1430 թվականին և վելֆյան ավատատերերը իրենց նստավայրը տեղափոխեցին Վալֆենբյուտել։
Գենտի և Փարիզի կողքին Բրաունշվայգը դարձավ ուշ միջնադարի Եվրոպայի ամենաանհանգիստ քաղաքներից մեկը։ Սահմանադրական վեճերը միշտ վերածվում էին հեղափոխության քաղաքացիական ալիքի, որ Բրաունշվայգում կոչվում էին «Շիխտեն»։
1671 թվականին քաղաքը կրկին հայտնվեց իշխանի ղեկավարման ներքո, իսկ 1753 թվականին Բրաունշվայգում կրկին դքսություն հաստատվեց։ Անտոն Ուլրիխ Բրաունշվայգյան օրոք քաղաքը հետք է թողնում բարոկկոյի զարգացման մեջ։ Անտոնը Զալցդալումում՝ ոչ հեռու Վոլֆենբյուտելից, ստեղծեց իր բարոկկոյան ոճի նստավայրը՝ այգու հետ միասին։ Այդ մասին հիշեցնում է Անտոն Ուլրիխի թանգարանը, որտեղ կան շատ նշանակալի ստեղծագործություններ։
XIX դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1806 թվականին բրաունշվագյան դուքս Կառլ Վիլհելմ Ֆերդինանդը, լինելով գեներալ–ֆելդմարշալ, Իենի և Աուերշտեդտի ճակատամարտում մահացու վիրավորվեց։ 1807 թվականից մինչև 1813 թվականը Բրաունշվայգը գտնվում էր նապոլեոնական զորքերի օկուպացիայի ներքո և Վեսթֆալիայի թագավորություն մաս էր։
Վիլհելմ III–ի մահից հետո դքսությունը ղեկավարում էին ռեգենտները, որ նշանակվում էին Բեռլինից։ 1871 թվականին դքսությունը մտավ Գերմանական կայսրության կազմի մեջ։ Վիկտորիա Լուիզայի ամուսնությունը Վիլհելմ Երկրորդ արքայորդու հետ բերեց Հոգենցոլերների և Վելֆերի արքայատոհմերի հաշտությանը, վերջիններս էլ դարձան իշխողները։
Վեյմարյան հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի նոյեմբերին Բրաունշվայգում հեղափոխություն կատարվեց, որի արդյունքում դուքսը ստիպված եղավ հրաժարական տալ[5]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանդունգ, Ինդոնեզիա, 1960 թվականից սկսած | |
Նիմ, Ֆրանսիա, 1962 թվականից սկսած | |
Բաթ, Անգլիա, Մեծ Բրիտանիա, 1971 թվականից սկսած | |
Սուս, Թունիս, 1980 թվականից սկսած | |
Կիրյատ–Տիվոն, Իսրայել, 1985/86 թվականից սկսած | |
Մագդեբուրգ, Սակսոնիա–Անհալթ, Գերմանիա, 1987 թվականից սկսած | |
Կազան, Ռուսաստան, 1988 թվականից սկսած | |
Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ, 1992 թվականից սկսած |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում է գտնվում հնագույն Schimmel դաշնամուրների արտադրության գործարանը։
Տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Բարսեղ մայր տաճարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս օգտագործվում է որպես լյութերական եկեղեցի։ Կառուցվել է Հենրիխ Առյուծի կարգադրությամբ 1173-1195 թվականներին և օծվել 1227 թվականին։ Տաճարը եռանավ բազիլիկ է, երկու աշտարակներով ու դամբարանով։ Տաճարում է գտնվում Հենրիխի և Մաթիլդայի տապանաքարը, որ ստեղծվել է Ֆրիդրիխ Երկրորի օրոք և օծվել 1250 թվականին։ Իր նշանակալիությամբ տապանաքարը համեմատելի է Նաումբուրգի և Բամբերգի տաճարների հետ։ Շինությունը խոշոր փոփոխությունների է ենթարկվել XIV-XV դարերում։
Սկսած XVII դարից՝ տաճարի նկուղը սկսեց օգտագործվել որպես Վելֆովների տան իշխանների գերեզման։ Տաճարի կողքին 1166 թվականին կանգնեցվեց բրոնզե առյուծի արձանը[6]։
Այլ տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Happy RIZZI House
-
Ռիչմոնդ ամրոցը
-
Հին քաղաքը
-
Դերձակատուն
Հայտնի քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Առյուծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Առյուծ (1129 - 6 օգոստոսի 1195), Վելֆերի արքայատոհմի միապետ։ Նրա մայրը Գերտրուդա Սուպլինբուրգյանն էր (18 ապրիլի 1115 - 18 ապրիլի 1143)՝ Լոթար III (1125-1137) կայսեր դուստրը։ Նրա հայրը Սաքսոնիայի և Բավարիայի դուքս Հենրիխ Հպարտն էր (մոտ 1108 - 20 հոկտեմբերի 1139)։
Արդեն 12 տարեկանում Հենրիխը սկսում է ղեկավարել Բավարիան և Սաքսոնիան։ 1147 թվականին մարկկոմս Ալբրեխտ Արջի հետ միասին մեկնում է Խաչակրաց արշավանքի դեպի Արևելք՝ ընդդեմ սլավոնացի վենդերի։ Նույն թվականին Հենրիխը ամուսնանում է Կլեմենցիայի հետ և որպես օժիտ ստանում Շվաբիան։ Ֆրիդրիխ Առաջին Բարբարոսը հասնում է նրան, որ Հենրիխի և Կլեմենցիայի ամուսնությունը չեղյալ է հայտարարվում։ Ֆրիդրիխը վերցնում է Շվաբիան և դրա փոխարեն տալիս Սաքսոնիայի մի քանի շրջաններ։
1168 թվականին նա ամուսնանում է Մաթիլդա Պլանտագենետի՝ Անգլիայի արքայադստեր հետ։ Մաթիլդան Ռիչարդ I Առյուծասիրտի (1157-1199) հարազատ քույրն էր։ Նրանց հայրը անգլիացի թագավոր Հենրիխ II Պլանտագենետն էր, իսկ մայրը՝ դքսուհի և Ֆրանսիայի ու Անգլիայի թագուհի Էլեոնորա Աքվիտանացին (1122 - 31 մարտի 1204)՝ Խաչակրաց արշավանքի մասնակից, միջին դարերի ամենավառ անհատականություններից մեկը, հայտնի ոչ միայն գեղեցկությամբ, այլև իր եռանդով և խելքով։ Նրա անվան հետ է կապված XII դարի Վերածնունդը։
Մաթիլդայի հետ ամուսնությունը Անգլիայի և Հանովերի թագավորական տների միջև բարեկամական կապեր հաստատեց, որի հետևանքով Հենրիխը դարձավ կայսրից հետո երկրորդ ամենաազդեցիկ անձը։ Այդ իսկ պատճառով Ֆրիդրիխ Բարբարոսի և Հենրիխի հարաբերությունները սրված էին։ Մաթիլդան և Հենրիխը հովանավորում էին գիտությունն ու կրթությունը, մշակույթն ու արվեստը, և Բրաունշվայգը դարձավ արվեստի կենտրոն։ Հենրիխի օրոք հիմնվեցին շատ գերմանական քաղաքներ, այդ թվում՝ Լյուբեկը, Լյունեբուրգը, Մյունխենը և Շվերինը։
1172 թվականին Հենրիխը մասնակցել է Խաչակրաց արշավանքներին և Կոստանդնուպոլիս այցի ժամանակ Արևելյան Հռոմեական կայսրության ղեկավարից ստացել առյուծ։ Արևելք արշավաքների արդյունքում Հենրիխ Առյուծը բավականին շատ տարածքներ գրավեց և դարձավ Էլբա գետից արևելք ընկած հսկայական տարածքների տերը, ինչը բերեց Ֆրիդրիխ I–ի հետ հարաբերությունների սրմանը։ Ֆրիդրիխը դատական գործընթաց է կազմակերպում՝ ընդդեմ Հենրիխի։ Արդյունքում Հենրիխը հրաժարվում է իր տարածքների մեծ մասից (իր ձեռքում մնում են Բրաունշվայգը և Լյունեբուրգը) և ստիպված է լինում Մաթիլդայի հետ հեռանալ Անգլիա։ 1185 թվականին Ֆրիդրիխը միություն է կնքում Անգլիայի թագավորի հետ, իսկ Հենրիխը վերադառնում է։ Նրա տիտղոսը և տարածքները վերականգնվում են։ Հենրիխը մահացել է 1195 թվականի օգոստոսի 6–ին Բրաունշվայգում և իր կտակի համաձայն՝ թաղվել քաղաքի տաճարում[7][8]։
Թիլ Ուլենշպիգել
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիլ Ուենշպիգել, միջնադարյան հոլանդական և գերմանական ժողովրդական լեգենդների հերոս, թափառական և զվարճախոս։ Հայտնի է Շառլ դե Կոստերի համանուն վեպից։ Վաղ աղբյուրները նշում են, որ Թիլ Ուլենշպիգելը ծնվել է 1300 թվականին Շոպենշտադտի (Schöppenstedt) մոտ՝ 20 կմ հարավ–արևելք Բրաունշվայգից։ Առաջին լեգենդը Թիլ Ուլենշպիգելի մասին գրի է առնվել Ստրասբուրգում 1510 թվականին։ Հեղինակն օգտվել է բանավոր պատմություններից, որոնք գեղեցկացրել է իր երևակայությամբ։
Արդեն XVI դարի ընթացքում այդ գիրքը թարգմանվել է մի շարք եվրոպական լեզուներով և գրանցել է մեծ հաջողություն՝ նկարագրելով այնպիսի հերոսի արկածներ, որը ամենաբարդ իրավիճակներից կարողանում է փայլուն կերպով դուրս գալ։ Սովը և կիրքը դեպի արկածները Թիլին դրդում են թողել հարազատ Բրաունշվայգը և ճանապարհորդել Բեռլինով, Նյուրնբերգով, Ուլմով, Պրահայով և Հռոմով։ Եվ որտեղ էլ որ հայտնվեր, քննադատում էր մարդկային թուլությունները և արատները այնքան ճիշտ, որ երևում էր որպես հայելի՝ արտացոլող մարդկային թերությունները։
Ժամանակի ընթացքում Ուլենշպիգելի կերպարը ազատվեց բացասական գծերից և, վերջիվերջո, ստացավ հերոսական գծեր։
Կառլ Ֆրիդրիխ Գաուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Գաուս (1777-1855), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, ծնվել է այս քաղաքում։ Երեք տարեկան հասակում փրկվել է գետում խեղդվելուց և որից հետո սկսեցին կանխագուշակել նրա երկար կյանքը։ Սովորել է Հյոթինգենի համալսարանում։ Նրա թեզը կոչվում էր «Հանրահաշվի հիմունքները»։ 1807 թվականից սկսած նա համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր էր և աստղադիտարանի տնօրեն։ Այստեղ նա ավարտել է աշխատանքները «Բարձրագույն թվաբանության հետազոտությունների» վրա և նոր հիմքի վրա ստեղծել «Երկնային մարմինների շարժման տեսությունը»։ Նա ուսումնասիրում էր երկրային ձգողականությունը և հայտագործել է էլեկտամագնիսական հեռագիրը։
Ավգուստ ֆոն Ֆալերսլեբեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստ Հենրիխ Հոֆման ֆոն Ֆալերսլեբեն (1798-1874), գերմանիստ, ժողովրդական երգերի հեղինակ և ֆլամանդական ազգայիին ավանդույթների վերածննդի կողմնակից, «Lied der Deutschen» երգի հեղինակ։ Երգի բառերը գրել է 1841 թվականի օգոստոսի 26–ին Հելգոլանդ կղզում, որտեղ այդ ժամանակ բնակվում էին գերմանացի դեմոկրատները։ Երգի երաժշտությունը ձայնագրել է Բեթհովենի ուսուցիչ Յոզեֆ Հայդնը (1732-1809), որը 1797 թվականին կայսեր հրամանով երկրի օրհներգն էր գրել։
Կայսերական Գերմանիայի ժամանակաշրջանում այս երգը ազգային խորհրդանիշի դեր ուներ և շատ էր կատարվում հատկապես Առաջին համաշխարհայինի ժամանակ։ 1918 թվականին այն արգելվեց, սակայն 1922 թվականի օգոստոսի 11–ին Ֆրիդրիխ Էբերտի կողմից հայտարարվեց որպես երկրի ազգային հիմն։ Երրորդ ռեյխի ժամանակաշրջանում այն մեծ ճանաչում ու հեղինակություն ուներ։ 1945 թվականին երգը կրկին արգելվեց, բայց հետագայում Գերմանիայի նախագահ Թեոդոր Հոյսն իր նամակում Ադենաուերին առաջարկեց վերականգնել երգը։ Արևմտյան Գերմանիայի կառավարությունը 1952 թվականի ապրիլի 29–ի ամփոփագրում նշեց, որ կան որոշ տողեր, որ ունեն ազգայնական բնույթ՝ կապված նրա հետ, որ այնտեղ նշվում էին Գերմանիայի այդ ժամանակ արդեն գոյություն չունեցող սահմանները․ արևմուտքում՝ մինչև Մաաս, արևելքում՝ մինչև Նեման, և հարավում՝ մինչև Ադաջա։
Այլք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիխարդ Դադեկինդ - գերմանացի մաթեմատիկոս, ժամանակակից հանրահաշվի հիմնադիր։
- Իոահիմ Հենրիխ Կամպե - մանկական գրող, մանկավարժ և հրատարակիչ։
- Լյուդվիգ Շպոր - գերմանացի ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, երաժշտության մեջ ռոմանտիկ ոճի առաջին հիմնադիրներից մեկը։
- Նորբերտ Շուլցե - «Լիլի Մառլեն» երգի հեղինակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 http://www.braunschweig.de/politik_verwaltung/politik/ratderstadt/stadtbezirksraete/stadtbezirksraete.html
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ http://www.kba.de/SharedDocs/Publikationen/DE/Presse/kfz_kennzeichenliste_faltblatt_pdf.pdf?__blob=publicationFile&v=37
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Քաղաքի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Reinhard Pözorny(Hg)Deutsches National-Lexicon- DSZ-Verlag ISBN 3-925924-09-4
- ↑ Izabella Gavin/Dieter Schulze Brunschwig und Umgebung:-Edition Temmen.Dremen.2002 ISBN 3-86108-491-0
- ↑ Dr. Fritz Winzer Weltgeschichte Daten Fakten Bilder. Georg Westermann Verlag.1987. ISBN 3-07-509036-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաունշվայգ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 557)։ |