Ծովային տրանսպորտ, տրանսպորտի տեսակ։ Ծովային տրանսպորտի զարգացման պատմությունն սկսվում է մ. թ. ա. VI–IV հազարամյակներից։ Ծովային առաջին նավերը թիավոր էին։ Մ. թ. ա. III հազարամյակում հայտնագործվեց առագաստը, որը երկար ժամանակ նավերի հիմնական շարժասարքն էր։ Շոգեմեքենայի գյուտը հնարավորություն տվեց ստեղծելու մեխանիկական շարժիչով առաջին ինքնագնաց նավերը՝ շոգենավերը։ Հետագայում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, ստեղծվեցին ջերմանավեր (ներքին այրման շարժիչով), ապա՝ ատոմագնացներ։ Արդի ծովային նավերը ինժեներական բարդ կառույցներ են, որոնցից մի քանիսի բեռնատարողությունը հասնում է մոտ 500 հզ. տ, հզորությունը՝ 100 հզ. ձ. ու., ունեն էլեկտրառադիոնավագնացային բարդ սարքավորում, ավտոմատ հսկման և կարգավորման համալիրներ ևն։ Ծովային տրանսպորտ կարևոր դեր է կատարում ներքին և հատկապես արտաքին առևտրական փոխադրումներում։ Նավահանգիստները հագեցվում են փոխաբեռնիչ սարքավորումներով և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համալիր մեքենայացման միջոցներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 137)։