Խոսելու գործարաններ
Խոսելու գործարաններ, արտասանական օրգաններ, արտասանական ապարատ, ֆիզիոլոգիական տարբեր գործառություններ ունեցող օրգաններ, որոնց միջոցով ձևավորվում է նաև հնչյունական խոսքը։
Բաժանվում են երկու մեծ խմբի՝ ղեկավարող և կատարող։
Արտասանական օրգանների ողջ աշխատանքը ղեկավարում է գլխուղեղը՝ զգայական և շարժողական նյարդերի միջոցով։
Կատարող օրգաններն են՝
- թոքերը և շնչափողը
- կոկորդը՝ ձայնալարերով
- խոռոչները (կոկորդի, քթի և բերանի), բերանի խոռոչում են գտնվում արտասանության շարժուն (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք՝ փոքր լեզվակով, ստորին ծնոտ) և ոչ շարժուն (ատամներ, լնդեր, կոշտ քիմք) օրգանները։
Քթի խոռոչը հաղորդակցվում է բերանի խոռոչին և մասնակցում հնչարտաբերությանը քմային վարագույրն իջնելու հետևանքով։ Թոքերում կարգավորվում և բրոնխներով դեպի շնչափողն է ուղղվում օդի հոսքը, որը, անցնելով կոկորդով (խռչակով), ենթարկվում է ձևափոխությունների։ Խռչակում են գտնվում երկու զույգ ծալքերը՝ վերին (կեղծ) և ստորին (իսկական) ձայնալարերը. վերջինների թրթռումներից առաջացած ձայնը նախադրյալներ է ստեղծում ձայնավորների և ձայնեղ բաղաձայնների արտասանության համար։ Այն վերջնականապես ձևավորվում է բերանի խոռոչում՝ շարժուն օրգանների գործողությամբ, որոնք փոխում են բերանային և ռնգային արձագանքարանների ձևերն ու ծավալը։ Եթե ձայնավոր հնչյունների կազմավորման հիմնական աղբյուրը ձայնալարերն են, ապա բաղաձայն հնչյունների կազմավորումը կատարվում է օդի հոսքի ճանապարհին՝ արտասանական ուղու տարբեր տեղերում ստեղծված փակվածքների ու նեղվածքների հետևանքով։
Արտասանական ապարատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ օրգաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասանական ապարատի այն օրգանները, որոնք շարժուն են և ինքնուրույն աշխատանք են կատարում հնչյունների արտաբերման ժամանակ անվանվում են ակտիվ օրգաններ։ Դրանք են՝ ստորին շրթունքը, լեզուն` առաջին, միջին և հետին մասերով ու արմատով, փափուկ քիմքը՝ առաջին և հետին մասերով և լեզվակը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ |