Երգեր է հորինել 12 տարեկանից։ Աշուղական մրցույթների վարպետ։ Ժողովրդականություն են վայելում նրա վաղ շրջանի քնարական գործերը։ Երգիծական ստեղծագործությունների («Հինգ վարազ», «Վաշխառու Չաքըրբայը», «Էշեն-Կալպա» և այլն) համար Սաթըլգանով Թոքթոգուլը աքսորվել է Սիբիր։ 1910 թվականին նրան հաջողվել է փախչել և վերադառնալ հայրենիք։ Այս իրադարձություններն արտացոլվել են «Մնաս բարով, իմ ժողովուրդ», «Աքսորում» և այլ երգերում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա երգերը նոր կյանք ստեղծելու կոչ են արել։ Կիրգիզական գրականության մեջ առաջինն է ներկայացրել Լենինի կերպարը։ Ստեղծել է գործիքային երաժշտության դասական նմուշներ (կյուեր)։ Նրա մեղեդիները գրի են առնվել և օգտագործվում են խորհրդային կոմպոզիտորների կողմից։ 1965 թվականին սահմանվել է Թոքթոգուլի անվան հանրապետական պետական մրցանակ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։