Շիմանովսկին 20-րդ դարի լեհական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծագործության առաջին շրջանում կրել է Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կլոդ Դեբյուսիի և Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշակույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «Ֆոլկլորային» շրջանը (1920-1937) կապված է լեհ․ բանահյուսության ուսումնասիրման և ստեղծագործական վերակերպավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լարային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնամուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մետոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Իգոր Ստրավինսկու, Մորիս Ռավելի մասին հոդվածների հեղինակ է։ Շիմանովսկին հիմք դրեց լեհական ժամանակակից կոմպոզիտորական դպրոցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 497)։