Jump to content

Լորդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորդի
Lordi in Wrocław, 2023
Հիմնական տվյալներ
ԵրկիրՖինլանդիա Հելսինկի, Ֆինլանդիա
ԺանրերԾանր ռոք,
ծանր մեթալ,
շոկային ռոք
Գործունեություն1996–այժմ
ԼեյբլSony BMG, GUN, The End, Drakkar Records
Պարգևներ
Կայքlordi.fi
Անդամներ
Միստր Լորդի
Ամեն
OX
Ավա
Նախկին անդամներ
Ջի-Սթիլեր
Էնարի
Մագնում
Կիտո
Կալմա
Օտուս
 Lordi Վիքիպահեստում

Լորդի (ֆիններեն՝ Lordi), ֆիննական հարդ ռոք/ մեթալ խումբ, ստեղծված 1992 թվականին՝ խմբի գլխավոր վոկալիստ, երգերի հեղինակ և կոստյումների դիզայներ Միստր Լորդիի կողմից[1][2]։ Խումբը համերգների ժամանակ օգտագործում է հրեշների պատկերներով կոստյումներ, ինչպես նաև պիրոտեխնիկա։ Լորդի խումբը երկրում ճանաչման է հասել 2002 թվականին՝ թողարկելով «Would You Love a Monsterman?» սինգլը։

Լորդին, 2006 թվականիի Եվրատեսիլ Երգի մրցույթում ներկայացելով Ֆինլանդիան, 292 միավորով գրավել է 1-ին տեղը՝ առաջին անգամ Եվրատեսիլի պատմության մեջ Ֆինլանդիային բերելով հաղթանակ։ Լորդիի կատարմամբ հաղթանակած երգն էր «Hard Rock Hallelujah»-ն։

Սկիզբ (1992—2002)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմի Պուտաանսուն, որը ծանր ռոք Kiss խմբի երաժիշտ և ֆան ակումբի նախագահ էր, ոգեշնչված իր կուռքերով՝ որոշել է ստեղծել երաժշտական խումբ։ Lordi-ի մասին հիմնական գաղափարը նա հղացել է 1992 թվականին, իսկ 1993 թվականին ձայնագրել է «Napalm Market» սոլո դեմո-ալբոմը, որն այդպես էլ չի թողարկվել։ 1996-1997 թվականներին կազմավորվել է խմբի առաջին կազմը՝ Mr. Lordi (վոկալ), Amen (կիթառ), G-Stealer (բաս կիթառ) և Enary (ստեղնաշարային գործիքներ)։ Kiss-ի օրինակով խմբի բոլոր մասնակիցները նոր խմբում մականուններ են վերցնել, ինչպես նաև ստեղծվել են բեմական առաջին հագուստները։ Հենց Պուտաանսուն հայտնի է դարձել Միստր Լորդի անունով։

1997 թվականին թողարկվել է նրանց առաջին՝ «Bend Over and Pray the Lord» ալբոմը, սակայն ռելիզը չի կայացել, քանի որ նրանց լեյբլը սնանկացել էր մինչև ալբոմի թողարկումը։ Ձայնագրումից հետո G-Stealer-ը հեռացել է խմբից և խմբի նոր բաս կիթառահարն է դարձել Magnum-ը, իսկ 2000 թվականին խմբի առաջին թմբկահարը դարձավ Kita-ն։

Get Heavy (2002—2003)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային «Get Heavy» ալբոմը թողարկվել է 2002 թվականի Հելոուինի գիշերը` նոյեմբերի 1-ին։ Ալբոմի շապիկը ստեղծվել էր Kiss խմբի «Love Gun» ալբոմի նկարի հիման վրա։ Ալբոմի տեքստերը նվիրված էին «սարսափին»՝ հրեշներին, վամպիրներին, դևերին, ինչպես նաև գովերգում է ռոք երաժշտությունը։ Այդ ալբոմի «Devil is a Loser» և «Would You Love a Monsterman?» երգերը խմբի առաջին հիթերը դարձան։ Դրանք թողարկվել են սինգլներով, և դրանց համար տեսանյութեր են նկարահանվել։ «Get Heavy» երգը հաղթել է Emma Galla 2003 մրցույթում՝ ճանաչվելով Ֆինլանդիայի տարվա լավագույն ծանր մեթալ ալբոմը։ Ալբոմի ձայնագրությունից հետո խմբի անդամները Մագնումին խնդրել են հեռանալ խմբից, որի պատճառը բաս կիթառ նվագելու ցածր մակարդակն էր, երրորդ բաս կիթառահարը դարձել է Kalma-ն։

Lordi-ի առաջին համերգը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկիում, համերգի տեսաձայնագրությունը DVD-ով թողարկվել է «Scarchives vol․» հավաքածուի մեջ 2012 թվականին։ 2003 թվականի ապրիլին խումբը «Wacken Road Show» անունով շրջագայության է մեկնել։ Գերմանիայում տեղի ունեցած համերգներում Lordi խումբը ելույթ է ունեցել Nightwish-ի նախաձեռնությամբ։ Խումբն ավելի լայն ճանաչում է ստացել, դա օգնել է խմբին պայմանագիր կնքել գերմանական «Drakkar» ձայնագրման ընկերության հետ։

The Monsterican Dream (2004—2005)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lordi-ն սկսել է առաջ շարժվել հայտնի պրոդյուսեր Հիյլի Հիլեսամաայի հետ, որը նախկինում աշխատել էր HIM, Amorphis և Sentenced խմբերի հետ։ Նրա ղեկավարությամբ թողարկվել է «The Monsterican Dream» ալբոմը, որն ուներ ավելի ծանր հնչողություն, քան նախորդը, և պարունակում էր ավելի մռայլ թեմաներ։ Սինգլներով թողարկվել են «My Heaven Is Your Hell» և «Blood Red Sandman» երգերը, վերջինը դարձել է խմբի ամենահայտնի երգերից մեկը և այդ պահից սկսած կատարվել է Lordi-ի բոլոր համերգների ժամանակ։ Այնուամենայնիվ, ալբոմն ավելի քիչ առևտրային հաջողություն է ունեցել, քան «Get Heavy» ալբոմը։ Խումբը բեմական նոր հագուստներով նկարահանվել է «The Kin» կարճամետրաժ ֆիլմում, որը թողարկվել է ալբոմի հատուկ DVD-ով։ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում խումբը առաջին և երկրորդ ալբոմների լավագույն երգերը համատեղել է «The Monster Show» հավաքածուի մեջ։ Դրանից հետո խմբում տեղի է ունեցել կազմի հերթական փոփոխությունը. ստեղնաշարային գործիքների համար եկել է Awa-ն և բաս կիթառահար՝ OX, որը փոխարինել է Կալմային խմբի՝ Եվրատեսիլ հրավիրվելուց օրեր առաջ։

Հաղթանակը Եվրատեսիլում, «The Arockalypse» (2006—2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Միստր Լորդիին զանգահարել են Եվրատեսիլի ֆիննական որակավորման հանձնաժողովից և առաջարկել են երկու երգ ընտրել նոր ալբոմից, որով կարող էին ներկայացնել Ֆինլանդիան մրցույթում։ Խումբը ընտրել էր «Bringing Back the Balls to Rock» և «Hard Rock Hallelujah» երգերը, իսկ ֆինն հեռուստադիտողների մեծամասնությունը կիսաեզրափակչում քվեարկել էր վերջինիս օգտին։ Lordi-ն փոխել է հնչյունավորումը՝ կրճատելով երգը չորս րոպեից երեք րոպեի, ինչպես սահմանված էր մրցույթի ձևաչափով։ Ընտրական մրցույթի եզրափակչում Լորդին հաղթել է հանդիսատեսի քվեարկությամբ և ընտրվել է Ֆինլանդիայի պատվիրակը Եվրատեսիլում։ Ռոք երաժշտության ավանդույթներով հարուստ Ֆինլանդիան պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել էր ռոք խումբը (Nightwish խումբը 2000 թվականին նույնպես հաղթել է հանդիսատեսի քվեարկությունը, բայց խոտանվել է կոմիտեի կողմից)։ Սակայն Lordi-ի ընտրությունը աղմուկ է առաջացրել։ Որոշ հասարակական կազմակերպություններ խումբն իմիջի և տեքստերի համար անվանել են «սատանայական»։ Բացի այդ՝ Հունաստանում, որտեղ տեղի էր ունենում մրցույթը, Lordi-ի մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ թանկարժեք սարքավորումների և պիրոտեխնիկայի առաքման պատճառով։ Հովանավորների շնորհիվ այդ խնդիրը լուծվել է։

Լորդին անցել է մրցույթի կիսաեզրափակիչը և հանդես է եկել եզրափակչում։ Երաժիշտների ելույթն ուղեկցվել է պայծառ պիրոտեխնիկական շոուով, իսկ Ջին Սիմոնսի դիմակով որպես բեք վոկալ հանդես է եկել հայտնի ռոք երգիչ Պասի Ռանտանենը։ «Hard Rock Hallelujah» երգը հաղթել է հանդիսատեսի քվեարկությամբ՝ առաջ անցնելով ռուսաստանցի Դիմա Բիլանից և Բոսնիա և Հերցեգովինայի Hari Mata Hari խմբից 292 միավորով, ինչը «Եվրատեսիլ»-ի ողջ պատմության ընթացքում ռեկորդ էր, մինչև 2006 թվականին համակարգի փոփոխությունը։ Lordi-ն առաջին տեղն է զբաղեցրել մրցույթում։ Մրցույթում հաղթելուց հետո խումբը մեծ համբավ է ձեռք բերել։ «The Arockalypse» ալբոմը բարձրացել է Ֆինլանդիայի, Շվեդիայի և Հունաստանի շքերթների առաջին հորիզոնականը։ «Hard Rock Hallelujah» երգը թողարկվել է որպես առանձին սինգլով և նրա համար նկարահանվել է տեսահոլովակի երկու տարբերակ։

Ֆինլանդիայի նախագահը և վարչապետը անձամբ շնորհավորել են խմբին Եվրատեսիլում նրանց հաղթանակի կապակցությամբ։ 2006 թվականին մայիսին Հելսինկիում կայացել է հսկայական մենահամերգ, որտեղ հավաքվել են 90 000 մարդ և դարձել է ամենազանգվածային հանրային իրադարձությունը, որը երբևէ կազմակերպվել է հյուսիսային երկրի մայրաքաղաքում։ Իսկ «Hard Rock Hallelujah» երգը ևս մեկ բարձունք է նվաճել. կատարվելով կառաոկե տարբերակով՝ երգը միավորել է ֆիննական «հրեշների» երկրպագուների մոտավորապես 80 000 ձայն՝ այդ ձևով շրջանցելով ռեգբիի իռլանդացի երկրպագուների (50 000 ձայն) համաշխարհային ռեկորդը։ Ռովանիեմիի կենտրոնական հրապարակը վերանվանվել է Lordi-ի պատվին[3]։

Մրցույթում հաղթելուց հետո Lordi-ն «Bringing Back the Balls to Europe» շրջագայությունն է իրականցրել՝ այդ թվում այցելելով Մոսկվա։ Ելույթներից մեկի ժամանակ (Լոնդոնում հոկտեմբերի 31-ին) բեմում է հայտնվել խմբի հին բաս-կիթառահարը՝ Կալման[4][5]։

Խումբը հաճախ հայտնվել է Եվրոպայի տարբեր երկրների և ամերիկյան հեռուստաշոուներում։ 2006 թվականի նոյեմբերին խումբն առաջադրվել է MTV Europe Music Awards-ում, իսկ Միստր Լորդին հաղթողներին մրցանակներ է հանձնել։ 2007 թվականին Lordi-ն հանդես է եկել Download և Ozzfest փառատոններում, 2008 թվականին Wacken Open Air-ում, իսկ 2007 թվականի ամռանը նկարահանվել են «Մութ հարկեր» սարսափ ֆիլմում։ Ֆիլմի սաունդթրեքը դարձել է «Beast Loose in Paradise» սինգլը։

2008 թվականի մայիսի 7-ին խումբն սկսել է աշխատել 4-րդ ալբոմի վրա։ Նոր ալբոմի համար խումբն ունեցել է 60 ստեղծագործություն, դրանցից էլ խումբն ընտրել է 13-ը։ Ալբոմի երգերի գրությանը մասնակցել են խմբի բոլոր անդամները։ «Deadache»-ի ռելիզը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Ալբոմն ունեցել է առևտրային ավելի ցածր հաջողություն, քան The Arockalypse-ը։ «Bite It Like a Bulldog» սինգլի շապիկի վրա պատկերված էր Միստր Լորդիի բուլդոգը։ Տարվա վերջին Lordi-ն անցկացրել է «Deadache USA» շրջագայությունը, իսկ 2009 թվականին՝ «Deadache Europe»։ Փետրվարի 20-ին խումբը թողարկել է իր երկրորդ «Zombilation – The Greatest Cuts» ալբոմը, որի մեջ ներառված էին առաջին չորս ալբոմների լավագույն երգերը։ Այն ձայնագրվել է «Drakkar» լեյբլում, որից հետո խումբն այլևս չի երկարացնել նրանց հետ պայմանագիրը, վերջնականապես անցել է Sony Music-ին։

Babez For Breakfast, կազմի փոփոխություն (2010—2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ ալբոմը դուրս է եկել 2010 թվականի հոկտեմբերի 18-ին։ «This Is Heavy Metal» սինգլը թողարկվել է օգոստոսի 16-ին և դարձել է «Սղոց 3D» ֆիլմի սաունդթրեքը։ 2010 թվականի հոկտեմբերին ստեղնահար Kita-ն հայտնել է, որ դուրս է գալիս խմբից՝ ցանկանալով ելույթ ունենալ իր Stala & SO խմբում։ Lordi-ի նոր թմբկահարը դարձել է Otus-ը, սակայն 2012 թվականի փետրվարի 15-ին խումբը ափսոսանքով հայտնել է նրա մահվան լուրը[6]։ 2012 թվականի օգոստոսին Lordi-ի պաշտոնական կայքում հայտնվել է նամակ Ավայի կողմից, որում ստեղնաշարային նվագողը հայտնում է, որ լքում է խումբը[7]։ Օգոստոսի 11-ին Ռովանիեմիում խմբի 20-ամյակի օրը տեղի է ունեցել Ավայի մասնակցությամբ վերջին համերգը։

Սեպտեմբերի 3-ին Ֆինլանդիայում սահմանափակ քանակով թողարկվել է «Scarchives vol. 1» ալբոմը, որն իր մեջ ներառում էր «Bend Over and Pray the Lord» ներկայացուցչական ալբոմի երգերը, առաջին համերգի տեսաձայնագրությունը, ինչպես նաև որոշ հազվագյուտ նյութեր։

To Beast or Not to Beast

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացվել են ստեղնահար Hella-ն և թմբկահար Mana-ն։ Երաժիշտների իրական անունները հայտնի չեն։

2013 թվականի մարտի 1-ին թողարկվել է վեցերորդ՝ «To Beast or Not to Beast» ալբոմը (որպես շեքսպիրյան «to be or not to be»-ի մեկնաբանություն)։ Փետրվարի 9-ին թողարկվել է ստուդիական վեցերորդ «The Riff» ալբոմի առաջին սինգլը։

2013 թվականի հունիսի 29-ին «Lordi»-ն իր ծրագրով հանդես է եկել 50 000-անոց լսարանի առջև Մալոյարոսլավեցում ռուսաստանյան մոտո շաբաթվա ընթացքում (The Russian Bike Week

Scare Force One (2014—2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա վիդեոշնորհավորանքի մեջ խումբը հայտարարել է, որ սկսում է նյութ հավաքել նոր ալբոմի համար[8]։ Գարնանն ընթացել են առաջին փորձերը և արդեն հունիսի 2-ին ձայնագրվել են Finnvox ստուդիայում։ Ալբոմի ձայնագրության ժամանակ խումբը կիսվել է ձայնագրության ընթացքի տեսանյութերով և նկարներ։ Ալբոմի մի մասը ձայնագրվել է Լապլանդիայում[9]։ Ալբոմի ձայնագրման սկզբում խումբն ունեցել է 28 դեմո։ Ավանդության համաձայն՝ ալբոմի թողարկումից երկու ամիս առաջ խումբը հայտարարել է նոր հագուստների, ալբոմի շապիկի, երգացանկի մասին և հայտարարել է թողարկման մեկնարկի մասին։

2014 մայիսին խումբը ելույթ է ունեցել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի «Made in Finland» փառատոնում, որտեղ «Սիթի Հոլ Կրոկուս» և «Սիբուր-Արենա» համերգասրահների բեմերը նրանց հետ կիսվել են այնպիսի հայտնի ֆինն կատարողներ, ինչպիսիք են Մայքլ Մոնրոն, Poets of the Fall-ը և Nightwish-ի նախկին մեներգչուհի Տարյա Տուրունեն։

2014 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկվել է վավերագրական «Monsterimies» («Հրեշ մարդը») ֆիլմը, որը պատմում էր Եվրատեսիլից հետո խմբի կյանքի մասին։ Lordi-ի երկրպագուները սպասում էին պրեմիերային մոտավորապես երկուս ու կես տարի, սակայն թողարկման օրը Միստր Լորդին խիստ քննադատել է ֆիլմը՝ տեղեկացնելով, որ այդտեղ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը[10]։ Խումբը բոյկոտել է ֆիլմի պրեմիերան նաև այն պատճառով, որ ռեժիսոր Անտի Խաասեն որոշել էր ֆիլմում ցույց տալ ստեղնաշարային գործիքներ նվագող Ավային առանց դիմակի։

Նոր ալբոմի ռելիզը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 31-ին Եվրոպայում, նույն թվականի նոյեմբերի 3-ին՝ Հյուսիսային Ամերիկայում[11]։

2015 թվականի հոյեմբերի 14-ին և 15-ին Lordi-ն վեցերորդ անգամ հանդես է եկել Ռուսաստանում, այս անգամ որպես «Tour force one» շրջագայության մաս։

Monstereophonic – Theaterror vs. Demonarchy (2016—2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերին Lordi հայտարարել է, որ սկսելու են աշխատել ութերորդ ակումբային ալբոմի վրա։ Ստուդիան ամրագրված էր, և խումբը պլանավորում էր ձայնագրություններն սկսել դեկտեմբերին, բայց պլանները չեղարկվեցին, երբ Միստր Լորդին իմացավ իր հոր մահվան լուրը։ Արդյունքում ձայնագրություններն ստիպված տեղափոխեցին 2016 թվականի ապրիլի 19-ը։ Lordi-ն հաստատվեց Finnvox ստուդիայում իրենց պրոդյուսեր Նինո Լաուրեննեի հետ, որը դեռևս 2008 թվականին աշխատել էր «Lordi — Deadache» ալբոմի վրա։ Spark TV-ին տված հարցազրույցում Միստր Լորդին ասել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին, ինչպես նաև բացահայտել է նոր հագուստների և ալբոմի հայեցակարգը։ Հուլիսի 13-ին Lordi-ն ներկայացրել է ալբոմի շապիկը, որն ստացել է «Monstereophonic – Theaterror vs. Demonarchy» անվանումը, որի թողարկումը նախատեսված էր 2016 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Hug You Hardcore», թողարկվել է օգոստոսին։ Ալբոմին աջակցելու «European Monstour» շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին[12]։

2017 թվականի փետրվարին շրջագայություն է մեկնարկել Հյուսիսային Ամերիկայում, որը ավարտվել է մարտի 4-ին[13]։

Sexorcism (2018 –...)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 9-ին խումբը հայտարարել է նոր ալբոմի անունը և շապիկը՝ Sexorcism: Ռելիզը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 25-ին։ Խումբը խոստացել է, որ դա լինելու է «գուցե մեր օրերի ամենավիճելի ձայնագրություններից է լինելու»[14]։ Այս ալբոմի «Your Tongue’s Got the Cat» սինգլը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 13-ին[15]։ Ալբոմի երկրորդ սինգլն ստացել է «Naked in My Cellar» անվանումը, երաժշտական տեսահոլովակի հետ թողարկվել է նույն թվականի մայիսի 4-ին[16]։

Sexorcism դարձավ վերջին ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցում էր բաս-կիթառահար Օքսը, որը մտադրություն ուներ հեռանալ խմբից ամառային համերգներից հետո։ Երաժիշտը ինքն է ասել, որ իր հեռացումը կապված չէ խմբում եղած վեճերի հետ, և դրա պատճառը «երաժշտության մեջ ուրիշ բաներ անելու» ցանկությունն էր[17]։

Հագուստները և դիմակները խմբի գլխավոր առանձնահատկություներն են։ Դրանք պատրաստված են լատեքսից և ներկված են Միստր Լորդիի ձեռքերով։ Ամեն համերգից առաջ երաժիշտները ժամից ավելի դիմահարդարվում են։ Երաժիշտների կողմից ստեղծված յուրաքանչյուր կերպար յուրահատուկ է։ Կազմի փոփոխության դեպքում նոր մասնակիցը չի հետևում հին ոճին, այլ ստանում է նոր կերպար և նոր դիմակ։ Բացի այդ՝ նոր ալբոմը թողարկելու կապակցությամբ խմբի անդամները միշտ թարմացնում են հագուստների ձևավորումը։ Lordi-ի իմիջի աղբյուրներն են ամերիկյան գլեմ-մետալ տարբեր խմբեր, ինչպես՝ Kiss, Alice Cooper, Twisted Sister և այլն։ Միևնույն ժամանակ ամերիկյան տրեշ-մետալ GWAR խումբը բացահայտ մրցակցում է Lordi-ի հետ։ Նրանց ֆրոնտմեն Օդերուս Ուրունգուսը հաճախ անվանել է Lordi-ին «GWAR-ի մանկական տարբերակ»։

Խմբի համերգները ուղեկցվել են պայծառ պիրոտեխնիկական շոուներով և թատերական տարբեր տարրերով։ Ելույթների ժամանակ մասնակիցները հանդես են եկել էլեկտրասղոցներով, թրերով, կմախքով, բեմում հայտվել են զոմբիներ, հրեշներ։ «Devil Is a Loser»-ի կատարման ժամանակ (ինչպես նաև «Եվրատեսիլի» «Hard Rock Hallelujah» ելույթի ժամանակ) Միստր Լորդիի մեջքին «աճել են» մեծ թևեր։ Նրա անբաժանելի բաղադրիչն է եղել նաև երկգլխանի կացինը։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lordi-ի երաժշտությունը հիմնականում դասական հևի մետալի տարրերով ծանր ռոք է։ Քանի որ խումբը համադրում է ծանր երաժշտություն, դիմակներ և սարսափ ոճի հագուստներ, այդ իսկ պատճառով խմբի ժանրը կարելի է անվանել շոկ ռոք, չնայած դա երաժշտական ուղղություն չէ։ Երաժշտակական առումով խումբը հիշեցնում է Kiss, Twisted Sister, Accept և U.D.O․ խմբերի հնչողությունը։

Առանց դիմակների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ելույթների, հարցազրույցների և հեռուստաշոուների ժամանակ հայտնվում էր բացառապես բեմական ոճով։ Այնուամենայնիվ, 2006 թվականի մայիսի 22-ին գերմանական Bild թերթին հաջողվել է ձեռք բերել արտիստների մի քանի ոչ մեծ նկարներ։ Նույն օրը անգլիական «Daily Mail»-ը հրապարակել է այն կարծիքը, որ հրեշների դիմակներով թաքնվում է Children of Bodom խումբը[18]։ Հոդվածի հեղինակների մոտ այդ միտքը ծագել էր այն բանից, որ նախկինում Lordi-ի նախկին անդամ Էնարին առաջ հանդես էր եկել այդ խմբում։ Սակայն երկու խմբերն էլ հայտարարել են, որ այս խմբերը տարբեր են, և հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը[19]։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում հաճախ անցկացվել են Lordi-ին նվիրված տարբեր ցուցադրություններ։

Առաջին ցուցադրությունը եղել է 2011 թվականի աշնանը Հելսինկիում, այնտեղ կարելի էր տեսնել Միստր Լորդիի ստեղծած գեղարվեստական աշխատանքներ։ Լորդիի նկարների ցուցադրությունը անցկացվել է մի քանի անգամ, Հելսինկիում և Ռովանիեմիում։

2014 թվականի հունիսի 28-29-ին ֆիննական Սավոլիննա քաղաքում անցկացվել է նոր ցուցադրություն «The Other Side of Lordi — Toinen totuus» անվամբ։ Այնտեղ կարելի էր տեսնել խմբի 2004-2010 թվականների կոստյումները, նախկին համերգների դեկորացիաներ և այլն։ Ցուցահանդես այցելել են նաև երաժիշտները՝ վոկալիստ Լորդին և կիթառահար Ամենը։

2016 թվականի հունիսի 3-ից մինչև ապրիլի 30-ը Ֆինլանդիայի Կեմի քաղաքում անցկացվել է «Lordi Smash 2016» անվամբ ցուցադրություն։ Այնտեղ այցելողները կարող էին դիտելնկարները ստուդիական ալբոմների պաստառները, Միստր Լորդիի (2004), Ամենայի (2004), Օքսի (2006), Ավայի (2007) և Օտուսի (2011) հագուստի պարագաները, որոնք կապված էին Եվրատեսիլ երգի մրցույթի, Լորդի կոմիքսները և Lordi-ի ոճով բացառիկ մոփեդը։

Խմբի գոյության երկար տարիների ընթացքում Lordi-ի կազմն անընդհատ փոխվել է։ Միակ անփոփոխ անդամը եղել է վոկալիստ Միստր Լորդին։

Ընթացիկ կազմ
  • Mr. Lordi՝ հիմնական վոկալ (1992—մեր օրեր), հարվածային գործիքներ(1992—2000), կիթառ, բաս կիթառ (1992—1996)
  • Amen՝ կիթառ (1996—մեր օրեր)
  • OX՝ բաս կիթառ (2005—մեր օրեր)
  • Mana՝ հարվածային գործիքներ(2012—մեր օրեր)
  • Hella՝ ստեղնաշարային գործիքներ (2012—մեր օրեր)
Նախկին անդամներ
  • G-Stealer՝ բաս կիթառ (1996—1999)
  • Enary՝ ստեղնաշարային(1997—2005)
  • Magnum՝ բաս կիթառ (1999—2002)
  • Kita՝ հարվածային, վոկալ (2000—2010)
  • Kalma՝ բաս կիթառа (2002—2005)
  • Awa՝ ստեղնաշարային(2005—2012)
  • Otus՝ հարվածային(2010—2012, մահացել է 2012)

Փուլային անդամներ

  • The Drummer՝ հարվածային(2012), երեք համերգ
  • Nalle՝ ստեղնաշարային(2015), երկու համերգ

Կազմն ըստ տարիների

[խմբագրել | խմբագրել կոդը]
1992—1996 1996—1997 1997—1999 1999—2000
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ, կիթառ, բաս կիթառ, հարվածային
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ, հարվածային
  • Amen՝ կիթառ
  • G-Stealer՝ բաս կիթառ
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ, հարվածային
  • Amen՝ կիթառ
  • G-Stealer՝ բաս կիթառ
  • Enary՝ ստեղնաշարային
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ, հնչյունային
  • Amen՝ կիթառ
  • Enary՝ ստեղնաշարային
  • Magnum՝ բաս կիթառ
2000—2002 2002—2005 2005 2005—2010
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • Enary՝ ստեղնաշարային
  • Magnum՝ բաս կիթառ
  • Kita՝ հարվածային
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • Enary՝ ստեղնաշարային
  • Kita՝ հնչյունային
  • Kalma՝ բաս կիթառ
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • Kita՝ հնչյունային
  • Kalma՝ բաս կիթառ
  • Awa՝ ստեղնաշարային
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • Kita՝ հնչյունային
  • Awa՝ ստեղնաշարային
  • OX՝ բաս կիթառ
2010—2012 2012-ներկա
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • Awa՝ ստեղնաշարային
  • OX՝ բաս կիթառհ
  • Otus՝ հնչյունային
  • Mr Lordi՝ հիմնական վոկալ
  • Amen՝ կիթառ
  • OX՝ բաս կիթառ
  • Hella՝ ստեղնաշարային
  • Mana՝ հնչյունայի

Ժամանակային սանդղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մերձավոր ազգակցություն (the Kin) (2004)[20]
  • Մութ հարկեր (անգլ.՝ Dark Floors) (2008)[21]
  • Հրեշը (Monsterman) (2014)[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Petri Ikonen: Lordi: "Scarchives Vol. 1"». Metallimusiikki.net. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. Биография Lordi на сайте Allmusic
  3. История Lordi на Hitkiller.com
  4. [1] Արխիվացված 2013-01-25 Wayback Machine, Bekanntgabe von Kalmas Rücktritt
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  6. «Our drummer Otus, Mr. Tonmi Lillman has passed away». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  7. «Lordi's keyboardist Awa will leave the band». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  8. https://www.facebook.com/LordiOfficial/posts/10154476935925397
  9. https://www.facebook.com/korpiklaani/posts/10152733273300350
  10. «Mr Lordin tiedote faneille Monsterimies-elokuvasta | Lordi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «New album Scare Force One out on October». LORDI Army. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Фронтмен Lordi о будущем альбоме». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  13. LORDI | Official Website
  14. «LORDI Announces New Album Sexorcism For May». Metal Injection. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  15. «LORDI: Lyric Video For New Song 'Your Tongue's Got the Cat'». Blabbermouth. 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Video Premiere: LORDI's 'Naked In My Cellar'». Blabbermouth. 2018 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  17. «LORDI's Longtime Bassist OX To Exit Band After Summer Festivals». Blabbermouth.
  18. «Children Of Bodom Hate Crew - Official Website». Cobhc.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  19. Salonen, Ilpo, «Fury after magazine unmasks Lordi», BBC News
  20. Lordi — The Kin
  21. Lordi — Dark Floors Արխիվացված 2012-10-02 Wayback Machine
  22. A new documentary film about Lordi Արխիվացված 2013-01-21 Wayback Machine. lordi.fi

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորդի» հոդվածին։